Ահազանգել է «Նաիրիտ»-ում պայթյունի վտանգի մասին ու դարձել գործազուրկ. ՄԻԵԴ նոր վճիռն ընդդեմ ՀՀ-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

«Նաիրիտ» գործարանի նախկին ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու 73-ամյա Իշխան Աղաջանյանն օրերս, այսպես ասած, «հաղթել» է Հայաստանին․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել։ Արձանագրվել է, որ խախտվել է 2010 թվականին հարցազրույց տալու պատճառով աշխատանքից ազատված Աղաջանյանի արտահայտվելու ազատության իրավունքը։

2003 թվականից «Նաիրիտ»-ում աշխատող Աղաջանյանը 2010 թվականին հարցազրույց է տվել թերթերից մեկին՝ պատմելով գործարանում «պայթյունավտանգ իրավիճակի մասին»։ «Նաիրիտ»-ում քլորոպրենային կաուչուկի մշակման ժամանակ արտադրվում էր նաև մեկ այլ քիմիական նյութ՝ լաք-էթինոլ։ Այդ ժամանակ, գնորդ չլինելու պատճառով, նյութը մնացել էր պահեստավորված, ինչն էլ, ըստ Աղաջանյանի, պայթյունի պատճառ կարող էր դառնալ ցանկացած պահի։ Գիտաշխատողը խնդրի լուծման տարբերակ էր առաջարկել ղեկավարությանը։

2007 թվականին այս առաջարկը փորձարկվել է, սակայն, ըստ արձանագրության, արդյունքները գոհացուցիչ չեն եղել։ Իշխան Աղաջանյանը բողոքել է ղեկավարությանը, որ փորձը պատշաճ չի իրականացվել, հետևաբար՝ արդյունքները ճշգրիտ չեն եղել: Փորձերը շարունակվել են, թեև ընթացքում գիտաշխատողին գործարանի ղեկավար կազմից պարբերաբար ասել են, որ դադարեցնի:

2010 թվականի մարտին Աղաջանյանը ևս մեկ հաղորդում է ներկայացրել ղեկավարությանը՝ նշելով, որ քիմիական թափոնները պատշաճ չեն մշակվում։

Նաիրիտցիների հիշողություններում այդ օրերին դեռ թարմ էին 2006-ի և 2009-ի պայթյունները, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ եղան։ Տեսնելով, որ ղեկավարությունը չի արձագանքում մտահոգություններին, Աղաջանյանն այդ մասին հանրայնացրել է թերթում։

Հոդվածի հրապարակումից մի քանի շաբաթ անց՝ 2010-ի մայիսին, «Նաիրիտ» գործարանի տնօրենն առանց նախազգուշացման Աղաջանյանին ազատել է աշխատանքից:

Աղաջանյանը համոզված է՝ հենց խնդիրների բարձրաձայնումն է եղել իր ազատման պատճառը։ Գործարանի տնօրենի որոշումը գիտաշխատողը բողոքարկել է ներպետական ատյաններում, սակայն որևէ արդյունքի չի հասել և դիմել է Մարդու իրավուքների եվրոպական դատարան։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, շուրջ մեկ տասնամյակ գործը քննելուց հետո, արձանագրել է՝ ո՛չ Աղաջանյանի ազատման հրամանում, ո՛չ էլ ներպետական դատարանների վճիռներում նշված չէ, թե թերթում հրապարակված հայտարարություններից որո՞նք են անճշտություն կամ զրպարտություն: Ավելին, դատարանները երբեք չեն վերլուծել Աղաջանյանի փաստարկները վերադասների հետ իր մտահոգությունները բարձրաձայնելու բազմաթիվ փորձերի վերաբերյալ:

Աշխատանքից անարդար ձևով ազատված Իշխան Աղաջանյանի համար 14 տարի անց «արդարության ձայնը լսելը» բավական ուրախալի է եղել։

Բացի արտահայտվելու ազատության իրավունքի խախտումն արձանագրելուց՝ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է Իշխան Աղաջանյանին 6100 եվրո փոխհատուցում տրամադրել։ Գիտնականին, սակայն, սա չի ուրախացնում, ասում է՝ «աշխատանքս լիներ, իմ գործն անեի»։ Աղաջանյանի հարցազրույցից և աշխատանքից ազատվելուց 7 տարի անց՝ 2017-ին, «Նաիրիտ»-ում ևս մեկ պայթյուն և խոշոր հրդեհ գրանցվեց, այրվեց պահուստավորված լաք-էթինոլի զգալի քանակություն, ինչի վտանգի մասին ահազանգել էր նախկին ավագ գիտաշխատողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան