«Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» վճռի կատարողական վարույթը Նախարարների կոմիտեն «դրական զարգացում» է որակել
Հասարակություն
20.06.2025 | 14:08
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտել է ՀՀ-ի դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Այս գործերի թվում է «Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» վճիռը, որտեղ դեռևս 2019 թվականին դատարանն արձանագրել էր կոնվենցիայի խախտում, մասնավորապես՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության առնչությամբ ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասով.
«Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը ևս՝ դրական զարգացում որակելով այդ ուղղությամբ կառավարության կողմից նախաձեռնված ընդհանուր միջոցառումները, ինչպես նաև՝ կառավարության կողմից փոխհատուցման ինստիտուտի կիրառման առնչությամբ ներկայացված ներպետական դատական պրակտիկան»,- նշվում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Առաջին նախագահը ստրասբուրգյան դատարան էր դիմել 2008 թվականի օգոստոսի 30-ին՝ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների և դրան նախորդած օրերի մասով։ Մասնավորապես, Տեր-Պետրոսյանի պնդմամբ՝ խախտվել է խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը, իսկ ինքն այդ առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի ունեցել:
2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո՝ Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։
Փետրվարի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում՝ ստանալով ընդհանուր ձայների մոտ 52%-ը, իսկ դիմումատուն ստացել է ձայների շուրջ 21%-ը։ 2008 թվականի փետրվարի 29-ին դեռևս ընթանում էին թեժ ցույցեր, մինչդեռ ընտրությունների միջազգային բոլոր դիտորդները երկրից հեռացել էին.
«Դիմումատուն պնդել է, որ իշխանությունները դիտավորյալ սպասել են միջազգային դիտորդների հեռանալուն, որպեսզի ապօրինի կերպով ցրեն Ազատության հրապարակում անցկացվող հավաքը: Դիմումատուն նույն օրը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով չեղյալ համարել դրանք»,- նշվում է ՄԻԵԴ դիմումում։
Արդեն դատարանի վճռի մեջ մանրամասներ են ներկայացվում մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Տեր-Պետրոսյանի խոսքով՝ մարտի 1-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ, այդ ժամանակ ինքը քնած է եղել հրապարակում կայանված իր մեքենայում, իսկ ցուցարարների մի մասը՝ վրաններում։ Նրանք սկսել են արթնանալ՝ մոտեցող ոստիկանական ուժերի ձայներից, որոնք սկսել են բարձր աղմուկ բարձրացնել՝ իրենց ռետինե մահակներով հարվածելով իրենց վահաններին, ինչը ցուցարարների շրջանում խուճապ է առաջացրել: Տեր-Պետրոսյանը ցուցարարներին հորդորել է ոստիկաններից հեռու կանգնել և վեճի չբռնվել նրանց հետ, ինչին նրանք «ենթարկվել են».
«Հանկարծ, առանց նախապես զգուշացնելու կամ ցրվելու վերաբերյալ որևէ կարգադրություն անելու, ոստիկանական ուժերը, բարձրաձայն բղավելով, հարձակվել են ցուցարարների վրա, դաժանորեն ծեծել նրանց ռետինե մահակներով և ավերել ճամբարը։ Րոպեների ընթացքում ցուցարարներին դուրս են մղել Ազատության հրապարակից: Նրանք փորձել են փրկել իրենց՝ փախչելով ոստիկանության ծառայողներից, որոնք հետապնդել, դաժանորեն ծեծել և ոտքերով հարվածել են նրանց՝ անկախ նրանց տարիքից և սեռից:
Այդ ընթացքում հարթակում գտնվող դիմումատուին է մոտեցել Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ պետը, որը նաև Հայաստանի նախագահի թիկնազորի պետն էր, և ՊՊԾ այլ ծառայողներ: Նրանք շրջապատել են դիմումատուին և նրա թիկնապահներին և այնուհետև ուժով նրանց տարել հրապարակի կենտրոնական արձաններից մեկի մոտ, որտեղ դիմումատուին հրամայել են նստել միայն ՊՊԾ ծառայողներով շրջապատված նստարանին: Հրապարակը, բոլոր ցուցարարներից ազատելուց հետո, ՊՊԾ պետը մոտեցել է դիմումատուին և հրամայել նրան հեռանալ հրապարակից: Դիմումատուն հրաժարվել է ենթարկվել՝ ասելով, որ ինքը կամովին չի հեռանա հրապարակից, և որ նրանք կարող են իրեն ստիպել անել դա միայն իրեն ձերբակալելու միջոցով: ՊՊԾ պետը դիմումատուին ուժով նստեցրել է մեքենա և նրան տարել Երևանում գտնվող նրա տուն: Այնտեղ հասնելուն պես նրան չեն թույլատրել լքել այն, իսկ տուն տանող ճանապարհներն արգելափակվել են ոստիկանության հատուկ ուժերի, ՊՊԾ ծառայողների, Ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից: Ստեղծվել են ստուգման պահակակետեր, և դեպի նրա տուն ուղղվող և այնտեղից եկող բոլոր ավտոմեքենաները ստուգվել և խուզարկվել են: Ոչ ոք չէր կարող կապ հաստատել դիմումատուի հետ կամ նրա տուն մտնել կամ դուրս գալ առանց հատուկ ուժերի թույլտվության։ Փաստացի, անձը գտնվել է տնային կալանքի տակ, որը շարունակվել է մինչև մարտի 20-ը»,- մանրամասներ են ներկայացվում ՄԻԵԴ դիմումում։
Շուրջ 11 տարի անց ստրասբուրգյան դատարանը հրապարակել էր գործով վճիռը, մասնավորապես արձանագրելով Կոնվենցիայի 11-րդ և 13-րդ հոդվածների խախտում՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի միջամտության և այդ առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ենթադրյալ բացակայության վերաբերյալ։
Այսօր, փաստացի, քննությունն ավարտել է նաև Նախարարների կոմիտեն։ «Տեր-Պետրոսյանն ընդդեմ ՀՀ-ի» դիմումից բացի ավարտվել է նաև «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» խումբ գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթը։ Այս խումբ գործերի շրջանակում, ի թիվս այլնի, Եվրոպական դատարանը արձանագրել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու խախտում:
Ռոզա Վարդանյան