Ինչ է ենթադրում «Միջուկային 123-րդ համաձայնագրին» Հայաստանի միանալը

Լուրեր

15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Վաշինգտոնում ՀՀ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը սկսում է բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։

«Համաձայնագիրը  կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»,- նշել էր Միրզոյանը։ 

Դեռ նախորդ տարվա օգոստոսին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  արդեն նախկին  տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ խորացնելու միջուկային գործընկերությունը։

Պետդեպարտամենտի խոսնակն էլ «Սիվիլնեթ»-ին տված գրավոր մեկնաբանությունում տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։

 

Ինչ է «123-րդ համաձայնագիր»-ը

 

Էներգետիկ անվտանգության  հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում բացատրում է, որ «123-րդ համաձայնագիրը»  ԱՄՆ ատոմային էներգիայի գործակալության ակտի միայն մեկ  հոդվածն է՝ 123-րդ բաժինը։ Փորձագետի խոսքով՝ երկրում գործող կանոնակարգի համաձայն, որպեսզի օտարերկրյա ներկայացուցիչներին հասանելի լինեն ամերիկյան տեխնոլոգիաների հետ կապված հարցերը, այդ երկիրը պետք է միանա «Միջուկային 123-րդ համաձայնագրին»։  Ավետիսյանի խոսքով, որ սա  հնարավորություն է հայ մասնագետների համար ավելի խոր ուսումնասիրել ամերիկյան խաղաղ քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաները։

«ՀՀ-ն նոր ատոմակայն կառուցելու խնդիր ունի, ԱԷԿ-ի կառուցման համար Հայաստանը քննարկում է ամերիկյան և ռուսական առաջարկները։ ԱՄՆ առաջարկած տարբերակների նախագծային փաստաթղթերին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ էր միանալ համաձայնագրին։ Դրան միանալը ենթադրում է, որ ՀՀ մասնագետները կարող են հասանելիություն ունենալ նախագծերի փաստաթղթերին, որոնք անհրաժեշտ են որոշում կայացնելու համար։ Հասանելիություն ունենալով այդ փաստաթղթերին՝ հայ մասնագետները կարող են ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկած փոքր մոդուլային ատոմակայանի տարբերակները՝ համոզվելու, թե այն պարարամետրերը, որոնք առաջարկում են, իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Էներգետիկ անվտանգության մասնագետի գնահատմամբ՝  «123-րդ համաձայնագրին» միանալով ատոմակայանի կառուցման մասին խոսելը դեռ վաղ է։

«Սա ուղիղ չի նշանակում, որ ՀՀ-ն ընտրելու է ատոմակայան կառուցելու ԱՄՆ-ի առաջարկած տարբերակը։ Եթե մենք գնում ենք այն տարբերակով, որ մեզ մեծ հզորությամբ ատոմակայան պետք չէ, ապա ընտրած տարբերակը նույնիսկ փոքր կայանի դեպքում պետք է լինի այնպիսին, որ  մեր երկրին չկանգնեցնի ատոմակայանի էներգիայից զրկվելու ռիսկի առջև, իսկ այդ ռիսկը ես տեսնում եմ»,- նկատեց մասնագետը՝ շեշտելով, որ  համաձայնագրին միացած բոլոր երկրներում չէ, որ ԱՄՆ-ն  ատոմակայաններ է կառուցել։

Ավետիսյանը նաև նշեց, որ Հայաստանը չպետք է հնարավորությունը բաց թողնի որևէ միջուկային գերտերության հետ համագործակցության ընդլայման նպատակով։

Նշենք, որ Երևանը և Վաշինգտոնը 2022-ին արդեն իսկ ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ըստ Պետդեպարտամենտի՝ դա սահմանում է համագործակցության շրջանակը, սակայն, կանաչ լույս չի վառում միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար, ինչպես «123-րդ համաձայնագիրը»:

Հիշեցնենք, որ 2024 թվականին օգոստոսի 1-ի կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։

Նախորդ տարվա փետրվարի 8-ի կառավարության նիստի ժամանակ  Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ տարեվերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ  նոր ատոմակայանի կառուցման համար մի շարք երկրների առաջարկներ են քննարկվում, այդ թվում` Ռուսաստանի և ԱՄՆ-ի։

Մանյա Պողոսյան