Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
Հասարակություն
11.12.2024 | 18:15Անկախ դիտորդը հայտարարություն է տարածել ՔՊ-ի կողմից անցկացված նախաքվեարկության դիտորդության վերաբերյալ։
Հայտարարությունը՝ ստորև․
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության դիտարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-10-ը` ներառելով դռնեդուռ այցելություների և արդյունքների հաշվարկի մշտադիտարկումը, ինչպես նաև ՔՊ կուսակցության կողմից ստեղծվող ձևաթղթերի, փաստաթղթերի ուսումնասիրությունը:
Գործընթացի նկարագրություն
- Նախաքվեարկության իրականացման համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ընտրված գործիքակազմը ներառում էր շրջիկ քվեատուփ և թեկնածուների դիմանկարները պարունակող քվեաթերթիկներ, որոնց միջոցով բնակիչները պիտի իրենց քվեն տային առաջադրված թեկնածուներից որևէ մեկին։
- Դիտարկման ողջ ժամանակահատվածում քվեարկության տուփերը եղել են ստորագրված թղթերով կապարակնքված, օգտագործվել են ՔՊ կուսակցության կնիքով կնիքված քվեաթերթիկներ: Միևնույն քվեատուփերը կիրառվել են երեք օրերի ընթացքում, ամեն օրվա վերջում վերադարձվել են կուսակցության գրասենյակ և առերևույթ դրանք չեն բացվել մինչև երրորդ օրվա վերջում տեղի ունեցած հաշվարկը:
- Նախաքվեարկություն/հարցումը կազմակերպվում էր երեք անձից բաղկացած 5 խմբերի կողմից, որոնք վիճակահանությամբ ընտրում էին այն փողոցները, որտեղ իրականացնելու են հարցումը՝ շենքերի ու բնակարանների ընտրանքի հիմքում դնելով դրանց համարները (կենտ շենք, զույգ բնակարան կամ հակառակը)։
- Խմբերի ներկայացուցիչներից մեկը կրում էր տեսախցիկ, որով արձանագրվում է երթուղին, ընտրանքի և ընթացակարգի պահպանումը։ Քաղաքացիներին ներկայացվում է քվեարկության նպատակը և առաջարկվում գաղտնի քվեարկել և քվեաթերթիկն ինքնուրույն գցել արկղի մեջ։
- Այնուամենայնիվ հաշվի առնելով, որ փաստացի տեսագրության և տնայցերի միջոցով հավաքագրվել են բնակիչների անձնական տվյալներ՝ ՔՊ կուսակցությունը պետք է ջանք գործադրի արտահերթ ընտրություններին ընդառաջ այդ տվյաների ոչ բարեխիղճ օգտագործման կասկածները բացառելու համար։
- Նախաքվեարկությունն իրականացնող անձինք կուսակցության այլ համայնքներում բնակվող երիտասարդներ էին, ինչը դրական էր թեկնածուների նկատմամբ չեզոքության տեսանկյունից։
- Ընտրանքի խիստ պահպանման արդյունքում գրանցվում էին բազմաթիվ դեպքեր, երբ նախատեսված բնակարանում չեն բնակվում, իսկ հարևան բնակարանի քվեարկությունը մերժվում էր ընտրանքում չլինելու հիմքով, ինչը բացասաբար էր ազդում պատասխանների քանակի վրա, սակայն առերևույթ վստահություն էր ներշնչում գործընթացի նկատմամբ։
- Ակնհայտ էր, որ բնակիչների քիչ մասն էր միայն տեղեկացված «նախաքվեարկության» մասին, իսկ ոմանց մոտ կար համոզմունք, որ այս տարբերակով Քաղաքացիական պայմանագիրը փաստացի փոխարինում է համայնքի ղեկավարի ընտրությունները՝ իրենց թեկնածուին պարտադրելով։
Արձանագրված խնդիրները
Դիտորդները նախաքվեարկությունն իրականացնող խմբերի հետ այցելել են 647 բնակարան/տուն, որոնցից 173-ի բնակիչները մերժել են նախաքվեարկությանը մասնակցելու առաջարկությունը, իսկ 474-ում, այսինքն 73% դեպքերում մասնակցել են նախաքվեարկությանը: Հարկ է նշել, որ վիճակագրության մեջ չեն ներառվել դեպքերը, երբ թակոցին արձագանք չի եղել, ներառյալ դեպքերը, երբ առերևույթ տանը ներկա բնակիչները պարզապես չեն բացել դուռը, ինչը կարող է շուրջ 10%֊ով նվազեցնել մասնակցության համաձայնության տոկոսը։
- Ընտրանքի պատահականությունը ապահովող պատահական քայլի մեթոդաբանությունը նվազեցնում էր հարցմանը մասնակցողների թիվը և մեղմացվել է առաջին օրվանից հետո։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հրահանգված մեթոդաբանությունից հարցումն իրականացնողների որոշ խմբեր շեղվել են նաև երկրորդ և երրորդ օրերին։ Հարկ է նաև նշել, որ ընտրանքի ձևը մի կողմից չէր ապահովում վիճակագրական առումով Գյումրիի բնակչության աշխարհագրական կամ սեռային, տարիքային ներկայացվածությունը, մյուս կողմից դժվարացնում էր գործընթացը, ճկուն չէր և բացասաբար էր ազդում մասնակիցների թվի վրա։
- Հարցումն իրականացնող խմբերի կողմից հնչեցվող ստանդարտ ողջույնի խոսքը կառուցված էր այնպես, որ առաջին տպավորությամբ բնակիչները իմանում էին, որ ՔՊ կուսակցությունը առաջարկում է իրենց մասնակցել «համայնքի ղեկավարի նախնական քվեարկությանը», ապա նոր տեղեկանում էին, որ «սա վարչապետի կողմից նշանակվող ժամանակավոր պաշտոնակատարի նախաքվեարկությունն է․ ապագայում տեղի են ունենալու մյուս կուսակցությունների մասնակցությամբ ընտրությունները»։ Նման ձևակերպումները կարող են մոլորեցնել որոշ բնակիչներին և ստվերել գալիք արտահերթ ընտրությունների կարևորությունը։
- Հարցումն իրականացնող խմբերը ընդհանուր առմամբ բարեխիղճ են իրականացրել իրենց գործառույթները, ապահովել են քվեաթերթիկը լրացնելու գաղտնիությունը և ընդհանուր առմամբ ապահովել են գործընթացում իրենց անկողմնակալության, ընդհանուր բարեվարքության մթնոլորտը։
- Չնայած ընտրանքի պատահականությունն ապահովելու և Գյումրիի աշխարհագրական ներկայացվածությանն ուղղված որոշ ջանքերի, հարկ է նշել, որ առանձին թաղի ազդեցությունը ընդհանուր արդյունքների վրա եղել է անհամաչափ բարձր՝ հօգուտ նախաքվեարկության արդյունքում առավելագույն քվե ստացած թեկնածուի։ Ավելին, այդ տարածքում դիտարկվել են կրկնվող դեպքեր, երբ ընտրանքով նախատեսվող հասցեներում՝ տան դիմաց կային նախապես սպասող քաղաքացիներ, որոնք ձգտում էին քվեարկել տնից դուրս, մեքենայում կամ այլկերպ նվազ հավաստի էին դարձնում իրենց՝ այդ հասցեում գրանցված լինելու, այսինքն ըստ ընտրանքի նախաքվեարկությանը մասնակցելու նախատեսված լինելու փաստը։ Մյուս տարածքներում դիտորդների կողմից նման դեպքերի այդպիսի քանակ չի նկատվել։
Մասնակցության այսպիսի անոմալիայի հետ կապված վիճակագրությունը նման է ընտրություններում՝ որպես վտանգավոր անոմալիա արձանագրվող իրավիճակին, երբ մասնակցության աճին զուգահեռ արձանագրվում է որևէ թեկնածուի օգտին քվեների կտրուկ աճ։ Հաշվի առնելով համեմատվող «ընտրական տարածքների» քիչ լինելը և համապատասխանաբար վիճակագրական գործիքների լիարժեք կիրառության անհնարինությունը՝ բարդ է խոսել իսկապես հիմնավորված վիճակագրական անոմալիայի և արդյունքների վրա ոչ բարեխիղճ ազդեցության մասին։ Միաժամանակ, տվյալները բավարար են պնդելու, որ ՔՊ կուսակցության կողմից կազմակերպված նախաքվեարկությունը հաղթած թեկնածուն այդ արդյունքն առավելապես գրանցել է աշխարհագրական մեկ միավորից քվեներ ստանալով»։
Տարածք 1 | Տարածք 2 | Տարածք 3 | Տարածք 4 | Տարածք 5 | Ընդ․ | |
Անանյան Լևոն | 21 | 15 | 15 | 16 | 24 | 91 |
Առուշանյան Դավիթ | 46 | 44 | 39 | 51 | 40 | 220 |
Արամյան Շավարշ | 20 | 17 | 7 | 33 | 11 | 88 |
Բարսեղյան Էմմա | 40 | 17 | 14 | 27 | 15 | 113 |
Մինասյան Սարիկ | 36 | 28 | 128 | 36 | 25 | 253 |
Մկրտչյան Վահագն | 34 | 20 | 32 | 33 | 19 | 138 |
Սարուխանյան Կարեն | 36 | 16 | 22 | 47 | 22 | 143 |
Ընդամենը վավեր | 233 | 157 | 257 | 243 | 156 | 1046 |
Անվավեր | 13 | 3 | 6 | 7 | 0 | 29 |