147 միլիարդ դրամի հետքերով․ որ ընկերություններին են տրվել արտոնություններ և ինչի դիմաց․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

21.11.2024 | 17:00
Մոսկվայի քաղաքապետարանն՝ ընդդեմ Լևոն Քոչարյանի․ Արբիտրաժային դատարանը սնանկության գործ է քննում
21.11.2024 | 16:52
ՌԴ-ից արձակված միջամայրցամաքային բալիստիկ հրթիռը միջուկային լիցք չի կրել․ AFP
21.11.2024 | 16:40
14 ուսուցիչ այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 14:50
Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին
Բոլորը

147 մլրդ դրամ․ սա այն գումարն է, որ վերջին շուրջ 3,5 տարվա ընթացքում չի մտել Հայաստանի պետական բյուջե։ Սա այն գումարն է, որ տնտեսվարողներն իրենց բիզնեսի զարգացման համար սարքավորումներ և հումք ներկրելու ժամանակ պետք է վճարեին որպես մաքսատուրք։ Չեն վճարել, քանի որ Կառավարությունն արտոնել է նրանց ներդրումային ծրագրերը հաստատելիս։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի բյուջեով գիտությանը հատկացվել է ընդամենը 38 մլրդ դրամ՝ շուրջ 4 անգամ պակաս, քան արտոնված 147 միլիարդը։ Ընդ որում, արտոնություն ստացողների մեջ մեծ թիվ են կազմում խոշոր ընկերությունները։

Factor TV-ն ուսումնասիրել է 2021-ից ի վեր արտոնություններ ստացած ընկերությունների ներդրումային ծրագրերը և ուշագրավ փաստեր պարզել։

Արտոնելինչի՞ համար

Կառավարության կողմից բիզնեսին տրամադրվող արտոնությունները պարբերաբար փոփոխվել են։ Այսպես՝ 2017-2021 թվականներին գործել է ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի՝ 3 տարով հետաձգման արտոնություն։ Էկոնոմիկայի նախարարությունից Factor TV-ին հայտնել են, որ այդ 5 տարիների ընթացքում արտոնություն է տրամադրվել 81 ներդրումային ծրագրի։ Սակայն կազմակերպություններից շուրջ 9-ի հետ պայմանագիրը խզվել է ծրագրով նախատեսված պարտավորությունները չիրականացնելու պատճառով։

Կիրառությունից դուրս է եկել նաև արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, հումք և նյութեր ներմուծելու ժամանակ սահմանին ԱԱՀ-ի չվճարման արտոնությունը, քանի որ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները վերադարձվում են և, նախկին եռամսյակային պարբերականության փոխարեն, դա կատարվում է յուրաքանչյուր ամիս։ Հետևաբար՝ առանձին ընկերություններին արտոնություն տրամադրելու գործընթացը կորցրել է արդիականությունը։

Շուրջ 10 տարի՝ 2014 թվականից ի վեր, հարկերից ազատված է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքներում գործող բիզնեսը։

Ներկայում ամբողջ հանրապետության տարածքում, ըստ Էկոնոմիկայի նախարարության, տնտեսվարողներին տրամադրվում է 1 տեսակի արտոնություն՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում սարքավորումներ ու դրանց մասեր ներմուծելիս տնտեսվարողն ազատում է մաքսատուրքից մինչև 5 տարի ժամկետով։ Կառավարությունը գերակա է սահմանել 6 ոլորտներ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, տրանսպորտ և տեղեկատվություն, էներգետիկա, առողջապահություն։

Այս կարգը գործում է 2017 թվականից։ 2024-ի օգոստոսի 1-ի դրությամբ՝ անցած 7,5 տարում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհվել շուրջ 400 ներդրումային ծրագրի։

Որոշ ընկերություններ այս տարիների ընթացքում բազմիցս են նման արտոնություն ստացել։ Ընդ որում՝ մաքսատուրքի վճարումից ազատման արտոնության պարագայում նախարարության և արտոնություն ստացածների միջև պայմանագրի կնքում, հետևաբար՝ նաև խզում, նախատեսված չէ։ Այսինքն՝ ծրագրային ցուցանիշների շեղումների դեպքում արտոնության դադարեցում չի լինում։

2021-ից մինչև 2024 թվականի օգոստոս արտոնյալ է դարձել 203 ընկերություն, որոնց խոստացած ընդհանուր ներդրումների ծավալը շուրջ 1 տրլն 554 մլրդ դրամ է։ Սարքավորումների և հումքի ներկրման համար մաքսատուրքի ընդհանուր ծավալը, որ չի վճարվել բյուջե, շուրջ 147 մլրդ դրամ է։ Այս 203 ընկերությունները միասին խոստացել են 3, առավելագույնը՝ 5 տարվա ընթացքում ստեղծել 10,270 աշխատատեղ։

Արդյո՞ք ընկերությունները, ազատվելով մաքսատուրքից, կատարում են իրենց խոստումները, այսինքն՝ ապահովում են ներդրումների հայտարարված ծավալն ու ստեղծում աշխատատեղերը։

«Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է մոնիթորինգ։ Արտոնություն ստացած անձը նախարարություն է ներկայացնում կիսամյակային և տարեկան հաշվետվություններ։ Ընկերություններից որոշների մոտ լինում են նախատեսվածից բացասական շեղումներ, սակայն այդ շեղումները ոչ էական են, և այդ մասով արտոնությունների դադարեցումը, կարծում ենք, նպատակահարմար չէ, քանի որ վերջիններս, գլոբալ առումով, հիմնականում ծրագրի հետագա իրականացման ընթացքում շտկում են դրանք»,- վստահեցրել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում աշխատանքի արտադրողականությունն աճել է 1,5 անգամ, սակայն դա չի օգնել երկրին աշխարհի զարգացումներից հետ չմնալ․ Գլոբալ ինովացիոն ինդեքսի ցուցանիշով Հայաստանը դիրքերը զիջել է 3 հորիզոնականով (132 երկրների ցանկում)՝ 2021 թվականի 69-րդ հորիզոնականից 2023-ի զեկույցում իջնելով 72-րդ հորիզոնական:

Հայաստանում 2023-2024թթ. շուրջ 65 հազար անձ աշխատանք է փնտրում։

Անվերահսկելի արտոնյալները

«Իհարկե, կան առանձին ընկերություններ, որոնց հետ մենք աշխատում ենք, որովհետև դեռ չեն հասել ցուցանիշներին, բայց ընկերությունների մեծ մասը գերազանցում է այդ ցուցանիշները, որոնք հրապարակվում են»,- 2024 թվականի սեպտեմբերի 5-ի Կառավարության նիստում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հայաստանի մասնավոր հատվածում աշխատողների թիվը, 2021 թվականի համեմատ, 2023-ին ավելացել է 67,764-ով՝ դառնալով 528,058։ Թե այս ցուցանիշի մեջ ինչքա՞նն է արտոնություն ստացած ընկերությունների պարտավորվածությունը, նման հաշվարկ չկա։ Factor TV-ն դիտարկել է 2021 և 2022 թվականների ներդրումային ծրագրերը և բացահայտել արտոնություն ստացած ընկերություններ, որոնք ոչ միայն չեն կատարել իրենց խոստումն ու չեն ավելացրել աշխատատեղերը, այլև նվազեցրել են։ Կան նաև ընկերություններ, որոնք խոստացված ցուցանիշից շատ ավելի պակաս աշխատատեղեր են ապահովել։

Արտոնություն ստացածների շարքում աչքի են ընկնում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունները։ Հատկապես ուշագրավ է «Ալեքս Տեքստիլ»-ի դեպքը։ Ընկերությունը 2021-ի հուլիսի 1-ին մաքսատուրքի արտոնություն է ստացել զուգագուլպաների արտադրության նպատակով սարքավորումներ ներկրելու համար։ Խոստացված ներդրումների ծավալը 3,3 մլրդ դրամ էր, ստեղծվելիք նոր աշխատատեղերի քանակը՝ 80, իսկ չվճարվող մաքսատուրքը՝ 106 մլն դրամ։ Ծրագիրը, սակայն, չի իրականացվել, և 2022 թվականի մարտին կառավարությունը չեղարկել է արտոնության տրամադրումը։ Այդ ընթացքում Քննչական կոմիտեն 1,1 մլրդ դրամի հարկեր չվճարելու մեղադրանքներ է ներկայացրել «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարներին, և նրանք վերականգնել են պատճառված վնասը։ 1 տարի անց՝ 2023-ի մարտին, ընկերությունն ավելի ծավալուն ծրագիր է ներկայացրել և նոր արտոնություն ստացել։ Ու թեև ներդրումների ծավալը գրեթե նույնն է՝ 3,2 մլրդ դրամ, բայց խոստացված նոր աշխատատեղերն ավելի են՝ 207, իսկ չվճարվող մաքսատուրքը՝ 173 մլն դրամ: Արտոնության ժամկետը 4 տարի է։ Հիշեցնենք, որ ընկերության սեփականատերերն Ալեքսանյանի կինն ու դուստրն են՝ Շողերինա Մկրտչյանը (բաժնեմասը՝ 11%) և Աստղիկ Ալեքսանյանը (բաժնեմասը՝ 88,9%)։

Ընդ որում, «Ալեքս-տեքստիլը» ևս մեկ խոշոր՝ 1 մլրդ 117 մլն դրամի արտոնություն էր ստացել 2019-ի մայիսին։ Այդ ժամանակ ներդրումային ծրագրով այն պարտավորվել էր ստեղծել 400 աշխատատեղ։ Ծրագրում ժամկետ նշված չէ, սակայն, հիշեցնենք, մաքսատուրքից ազատման արտոնության առավելագույն ժամկետը 5 տարի է։ Եվ եթե 2023-ի ներդրումային ծրագրի արդյունքները վերլուծելու համար դեռ վաղ է, ապա 2019 թվականի ծրագրի դեպքում ճիշտ ժամանակն է։

Factor TV-ն ՊԵԿ-ից պարզել է, որ «Ալեքս տեքստիլ»-ը ոչ միայն չի ավելացրել աշխատատեղերը, այլև զգալի պակասեցրել է․ 2019-ի մայիսին այն ունեցել է 1,070 աշխատակից, 2024-ի օգոստոսին՝ 615 աշխատակից, այսինքն՝ 455-ով պակաս։

Ստացվում է՝ միայն այս դրվագով պետությանը չի վճարվել 1 մլրդ 117 մլն դրամ մաքսատուրքը, խոստացված աշխատատեղերը չեն ստեղծվել, իսկ գործազուրկների թիվը ավելացել է 455-ով։

«Ալեքս Տեքստիլ»-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ստեղծվել են 400 նոր աշխատատեղերը, որի պարտավորությունն ընկերությունը ստանձնել է 2019թ․ մայիսին Կառավարությունից ստացած արտոնության ներդրումային ծրագրով, բացի այդ՝ ինչո՞ւ է ուժը կորցրած ճանաչվել 2021թվականի հուլիսին ընկերությանը տրված մաքսատուրքից ազատման արտոնությունը։ Նաև խնդրել ենք նշել, թե երբ են ստեղծվելու 2023-ի ներդրումային ծրագրով խոստացված 207 նոր աշխատատեղերը։ Ընկերությունից հաստատել են հարցման ստացումը, սակայն այն անպատասխան են թողել։

Ալեքսանյանների հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Դրիմքոմփանի» ՍՊԸ-ն, 2022 թվականի հունվարի 5-ին շուրջ 938 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել՝ խոստանալով ստեղծել 100 աշխատատեղ։ Ծրագրի ավարտը 2024 թվականն է։ Ընկերությունը, ըստ մամուլի, ծխախոտի շուկա մուտք է գործել նույն ոլորտի մեկ այլ՝ «Լեքս տոբակո քոմփանի» ընկերության միջոցով։ Վերջինիս սեփականատերերը Շողերինա Մկրտչյանը (99.959%) և Աստղիկ Ալեքսանյանն են (0.04%)։

«Դրիմքոմփանի»-ն, արտոնություն ստանալուց 2 ամիս առաջ՝ 2021-ի նոյեմբերին, գրանցել է Լևոն Խաչատրյանը և 1 ամիս անց փոխանցել Արմեն Մկրտչյանին։ Խաչատրյանը «Ա և Գ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է։ Սա այն ընկերությունն է, որ տարիներ առաջ կեղծ «Նեմիրոֆ» օղիներ էր արտադրում և իրացնում «Երևան սիթի» խանութների ցանցում։ Կեղծիքը բացահայտել էր ՏՄՊՊՀ-ն և «Ա և Գ»-ին տուգանել 10 մլն դրամով, իսկ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը դիմել էր դատարան՝ «Ալեքս Հոլդինգ», «Ա և Գ» և «Ալեքս Գրիգ» ընկերությունների դեմ, որոնք 3-ն էլ նույն հասցեում էին գրանցված՝ Տիչինայի 3 նրբ․ 2/2 (դատն ավարտվել է հաշտությամբ – հեղ․)։

Խոստացված 100 աշխատատեղի փոխարեն «Դրիմքոմփանի»-ն, ըստ ՊԵԿ-ի, 2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ, ունեցել է միայն 3 աշխատակից։ Ընդ որում՝ այս ընկերությունը թե՛ 2022-ին, թե՛ 2023-ին վնասով է աշխատել։ Այսինքն՝ պետությունը չի ստացել 938 մլն դրամ մաքսատուրքը, իսկ աշխատատեղերը չեն ստեղծվել։

Փորձեցինք պարզաբանում ստանալ «Դրիմքոմփանի»-ից, սակայն համացանցում, պետական ռեգիստրում որևէ կոնտակտ այս ընկերությունից չկա։ Այս հարցում աջակցություն խնդրեցինք նաև «Լեքս տոբակո քոմփանի» ընկերությունից, սակայն ապարդյուն։

Ալեքսանյանների «Լեքս Տոբակո Քոմփանի»-ն իր հերթին 2021 թվականի մարտին, ապա նաև 2023-ի հունիսին Կառավարությունից ստացել է ընդհանուր 2,3 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ծխախոտի արտադրության նպատակով հումք ներմուծելու համար: Ներդրումային ծրագրերով նախատեսվել է ստեղծել 248 նոր աշխատատեղ։ 2021-ի ծրագրի ժամկետ նշված չէ, 2023-ի ծրագրի ժամկետը 3 տարի է։ Թեև այն դեռ չի լրացել, բայց այս ընթացքում ընկերության աշխատակիցների թիվն ավելացել է 140-ով, իսկ ընդհանուր խոստացված ցուցանիշը դեռևս չի ապահովվել։

«Լեքս Տոբակո Քոմփանի»-ից ևս հաստատել են, որ ստացել են Factor TV-ի հարցումը, սակայն այն նույնպես մնացել է անպատասխան։

«Տեքստիլ Հոմ» ՍՊ ընկերությունը 2022-ի մայիսին ստացել է 9 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ հագուստի արտադրության նպատակով հումք ներմուծելու համար։ Գործարարը պարտավորվել է 3 տարում ստեղծել 140 աշխատատեղ։ Ընկերության հիմնադիրը և ղեկավարը Հայկ Հունանյանն է։

ՊԵԿ-ի տվյալներով՝ արտոնությունը ստանալիս «Տեքստիլ Հոմ»-ն ունեցել է 5 աշխատակից, իսկ 2024-ի օգոստոսի դրությամբ՝ 6։ Փաստացի՝ պետությունը չի ստացել 9 մլն դրամ մաքսատուրքը և խոստացված 140 աշխատատեղը։

Հունանյանը Factor TV-ին փոխանցել է, որ հումքը և սարքավորումները ներկրվել են, սակայն արտադրությունը դադարեցվել է, քանի որ արտերկրի իրենց գործընկերը հրաժարվել է պատվերներ տալ։

«Արմենիա Վայն գործարան» ՍՊ ընկերությունը 2022 թվականի սեպտեմբերին Կառավարությունից ստացել է 683 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ ներմուծվող սարքավորումներով ալկոհոլային խմիչքների արտադրության և արտադրամասերի կապիտալ վերնորոգման համար։ Ներդրումային ծրագրով ընկերությունը պարտավորվել է ստեղծել 80 նոր աշխատատեղ։ Ծրագրի ժամկետը 4 տարի է։ Գործարանի հիմնադիր-սեփականատերերը հայր ու որդի Լենդրուշ և Վարդգես Վարդանյաններն են (68,1% և 1,4%), իսկ 2019-ից ընկերության 30,5% բաժնեմասն անցել է Վահագն Մկրտչյանին։ Վերջինը նաև ընկերության տնօրենն է, ԿԳ նախկին  նախարար, Դաշնակցության անդամ Լևոն Մկրտչյանի եղբայրը։ Վարդանյաններ-Մկրտչյան եռյակին է պատկանում նաև «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբը, «Թադեուս» ՍՊԸ-ն,  «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ն, որը բուքմեյքերական «Դիջիթեյն» ընկերությունների խմբի անդամ է (Toto կամ TotoGaming): Ընդ որում՝ Վահագն Մկրտչյանը, ըստ պետռեգիստրի, առնվազն 2023 թվականից Վեստ Ինդիայում գտնվող Անտիգուա և Բարբուդա պետության քաղաքացի է։

«Արմենիա Վայն գործարան»-ը, ՊԵԿ-ի տվյալներով, 2022-ի սեպտեմբերին՝ արտոնությունը ստանալիս, ունեցել է 269 աշխատող, իսկ 2024-ի օգոստոսի դրությամբ՝ միայն 249։

Այսինքն՝ ընկերությունն արտոնությունը ստանալուց 2 տարի անց ոչ միայն նոր աշխատատեղեր չի ստեղծել, այլև 20-ով պակասեցրել է աշխատակիցների թիվը, իսկ պետությունից ստացած մաքսատուրքից ազատման արտոնությունը 683 մլն դրամ է։

Factor TV-ի հարցմանը, թե աշխատատեղերը ե՞րբ են ստեղծվելու, արդյո՞ք կան խնդիրներ ներդրումային ծրագրի հետ կապված, «Արմենիա Վայն գործարան»-ից պատասխանել են, որ ընկերությունն ապահովել է ծրագրով սահմանված միջանկյալ ցուցանիշներ՝ նոր աշխատատեղերի ստեղծման, հիմնական միջոցների և այլ նյութական արժեքների ձեռքբերման առումով։ Նաև հավելել են, որ աշխարհաքաղաքական և տնտեսական ներկայիս անկայուն իրավիճակում ընկերությունը ձգտում է մինչև ծրագրի ժամկետի ավարտն ապահովել ուղենշված ցուցանիշները։

Մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել նաև «Բարի Արև» ընկերությունը։ 2021 թվականի հունիսին այն ստացել է 67 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ սարքավորումներ ներմուծելու և Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում 5 ՄՎտ հզորությամբ 3 արևային կայաններ կառուցելու համար։ Ներդրողները պարտավորվել են ստեղծել 20 աշխատատեղ, սակայն ծրագրում ժամկետ չեն նշել։ «Բարի Արև»-ի 37,5%-ի սեփականատերը Հայկ Հարությունյանն է՝ էներգետիկայի և բնական պաշարների նախկին փոխնախարարը, նախկին ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան։ Ընկերության 12,5% բաժնեմասը պատկանում է Արմեն Ղարիբյանին, իսկ 50%-ը՝ «Սմարթ Սելզ» ընկերությանը, որը 2023 թվականին հիմնադրել է նույն տարում գրանցված «Սոլար Ինդասթրի» ընկերությունը, իսկ դրա հիմնադիրները ռուսաստանյան «ԶՆ Էներգիյա» և «ԶՆ Ռազվիտիյե» ՍՊԸ-ներն են (հասցե՝ Ռուսաստան, Մոսկվա, Մոսկվա, Արմյանսկի նրբ. 9, 1)։ Արտոնություն ստանալիս «Բարի Արև»-ի սեփականատեր է եղել նաև Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը (19%), որն իր մասնաբաժինն օտարել է 2023-ի մայիսին։

Factor TV-ն ՊԵԿ-ից պարզեց, որ արտոնություն ստանալիս ընկերությունն ունեցել է 4 աշխատակից, իսկ ներկայում նրանք 3-ն են։

Ստացվում է՝ նախկին փոխնախարարի ընկերությունը, ազատվելով 67 մլն դրամ մաքսատուրքից, դեռևս չի կատարել աշխատատեղերի ստեղծման մասով ստանձնած պարտավորությունը։ Պարզաբանում ստանալու ակնկալիքով «Բարի Արև»-ի տնօրենին մեր զանգերն ու գրավոր հարցումն անպատասխան են մնացել։

Ավելացնելու փոխարեն աշխատատեղերը կրճատել է նաև «Հրաշք Գրուպ» ՍՊ ընկերությունը։ Այն 2022 թվականի նոյեմբերին ստացել է մոտ 55 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն՝ պարտավորվելով ընկերության աշխատողների թիվն ավելացնել 80-ով։ Ծրագրի ժամկետը 5 տարի է։ «Հրաշք Գրուպ»-ի հիմնադիրը Հայկ Համբարչյանն է, որն Արարատի մարզում կահույք է արտադրում։ Նախկին ու ներկա իշխանավորների հետ նրա անունը չի փոխկապակցվում։ Սակայն նա էլ դեռևս չի կատարել ստանձնած պարտավորությունը․ ըստ ՊԵԿ-ի՝ 2024-ի օգոստոսին այն ունեցել է 47 աշխատող՝ մեկով պակաս, քան 2022 թվականին՝ արտոնությունը ստանալիս։

Factor TV-ն ընկերությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝ ե՞րբ են ստեղծվելու աշխատատեղերը, ի՞նչ խնդիրներ կան։ Սակայն «Հրաշք Գրուպ»-ից այդպես էլ պատասխան չի ստացվել։

Պարտավորություններին հակասող իրավիճակ է նաև «Թերմորեքս» ՓԲ ընկերությունում։ 2022 թվականի դեկտեմբերին այն ստացել է 1,1 մլրդ դրամ ծավալի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ բիմետաղյա ջերմակարգավորիչների ու ջերմաստիճանի սահմանափակիչների արտադրության նպատակով հումք ներմուծելու համար։ Ծրագրով 5 տարում պետք է ստեղծվի 19 աշխատատեղ։ Սակայն, եթե  2022-ի դեկտեմբերին ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, ուներ 305 աշխատակից, ապա 2024-ի օգոստոսին աշխատակիցների թիվը պակասել է 71-ով՝ դառնալով 234։ Ընկերության հավասար համասեփականատերեր են Արմեն Անտոնյանն ու Գևորգ Նալբանդյանը։

Փաստացի, այս ընկերությունն էլ, ազատվելով 1,1 մլրդ դրամ մաքսատուրքից, դեռևս չի կատարել աշխատատեղեր ստեղծելու ստանձնած պարտավորությունը։

Factor TV-ի հարցմանը, թե ե՞րբ են ստեղծվելու խոստացված աշխատատեղերն ու արդյո՞ք կան խնդիրներ պարտավորության կատարման հետ կապված՝ ընկերությունից ընդամենը փոխանցել են՝ «Թերմորեքս» ՓԲԸ-ում, ինչպես նշված ծրագրի գործողության ընթացքում, այնպես էլ առհասարակ, պարբերաբար ստեղծվում են աշխատատեղեր, և ընկերության աշխատակազմը մշտապես որակական և քանակական դինամիկ շարժման մեջ է»։

2022 թվականի հուլիսին 1 մլրդ դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում լեռնադահուկային հանգստավայր կառուցելու նպատակով ապրանքներ ներմուծելու համար։ Ծրագրի իրականացման ժամկետը, ըստ Կառավարության որոշման, 5 տարի է։ Աշխատատեղերի ստեղծման քանակով այս ընկերության պարտավորությունը դիտարկվածների շարքում ամենամեծն է՝ 1500 մշտական և 250 ժամանակավոր աշխատատեղ։ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի հիմնադիրը Տիգրան Հարությունյանն է՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին։

Ուշագրավ է, որ 2024 թվականի օգոստոսի 15-ի Կառավարության նիստում Եղիպատրուշում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի հիմնադրած «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» ՍՊԸ-ին դրա կազմակերպիչ ճանաչելու փաստաթղթերում նշված է, թե ընկերությունը «ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ»:

Մինչդեռ, ինչպես Factor TV-ին հայտնել են ՊԵԿ-ից, 2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերությունում աշխատում է ընդամենը 12 անձ։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ օգոստոսի 19-ին «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ից հայտնել են, թե նախագիծը երկարաժամկետ է, տվյալ պահին «համապատասխան պայմանագրերի ու գործընկերային հիմունքներով «Մայլեռը» ստեղծել է 280 աշխատատեղ»։

Արտոնություն ստացած ընկերությունների չկատարած պարտավորությունների այս թվարկումը կարելի է շարունակել։ Բայց խնդիրն այն է, թե ինչո՞ւ ընկերությունները չեն կատարում իրենց պարտավորությունները և չեն ապահովում խոստացված աշխատատեղերը։

«Հնարավոր է՝ լինեն դեպքեր, երբ չեն ավելացրել, բայց վստահ եմ, որ դա միտում չէ, և վստահ եմ, որ դա մեծամասնություն չէ։ Կարծում եմ՝ շատ մեծ դրական ազդեցություն է թողել մեր տնտեսության վրա և շարունակում է թողնել։ Արտադրողականության բարձրացումը տնտեսության ամենակարևոր ֆունկցիաներից մեկն է, որ մրցակցային է դարձնում տնտեսությունը։ Հատկապես այս իրավիճակում մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է արտադրողականության բարձրացում, որովհետև քանի որ դրամն արժևորվել է, մենք այդքանով ավելի քիչ մրցունակ ենք դարձել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։

Գործատուների հանրապետական միության պատվավոր նախագահ Գագիկ Մակարյանն այլ կարծիք ունի։

«Ներդրողները, որպեսզի սոցիալական բաղադրիչն ուժեղացնեն, և քանի որ Կառավարության համար շատ կարևոր է աշխատատեղերի ստեղծումը, նույնիսկ պահանջում են նշել՝ ինչ կարգի աշխատավարձերով են այդ տեղերը բացվելու, հնարավոր է՝ հաշվարկները մի քիչ մեծացված լինեն։ Չեմ բացառում, որ կարող են լինել ուռճացված թվեր, աշխատատեղերի և աշխատավարձերի մասով, քանի որ իրենք ձգտում են այդ արտոնությունը ստանալ։ Ես կարծում եմ, որ Կառավարությունն իրավունք ունի համոզվելու, որ իր տված արտոնությունը կատարվել է լիարժեքորեն, եթե չի կատարվել, ապա՝ ինչ պատճառով, ներդրումներն են պակասել, աշխատանքների ավտոմատացում է կատարվել և այդքան մարդու կարիք չի ունեցել»,- ասում է նա։

Եթե խոստացված ներդրումները չեն կատարվում կամ խոստացված աշխատատեղերը չեն ստեղծվում, այսինքն՝ պետությանը վնաս է հասցվում, արդյո՞ք տնտեսվարողը ենթարկվում է պատասխանատվության։ Factor TV-ի այս հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները հարկ չեն համարել անդրադառնալ չստեղծված աշխատատեղերի հանգամանքին և միայն նշել են․ «Ներդրումային ծրագրերի համար նախատեսվում է 3-5 տարի իրականացման ժամանակահատված, և նախատեսվող ու փաստացի ցուցանիշների միջև տարբերություն կարող է լինել, քանի որ նախատեսվող ցուցանիշները ծրագրի իրականացման ամբողջ ժամանակաշրջանի համար են։ Ելնելով այն հանգամանքից, որ նախատեսվող ներդրումները ներառում են ներմուծվող սարքավորումների և հումքի արժեքները, ապա դրանք չներմուծելու դեպքում (ներդրումը չիրականացնելու դեպքում) ընկերությունները փաստացի չեն օգտվում տրամադրված արտոնությունից»։

Ստացվում է, որ նախարարությունը չի համարում, թե ներդրումային ծրագրերի չկատարման դեպքում պետությունը վնաս է կրում։ Նման մոտեցման պարագայում զարմանալի չէ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծման պարտավորությունների կատարման վերահսկողական մեխանիզմների բացակայությունը։

Պետական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի կարծիքով՝ բարձիթողի վիճակ է կապված այն հանգամանքի հետ, որ պետական մարմինները մոնիթորինգի չեն ենթարկում արտոնություններ ստացած ծրագրերը։

«Նույնիսկ եթե ներքին ինչ-որ հաշվետվություններ իրենք ստանում են, ապա դրանք չեն հանրայնացվում, դրանց արդյունքներին լայն հասարակությունը չի տեղեկանում։ Հայտնի չէ՝ գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող և մաքսատուրքից ազատված ընկերություններն արդյո՞ք հասել են այն նպատակներին, որ սահմանվել էին ներդրումային ծրագրով, հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Կառավարությունը հասել է իր նպատակներին, որոնք սահմանված են 2021-26թթ․ Կառավարության ծրագրով կամ այլ փաստաթղթերով, այսինքն՝ մենք չգիտենք դրա տնտեսական էֆեկտը։ Կառավարությունն ինքը պետք է մտահոգ լինի իր ծրագրերի իրականացմամբ, և եթե ինչ-որ միջոցառումներ չեն հասնում իրենց սահմանված նպատակներին, ապա դրանք վտանգի տակ են դնում կառավարության ամբողջ ծրագիրը»,- նշում է փորձագետը։

Ահա այսպես՝ մինչ Կառավարությունը կգիտակցի, որ պետք է մտահոգվել, բյուջեն զրկվում է միլիարդներից։ Եվ այդ փողերը, հավելյալ կենսաթոշակ կամ սպառազինություն դառնալու փոխարեն, հաճախ շնորհվում են նախկին ու ներկա իշխանավորների հետ փոխկապակցված ընկերություններին։

Խոստացված, բայց դեռևս չստեղծված աշխատատեղերի հարցը Factor TV-ն կպահի օրակարգում և ապագայում կրկին կանդրադառնա դրան։

Գայանե Խաչատրյան