Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն դրամի խախտումներ․ ՊՎԾ
Հասարակություն
16.12.2024 | 18:26Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների, մարզային ենթակայության դպրոցներում աշակերտներին սննդի տրամադրման ընթացակարգերի, հանրակրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքների, մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային փոխհատուցումների, աշխատակազմերի տարեկան աշխատավարձային ֆոնդի, ներկայացուցչական ծախսերի, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև այլ ֆինանսական գործառնությունների իրականացման նկատմամբ, որոնց հետ կապված՝ մարզպետների աշխատակազմերում արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ, ընթացակարգային թերություններ և համակարգային խնդիրներ:
Արդյունքում, մի շարք ծախսերի ուսումնասիրությամբ Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ: Այդ թվում՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով մի շարք առերևույթ չարաշահման փաստեր, համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկներում կիրառված՝ ելակետային տվյալների սխալ ցուցանիշներ, դպրոցական սննդի տրամադրման գործընթացներում կազմակերպչական բնույթի թերություններ, ինչպես նաև պետական միջոցների անարդյունավետ կառավարում՝ մի շարք ուղղություններով:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմիններին դոտացիաների տեսքով պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները նշված ժամանակահատվածում հաշվարկվել են ոչ ճշգրիտ՝ շուրջ 619 մլն ՀՀ դրամով պակաս ելակետային տվյալների հիման վրա։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Կառավարության համապատասխան որոշման խախտման արդյունքում ավել է ֆինսասավորվել շուրջ 191 մլն ՀՀ դրամ։ Ինչպես նաև, կազմակերպչական աշխատանքներում արձանագրվել են թերություններ և մի շարք այլ խախտումներ, որոնց թվում՝ ժամկետանց և անորակ սննդամթերքի մատակարարում և առկայություն պահեստներում, առանց համապատասխան փաստաթղթավորման և ոչ սպանդանոցային ծագման մսամթերքի օգտագործում և այլն։ Ծառայության միջնորդության հիման վրա ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ իր լիազորություններից բխող ստուգողական գործառույթներ են իրականացվել մարզային ենթակայության մի շարք հանրակրթական դպրոցներում, ինչի արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ և տրվել են անորակ և ժամկետանց սննդի ոչնչացման կարգադրագրեր։ Հատկանշական է, որ որոշ կազմակերպություններ, չունենալով բավարար ռեսուրսներ կամ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացրել են մեծածավալ մատակարարումներ մարզային ենթակայության դպրոցներին՝ բազմաթիվ խախտումներով և սահմանված նորմերի շրջանցմամբ։ Բացի դրանից, Կոտայքի մարզի ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացված և ընթացքի մեջ գտնվող մի շարք սուբվենցիոն ծրագրերում արձանագրվել են վերահսկողության լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են պայմանագրային ժամկետների խախտման, շինարարական աշխատանքների որակի էական թերությունների՝ առերևույթ վնաս պատճառելով պետությանը։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների կողմից բավարար վերահսկողություն չի իրականացվել, և փաստացի չկատարված կամ նախագծային շեղումներով իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 238 մլն ՀՀ դրամ։
Լոռու մարզպետի աշխատակազմում արձանագրված խախտումների՝ համայնքներին պետբյուջեից տրամադրված դոտացիաների առերևույթ խախտման ծավալը կազմում է 365 մլն ՀՀ դրամ, իսկ սուբվենցիոն ծրագրերի իրականացման շինարարական աշխատանքներում առերևույթ խախտումների թիվը կազմել է շուրջ 162 մլն ՀՀ դրամ։ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում հայտնաբերվել են մոտ 40 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ են արձանագրվել նաև մարզպետի աշխատակազմում ներքին գործուղումների, աշխատավարձերի հատկացման, սոցիալական փաթեթների և տրանսպորտային փոխհատուցումների փաստաթղթերում։ Պետական ծրագրերով մարզում կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրված մի շարք խախտումներ և թերություններ արդեն իսկ վերացվել են կապալառու կազմակերպությունների կողմից, ինչպես նաև մի շարք փաստացի չկատարված, սակայն դրանց դիմաց փոխհատուցված աշխատանքների իրականացման վերաբերյալ ձեռք են բերվել թերությունների շտկման և միջոցների վերականգնման հստակ պայմանավորվածություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 56 մլն ՀՀ դրամ։
Ուսումնասիրության արդյունքները, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, զեկուցվել են Վարչապետին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ հանձնարարելու համապատասխան գերատեսչություններին և լիազոր մարմիններին ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու, պետությանը պատճառված վնասները վերականգնելու, ինչպես նաև ձեռնարկելու հստակ քայլեր՝ հետագայում նմանօրինակ խախտումները բացառելու նպատակով։
ՀՀ Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված վերահսկողության արդյունքները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։