Թրամփը մեղադրել է Քամալա Հարիսին՝ Արցախի բռնի տեղահանումը չկանխելու մեջ

Լուրեր

24.10.2024 | 19:23
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել, դրանցից մեկն ընկել է Արփա գետը, կան տուժածներ
24.10.2024 | 19:11
Թուրքիայի ՆԳՆ-ն պարզել է ահաբեկչության մասնակից կնոջ ինքնությունը
24.10.2024 | 19:00
Հաղթանակը գերադասեցինք խաղաղությունից, արդյունքում՝ կորցրինք և՛ հաղթանակը, և՛ խաղաղությունը. Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2024 | 18:47
Վրաստանում խուզարկել են ամերիկյան հետազոտական ինստիտուտի աշխատակիցների տները
24.10.2024 | 18:32
Էրդողանի այցը Կազան ավարտվել է
24.10.2024 | 18:21
Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի
24.10.2024 | 18:10
Իսրայելը հետաձգել է Իրանի վրա հարձակումը՝ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով. Times
24.10.2024 | 18:01
ՀՀ-ից զորքերի դուրսբերման կոչ Բաքվին՝ ԵԽ բանաձևում, Փաշինյան-Ալիև առանձնազրույց Կազանում․ ԼՈՒՐԵՐ
24.10.2024 | 17:55
«ՔՈՉԱՐ 360°» պերֆորմանս․ Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը՝ բազմաժանր նախագծում
24.10.2024 | 17:52
Ադրբեջանցիները սահմանն անցած 14 կովից 12-ը վերադարձրել են․ Խնձորեսկի բնակիչ
24.10.2024 | 17:43
Թուրքիայի բոլոր օդանավակայաններում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է` հնարավոր ահաբեկչությունների պատճառով
24.10.2024 | 17:32
Ոչնչացման ենթակա թաղված հավի միսը հանելու գործով ակտիվ նախաքննություն է իրականացվում․ ՔԿ
24.10.2024 | 17:24
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության վճարման ժամկետը երկարաձգվել է
24.10.2024 | 17:14
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը․ խոսնակը մանրամասներ է հայտնում
24.10.2024 | 17:13
Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Վրաստանի հայերին
Բոլորը

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցության իր մրցակից Քամալա Հարիսին՝ «Արցախից 120 000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքները և բռնի տեղահանումը չկանխարգելելու համար»։

Թրամփը մասնավորապես գրել է․ «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Հատկանշական է, որ Թրամփը օգտագործում է «Արցախ» անվանումը, և ոչ՝ «Լեռնային Ղարաբաղ», որը, սովորաբար, կիրառվում է միջազգային հարթակներում։

Հիշեցնենք, որ երբ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, ԱՄՆ-ում նախագահ էր Դոնալդ Թրամփը։ Նրա ադմինիստրացիան չկարողացավ կանխարգելել կամ կանգնեցնել 44 օր տևած և նոյեմբերի 9-ին ավարտված պատերազմը։ Ավելին՝ հենց ինքը՝ Դոնալդ Թրամփը, 2020-ի հոկտեմբերի 25-ին Նյու Հեմփշիր նահանգում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, խոստացել էր օգնել «կատաղի կռվող հայերին»։

Նա նաև խոսել էր Արցախի հարցը Կոսովոյի օրինակով կարգավորելու իր մտադրությունից, սակայն, նախագահության ո’չ հետագա ամիսներին, ո’չ էլ ավելի վաղ նա այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել։ Թրամփը, մասնավորապես, հայերին խոստացել էր․ «Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոում էի, մենք Օհայոում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, որոնք դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն՝ մահերը, մարտերը (նկատի ունի՝ պատերազմն Արցախում), այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»,- հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

Հայաստանի և Արցախի հայերի թեմայով շաբաթներ առաջ հաղորդագրություն էր տարածել նաև Քամալա Հարիսը։ Նրա շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով էր։ Ամերիկահայ համայնքին հասցեագրված ուղերձում փոխնախագահ Հարիսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ամերիկահայ համայնքին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որը, ըստ նրա, նշվում է այն օրը, «երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ դառնալու համար»:

Բացի այդ, նա նաև նշել է. «Այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և ուղարկվեցին մահվան: Դա մի ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար»,- ընդգծել է փոխնախագահը:

«Ես շարունակում եմ հանձնառու լինել Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Ես կշարունակեմ աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս պայքարել հանուն ազատության և արդարության: Հավատարիմ եմ մնում մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, որոնք ի ցույց են դնում մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասված է փոխնախագահ Քամալա Հարիսի ուղերձում՝ հասցեագրված ամերիկահայ համայնքին՝ Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 5-ին։ Տարբեր հարցումների համաձայն՝ Թրամփի և Հարիսի ընտրվելու շանսերը գրեթե հավասար են։ Թերևս հայկական համայնքին ուղղված այս ուղերձներով թեկնածուները փորձել են ստանալ նաև ԱՄՆ-ում բնակվող հայերի քվեները։

Ռոբերտ Անանյան