ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին. Վրաստանի պետանվտանգության ծառայության արձագանքը
Քաղաքականություն
07.05.2025 | 21:51
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան նախազգուշացման կապակցությամբ։ Հայտարարության համաձայն՝ Պետական անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության ուղղությամբ։
Նշվում է, որ քաղաքացիների անվտանգությունը ծառայության գլխավոր առաջնահերթությունն է, և իր լիազորությունների շրջանակում ծառայությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները։
«Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին՝ հարգանքով վերաբերվել անվտանգության համար պատասխանատու ծառայությունների գործունեությունը, ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան մարմինների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց»,- ասվում է վրացական իրավապահ կառույցի հայտարարության մեջ։
Այսօր ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով իր քաղաքացիներին, որ դեսպանատունը տեղեկացել է Թբիլիսիի երեք առևտրի կենտրոններում ռումբի պայթյունի սպառնալիքի մասին։
Դեսպանատան հայտարարության համաձայն՝ խոսքը հետևյալ առևտրի կենտրոնների մասին է՝ East Point առևտրի կենտրոնը, Galleria Tbilisi-ն (Ռուսթավելի պողոտայում) և Tbilisi առևտրի կենտրոնը:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի