Փաշինյանի աշխատակազմը, խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցմանը շուրջ մեկ ամիս չպատասխանելուց հետո, այն վերահասցեագրել է ԱԳՆ-ին

Լուրեր

12.01.2026 | 17:00
ՀՀ քաղաքացիները 2025-ին ավելի շատ են տուգանվել
12.01.2026 | 16:48
Դատական իշխանության անկախությունը սահմանադրական արժեք է․ Վահագն Խաչատուրյան
12.01.2026 | 16:37
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվելու է 5 տարվա ազատազրկման
12.01.2026 | 16:25
Պարեկները հայտնաբերել են խախտումներ կատարած վարորդներին․ ՆԳՆ
12.01.2026 | 16:16
ՖԱՖ-ն ամփոփել է տարին, Էդուարդ Սպերցյանը մրցանակի է արժանացել
12.01.2026 | 16:03
Կիպրոսում անհետացել է ռուսաստանցի գործարար՝ «Ուրալկալի»-ի նախկին ղեկավարը
12.01.2026 | 15:51
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կմնա կալանքի տակ
12.01.2026 | 15:40
Արդարադատության ոլորտում որոշակի առաջընթաց ունենք․ ԲԴԽ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 15:30
Իրանը հաստատում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ բաց հաղորդակցությունը
12.01.2026 | 15:21
Անթալիա․ Մարիա Ազիզյանը հաղթել է թուրք մրցակցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 15:12
Փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ․ նա ձերբակալվել է․ՔԿԾ
12.01.2026 | 15:06
Ադրբեջանում 6 ամսով կկրճատվի սպաների զինվորական ծառայության ժամկետը խաղաղ պայմաններում
12.01.2026 | 14:54
Ալեքսանդր Օվեչկինը հերթական գոլն է խփել և մոտենում է Ուեյն Գրետցկիի ռեկորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 14:46
Ըստ Իրանի պետական ԶԼՄ-ների՝ քաղաքներում մեծ թվով մարդիկ են հավաքվում իշխանությունների օգտին հանրահավաքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 14:37
Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոց է վաստակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շարունակում է խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հարցերին պատասխանելուց։ Փաստաթղթին առնվող Factor TV-ի հերթական հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմից 30-օրյա ժամկետ են խնդրել, իսկ 30 օրը լրանալուց 5 օր առաջ հարցումը վերահասցեագրել են ՀՀ ԱԳ նախարարությանը։

Հիշեցնենք, որ մարտին 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ապա՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 14-ին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային պայմանագիրը պայմանավորվող կողմերի միջև փոխհամաձայնեցնելու փուլին նախորդում են ներպետական համաձայնեցման ընթացակարգեր։

Մասնավորապես՝ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ՝

«Միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը և կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին»:

Նույն օրենքի 5-րդ մասով սահմանվում է միջազգային պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման ընթացակարգը։

Օրենքի 2-րդ հոդվածով՝ ներպետական համաձայնեցման ընթացակարգը բացատրվում է որպես միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված, այսինքն՝ դրան նախորդող գործընթաց։

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Միջազգային պայմանագրի կնքման առաջարկության կապակցությամբ վարչապետի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում, իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն և օտար լեզուներով տեքստը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, Ֆինանսների նախարարության և շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում»:

5-րդ հոդվածով սահմանվում է նաև, թե նախարարություններից յուրաքանչյուրն ինչ հարցերի վերաբերյալ պետք է եզրակացություն ներկայացնի։ Մասնավորապես, Արդարադատության նախարարությունը տրամադրում է եզրակացություն՝ միջազգային պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին:

Ֆինանսների նախարարությունը տրամադրում է եզրակացություն՝ միջազգային պայմանագրի նախագծում, Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների և տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին։

Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է եզրակացություն միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման և կասեցման առնչությամբ։

Մինչդեռ, Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները հայտնել են, որ նախագիծն իրենց չի ներկայացվել՝ եզրակացության համար։ Այդ դեպքում ինչպե՞ս է պայմանագրի նախագիծը համաձայնեցված, երբ չի անցել ներպետական համաձայնեցման պարտադիր ընթացակարգերով։

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի կարգավորումները հաշվի առնելով՝ Factor TV-ն արդեն երկու ամիս է՝ հարցումներ է ուղարկում վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն, փորձելով պարզել՝ արդյո՞ք պայմանագիրը, որը, ըստ պաշտոնական հայտարարություների, արդեն անցել է փոխհամաձայնեցման փուլն ու պատրաստ է հաջորդ փուլին՝ ստորագրմանը, անցել է ներպետական համաձայնեցման վերը նշված ընթացակարգերով։

Առաջին հարցմամբ, որն ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ, խնդրել ենք հայտնել՝ արդյո՞ք նախարարությունները տվել են իրենց իրավասությանը վերապահված եզրակացությունները։

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, թե հարցումը վերահասցեագրել են ԱԳՆ-ին, իսկ ԱԳՆ-ն, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտմամբ, պատասխանել է, թե նախագիծը կանցնի ներպետական ընթացակարգերով։

Երկրորդ հարցմամբ, որն ուղարկել ենք մայիսի 14-ին՝ հղում կատարելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածի կարգավորումներին, խնդրել ենք հայտնել հետևյալը․

1․Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առաջարկությունը վարչապետին ո՞ր իրավասու մարմինը և ե՞րբ է ներկայացրել։

2․Եթե իրավասու մարմինը հանդիսանում է Արտաքին գործերի նախարարությունը, ապա առաջարկության հետ մեկտեղ ներկայացվե՞լ է ԱԳՆ-ի եզրակացությունը՝ Խաղաղության պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, ինչպես նախատեսված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով։

3․Խնդրել ենք տրամադրել ԱԳՆ-ի եզրակացությունը։

4․Խնդրել ենք հստակեցնել՝ երբ վարչապետը 2025 թվականի մարտի 14-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման, արդյո՞ք դա նշանակում է, որ հայտարարությունն անելու պահի դրությամբ՝ համաձայնագրի տեքստը փոխհամաձայնեցված էր Ադրբեջանի հետ։

Այսինքն՝ վարչապետին ուղարկված հարցմամբ հայցել ենք տեղեկություններ, որոնց պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք չի պահանջվում․ դրանք նախկինում արդեն իսկ կատարված կամ չկատարված գործողությունների վերաբերյալ հայցվող տեղեկություններ են, սակայն վարչապետի աշխատակազմից հայտնել, են, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ։ 30 օրը լրանալուց 5 օր առաջ՝ հունիսի 9-ին, գրություն են ուղարկել այն մասին, որ հարցումը վերահասցեագրել են Արտաքին գործերի նախարարությանը։

Մայիսի 14-ին հարցում ենք ուղարկել նաև Արտաքին գործերի նախարարություն՝ հայցելով հետևյալ հարցերի պատասխանները․

1․Մայիսի 13-ին ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ ստորագրման, նշանակո՞ւմ է, արդյոք, որ հայտարարությունն անելու պահի դրությամբ՝ համաձայնագրի տեքստը «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի իմաստով  փոխհամաձայնեցված էր Ադրբեջանի հետ։

2․Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման առաջարկությունը վարչապետին ներկայացնող իրավասու մարմինն արդյո՞ք Արտաքին գործերի նախարարությունն է։ 

3․Եթե իրավասու մարմինն Արտաքին գործերի նախարարությունն է, ապա խնդրել ենք հայտնել, թե ե՞րբ է վարչապետին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացվել, առաջարկության հետ մեկտեղ ներկայացվե՞լ է ԱԳՆ-ի եզրակացությունը՝ խաղաղության համաձայնագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին, ինչպես նախատեսված է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով։

4․Խնդրել ենք տրամադրել ԱԳՆ-ի՝ վերը նշված եզրակացությունը։

5․Միևնույն ժամանակ, հիշեցրել ենք, որ Factor TV-ին ուղարկված գրությամբ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը պատշաճ ժամկետում կանցնի ներպետական ընթացակարգերով։ Խնդրել ենք հայտնել, թե ի՞նչ նկատի ունի ԱԳՆ-ն  «ներպետական ընթացակարգ» և ի՞նչ՝ «պատշաճ ժամկետ» ասելով, ո՞րն է պատշաճ ժամկետը։

6․Նշել ենք նաև, որ Factor TV-ն, հղում անելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին, ԱԳՆ-ից խնդրել էր տեղեկություններ տրամադրել՝ արդյո՞ք նախագիծն անցել է ներպետական համաձայնեցման ընթացակարգերով, ինչը նշանակում է իրավասու մարմնի կողմից միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված՝ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի իրականացում՝ 15-օրյա ժամկետում, եթե այլ ժամկետ սահմանված չէ։ Ուստի, ևս մեկ անգամ խնդրել ենք հայտնել՝ արդյո՞ք նախագծի վերաբերյալ Արտաքին գործերի, Ֆինանսների, Արդարադատության նախարարությունները տվել են 5-րդ հոդվածով սահմանված եզրակացությունները։ 

7.Բացասական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել՝ արդյո՞ք սահմանվե՞լ է այլ ժամկետ, ինչպես նաև նշել, թե ինչ ժամկետ է սահմանվել։

ԱԳՆ-ից առ այսօր չեն պատասխանել հարցմանը, ինչպես նաև 5-օրյա ժամկետում տեղյակ չեն պահել, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել, ըստ այդմ՝ լրացուցիչ ժամանակ է պահանջվում։

 

Արաքս Մամուլյան