Վտանգավոր և անօրինական. Երևանում 63 բենզալցակայան գործում է առանց թույլտվության․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

19.03.2025 | 23:36
Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը. Միրզոյան
19.03.2025 | 23:14
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.03.2025 | 23:01
Հանցանք կատարած ոստիկանների նկատմամբ պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն. Գեղամ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2025 | 22:44
Այս ազգը նորից կհաղթի Էրդողանին, որը պետությունը հակադրում է ժողովրդին. Թուրքիայի ընդդիմության առաջնորդը՝ ձերբակալությունների մասին
19.03.2025 | 22:29
Զելենսկին մեկնաբանել է Թրամփի հետ կայացած բանակցությունները
19.03.2025 | 22:15
Ինչ պատասխան է տվել ՔԿ-ն Տիգրան Ուլուբաբյանին և նրա պաշտպանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2025 | 22:01
Մենք զիջումներ արել ենք, բայց չեմ կարծում՝ դա աղետ է․ Ադրբեջանը ևս զիջումներ արել է․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2025 | 21:55
Ստորագրվել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլիայի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը
19.03.2025 | 21:45
Ինքնախոստովանություն կորզելու նպատակով է խոշտանգումը տեղի ունեցել. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2025 | 21:40
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 2 օրերին 970 մարդ է զոհվել, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակից
19.03.2025 | 21:28
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է պաշտպանության ոլորտի մի քանի միլիարդանոց ներդրումների փաթեթը
19.03.2025 | 21:17
Ցուցարարները փակել են Քննչական կոմիտե տանող ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2025 | 21:13
Ուոլցը հայտնել է Ուշակովի հետ զրույցի և Սաուդյան Արաբիայում ՌԴ-ԱՄՆ առաջիկա հանդիպման մասին
19.03.2025 | 20:59
Խոշտանգման դեպքերով ՀՀ ՔԿ-ն ցուցաբերում է «թքած ունեմ» վերաբերմունք. Ռոման Երիցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2025 | 20:55
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Բոլորը

Կարո՞ղ է արդյոք պետության մայրաքաղաքում տարիներ շարունակ ծաղկել մի բիզնես, որն անօրինական է, չունի գործունեության թույլտվություն, ավելին՝ վտանգավոր է բնակիչների համար։ Պարզվում է՝ կարող է։ Այդպիսի օրինակ է ահա այս՝ Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանը (իրավաբանական հասցեն՝ Աղբյուր Սերոբի 52/7)։ Եվ սա միակը չէ․ Երևանում ներկայում գործում են բազմաթիվ բենզալցակայաններ, որոնք ի սկզբանե չեն ունեցել գործունեության թույլտվություն, շատերն էլ խախտում են անվտանգության նորմերը և դրանց վերաբերյալ կայացվել է շահագործումը դադարեցնելու որոշում։

Factor TV-ն ուսումնասիրել է՝ որո՞նք են այդ անօրինական բենզալցակայանները, ո՞ւմ են պատկանում, ո՞ւմ շահերն են սպասարկում և ինչպե՞ս են դրանք մինչ օրս հանգիստ աշխատում։ 

Խախտումներ՝ պատասխանատուների «քթի տակ»

«Բնակելի շենքերին մոտ գտնվող բենզալցակայանների կյանքը մեր քաղաքում այլևս չպետք է շարունակվի, որովհետև դա, նախևառաջ, վտանգավոր է, երկրորդը՝ հազար ու մի տեսակի այլ խնդիրներ է առաջացնում»,- 2023 թ-ի հոկտեմբերի 16-ին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ներկայում ՊԵԿ-ում հաշվառված է Երևանում գործող 342 բենզալցակայան: Դրանցից 94-ը գործել կամ գործում է խախտումներով՝ չեն պահպանվում անվտանգության նորմերը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Factor TV-ին հայտնել են, որ 2022-2024 թթ-ին բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ կայացվել է 96 որոշում։ Արդյունքում՝ որոշվել է 42 բենզալցակայանի գործունեությունը դադարեցնել, 28-ն՝ ապամոնտաժել։ Անվտանգության նորմերին չհամապատասխանող այս բենզալցակայաններից 9-ը պատկանում է «Սի փի էս»-ին, 6-ական՝ «Ֆլեշ» և «Կամօյլ»-ընկերություններին, 5-ը՝ «Մեգա Թրեյդ»-ին, 2-ը՝ «Տիտան»-ին։ Մնացածն ավելի փոքր ընկերություններ կամ ԱՁ-ներ են։

Նշենք, որ բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու լիազորությունը մեր երկրում վերապահված է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, ապամոնտաժումն իրականացնում է կա՛մ տնտեսվարողն ինքնակամ, կա՛մ քաղաքապետարանը։

Կան դեպքեր, երբ տեսչական մարմինը նույն բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու մի քանի որոշում է կայացրել, օրինակ՝ Հրաչյա Քոչարի փողոցում գործող «Համ Գրիգ» ընկերությանը պատկանող այս բենզալցակայանի դեպքում՝ 3 անգամ։ Սակայն ընկերությանը հաջողվել է դատական կարգով  բեկանել տեսչական մարմնի 2 որոշումները, և շարունակել աշխատել։ 2 գործով էլ դատարանը գտել է, որ վարչական վարույթը թերի է իրականացվել (լսում չի կազմակերպվել), թեև հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջները պահպանված չեն. հարակից բնակելի շենքից մինչև բենզինի ստորգետնյա տարողություններ 6.5 մ է, իսկ մինչև հարակից դպրոց՝ 14 մետր՝ պահանջվող 25-ի փոխարեն։

Հրաչյա Քոչարի փողոցի բենզալցակայաններից մեկը գործում է 2000 թ-ից ի վեր։ «Համ Գրիգ»-ը ստեղծվել է 2021 թ-ին, սեփականատերն ու տնօրենը Գրիգորի Ղուկասյանն է։ Նա նաև 1993 թ-ին գրանցված «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը նույնպես բենզինի շուկայում է գործունեություն ծավալել (ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է)։

Չի բացառվում, որ «Համ Գրիգ» ընկերությունը շուտով սնանկ ճանաչվի․ նման պահանջով 2024 թ․ դեկտեմբերի 5-ին ՊԵԿ-ն է դիմել դատարան։ Ընկերության պարտավորությունները հասնում են մոտ 20 մլն դրամի (ՍնԴ/4064/04/24)։ 

Բենզալցակայանների «զուռնա-դհոլով» ապամոնտաժումներ կատարվել են հատկապես 2023-ի տարեվերջին՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին հայտնել են, որ 2023-2024 թվականների ընթացքում ապամոնտաժվել է 25 բենզալցակայան, և վստահեցրել՝ գործընթացը շարունակական է: Սակայն 2024 թ-ի հունվարից հետո իրավախախտ բենզալցակայանների մասին քաղաքապետարանում հիշել են խոսքով, բայց՝ ոչ գործով․ անցած 11 ամիսների ընթացքում որևէ բենզալցակայան չի ապամոնտաժվել։

«Առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպիտի աշխատի։ Սա հստակ է, մեր տրամաբանությունից ետքայլ չենք անելու»,- 2024 թ-ի սեպտեմբերին հայտարարել էր քաղաքապետ Տ․Ավինյանը։

Գուցե քաղաքապետին ճի՞շտ չեն զեկուցում կամ «ապամոնտաժում» բառը քաղաքապետարանի պաշտոնյաների պատկերացմամբ երբեմն ա՞յլ նշանակություն ունի․ փաստացի, որոշ բենզալցակայաններ, որ 2023-ին, այսպես ասած, «ապամոնտաժվել» են, դրանից հետո էլ շարունակում են ակտիվ գործել։ Օրինակ՝ Հերացու 2/5 հասցեում գործող բենզալցակայանը, որը պատկանում է CPS-ին։

Ընդ որում՝ այս բենզալցակայանն ի սկզբանե չպետք է աշխատեր․ ըստ քաղաքապետարանի՝  այն չունի հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն։

«Բենզալցակայանների ապամոնտաժման պատմությունն էլ ա հետաքրքիր, որովհետև դրանք էն դեպքերն էին, որ էդ բենզալցակայանի էդտեղ գոյության համար ոչ մի իրավական հիմնավորում չկար, ո՛չ մի թույլտվություն, ո՛չ մի նախագիծ չի եղել, ուղղակի բենզալցակայան ա գոյացել ու էս տարիներին առանց որևէ «օֆ անելու» աշխատել են»,- 2024 թ-ի սեպտեմբերին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրականում առանց «օֆ անելու» և առանց գործունեության թույլտվության մայրաքաղաքում աշխատող բենզալցակայանների թիվը 63 է։ Եվ սա քաջ հայտնի է քաղաքապետարանի պատասխանատուներին, սակայն այս հարցը Տիգրան Ավինյանի վարած նիստերում անգամ չի քննարկվել։ Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին տրամադրել են հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն չունեցող բենզալցակայանների ցանկը։ «Ամենաանօրեն» վարչական շրջանը Էրեբունին է, որտեղ 16 բենզալցակայան չունի գործունեության թույլտվություն։

Ընդգծենք, որ այդ թույլտվությունը տնտեսվարողներին տալիս են տեղական ինքնակառավարման մարմինները։

Այսինքն՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարները 63 բենզալցակայանի չեն տվել գործունեության թույլտվություն, բայց դրանք տարիներ շարունակ բոլորի աչքի առաջ մայրաքաղաքում բենզին են վաճառում։ Այսինքն՝ խախտում են օրենքը՝ նույն պաշտոնյաների գիտությամբ ու թողտվությամբ։

Թե ինչպե՞ս է դա հնարավոր և ի՞նչ է նախաձեռնվել անօրինական գործող այդ բենզալցակայանների մասով, քաղաքապետարանը Factor TV-ի հարցերն անպատասխան է թողել։

Դիտարկենք Սարալանջում՝ Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գործող բենզալցակայանի օրինակը։ Շահագործողը «Սի փի էս էներջի գրուպն» է։ Այն և՛ գործունեության թույլտվություն չունի, և՛ խախտում է անվտանգության նորմերը։ Դրա շահագործումը դադարեցնելու մասին որոշում տեսչական մարմինը (ՏՄ) կայացրել է դեռ 2022 թ-ին։ Սակայն վարչական դատարանը՝ հանձինս դատավոր Գևորգ Սոսյանի, գտել է, թե բենզալցակայանը հրդեհավտանգ չէ, և բեկանել է տեսչական մարմնի որոշումը (ՎԴ/6992/05/22)։ Դատարանը նույնիսկ չի փորձել ստուգել՝ բնակելի շենքերից ի՞նչ հեռավորության վրա են բենզինի պահեստավորման տարաները։ Իսկ դա պարզելը շատ հեշտ է․ համացանցում տեսնում ենք, որ նախքան ՏՄ-ի որոշումը բենզինի տարաները լցակայանի ձախ կողմում են եղել, բնակելի շենքերից հեռավորությունը՝ 6 և 8 մետր է, ՏՄ-ի որոշումից հետո դրանք տեղափոխել են շենքի աջ հատված, բայց միևնույնն է, հեռավորությունը թույլատրելի չի դարձել՝ հարևան բնակելի շենքերից մոտ 11 մետր է հեռու։

2014 թ-ին ընդունված քաղաքաշինության նորմերով սահմանված է, որ հեղուկ վառելիքի ստորգետնյա պահեստարանների հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերի պատերը պետք է լինի նվազագույնը 25 մ։ Այս դեպքում, հիշեցնենք, հեռավորությունը 11 մ է, այսինքն՝ խախտումն ակնհայտ է։

Ավելին՝ այս տարածքում ևս բենզալցակայանի գոյությունն ի սկզբանե թույլատրված չի եղել։ Հողակտորի սեփականատերը CPS ընկերության հիմնադիր ու նախագահ Աշոտ Սալազարյանի կինն ու որդին են, շինության գործառնական նշանակությունը, ըստ կադաստրի տվյալների, առևտրի սրահ է:

Այն, որ այս բենզալցակայանի գործունեությունն անօրինական է և վտանգավոր, քաղաքային իշխանություններին հայտնի է վաղուց․ դա են վկայում 2021 թ-ին բնակիչների բողոքներին քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված պատասխանները։ 

Factor TV-ի հարցապնդմանն ի պատասխան՝ տրամադրել թույլտվության պատճեն, որի հիման վրա Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գործում է բենզալցակայան, Երևանի քաղաքապետարանից միայն 2-րդ հարցումից հետո ի վերջո հայտնել են․ «Նշված հասցեի բենզալցակայանը չունի թույլտվություն»:

Ուշագրավ է, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեր հարցումներից հետո է միայն նախաձեռնել վարչական վարույթ և արձանագրել՝ Աղբյուր Սերոբ 52/7 հասցեի բենզալցակայանի գործառնական նշանակությունը չի համապատասխանում հեղուկ վառելիքի վաճառքի համար։ Առանց համապատասխան թույլտվության բենզին վաճառելու փաստով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և CPS-ը տուգանվել է՝ 500 հազար և 800 հազար դրամի չափով: Ընդամենը։ Բենզալցակայանը շարունակում է աշխատել։

2024 թ-ի սեպտեմբերի կառավարության նիստում Ն․ Փաշինյանն ինքն է ասել․ «Մենք լեգիտիմ ամենաթողության խողովակ ենք, փաստորեն, ստեղծել։ Հա, ինչքան ա տուգանքդ՝ 100 հազար դրա՞մ, ․․․1 մլն դրա՞մ, խնդիր չունես՝ առ»։ ԱԺ ամբիոնից էլ վարչապետը հարցադրում է արել, թե «ի՞նչն է փոխվել»։

Ստացվում է՝ ոչինչ չի փոխվել․ ինչպես նախկինում, գործող իշխանության պնդմամբ՝ «կոռումպացված ռեժիմի» օրոք էին բենզալցակայաններն անօրինական աշխատում, այդպես էլ հիմա՝ օրենքի երկիր կառուցել խոստացած իշխանության օրոք մի քանի տասնյակ բենզալցակայաններ շարունակում են աշխատել՝ խախտելով օրենքը։ Իսկ թե ում են պատկանում օրինախախտ այդ  բենզալցակայանները, ովքեր են Փաշինյանի «Նոր Հայաստանում» օրենքից վեր կանգնածները՝ կներկայացնենք  հաջորդիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան