Սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը. Միրզոյանի ելույթը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում:

«Հարգարժա՛ն նախագահող,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ դիտորդ պետության կարգավիճակով։ Որպես եզակի հարթակ՝ Զինաթափման համաժողովը վճռորոշ դեր է խաղում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։ Ստեղծման պահից, անցած ավելի քան չորս տասնամյակների ընթացքում, այն շարունակում է ունենալ նշանակալի, սակայն դեռևս չիրացված ներուժ՝ համաշխարհային զինաթափման և անվտանգային նպատակների առաջմղման գործում։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն հավատարիմ է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, որը հանդիսանում է միջազգային անվտանգության ճարտարապետության առանցքային հիմնասյուներից մեկը։ Միևնույն ժամանակ, միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման համար և շարունակելու է հետևել այս քաղաքականությանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ միջուկային ապահովության և անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ։ Հայաստանն արդեն նախաձեռնել է նոր ատոմակայանի ընտրության և հետագա կառուցման նախնական գործընթացները։ Այս պահին մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) առանձնահատկությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հաստատուն դիրքորոշում է ունեցել, առ այն, որ արդյունավետ գործող սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմն անփոխարինելի նշանակություն ունի միջազգային, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մակարդակներում ռազմական և քաղաքական կայունության ապահովման համար։ Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս համատեքստում մենք նաև դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։

Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։ Մենք հետևել ենք վերջինիս դրույթներին և բարեխղճորեն կատարել մեր պարտավորությունները։ Սակայն, մեր հանձնառությանը հակառակ, իրականությունը տարբերվել է սկզբնական ակնկալիքներից։ Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով, ռեժիմն անկամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինություններըը: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու։

Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս գաղափարին և հանդես գալ սպառազինությունների վերահսկման արդյունավետ ու համապարփակ ռեժիմի ամրապնդման օգտին։ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով՝ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։ Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ։

Տիկնայք և պարոնայք,

Գիտակցելով պետությունների կողմից ռազմական արհեստական բանականության կարողությունների մշակման և զարգացման աճող միտումը՝ ներառյալ ԱԲ-ի ինտեգրումն ինքնավար գործառույթների և համակարգերի աջակցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է, որ ԱԲ-ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների՝ չբացառելով ապագա համապատասխան իրավակարգավորումների հնարավորությունն՝ այդպիսով նվազեցնելով միջազգային իրավունքը խախտելու նպատակով անպատասխանատու դերակատարների կողմից ԱԲ-ի շահագործման ռիսկը։

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է, որ միջազգային իրավունքը, մասնավորապես միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը լիովին կիրառելի է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականություն և ինքնավար տեխնոլոգիաներ ներառող համակարգերի նկատմամբ։ Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Այդպիսի կիրառումը պետք է համահունչ լինի բոլոր համապատասխան միջազգային իրավական կարգավորումներին։

Ավելին, ռազմական արհեստական բանականության պատասխանատու օգտագործման խթանման շրջանակում Հայաստանի Հանրապետությունը զգալի կարևորություն է տալիս ռազմական ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և էթիկական փոխանցմանը։ Սա ենթադրում է, որ առաջատար պետությունները, որոնք զբաղվում են առաջադեմ ռազմական ԱԲ տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինքնավար ռազմական համակարգերի մշակմամբ, պետք է ձեռնպահ մնան այդպիսի փոխանցումների թույլատրությունից, եթե առկա է հավաստի տեղեկատվություն առ այն, որ ընդունող պետությունը նախկինում խախտել է միջազգային իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության և միջազգային անվտանգության ապահովումը համատեղ ջանքեր պահանջող աշխատանք է, որը ծառայում է բոլորի ընդհանուր շահերին և պահանջում է շարունակական նվիրում ու անկեղծ վճռականություն։ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։

Շնորհակալություն,- ասել է Միրզոյանը: