Վաչագան Ղազարյանի գործով դատավոր Վարդգես Սարգսյանն ինքնաբացարկ է հայտնել

Լուրեր

15.05.2026 | 10:23
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացակատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանն ինքնաբացարկ է հայտնել Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով։ Այն վերամակագրվել է այլ դատավորի՝ Տիգրան Դավթյանին։

Հիշեցնենք, որ դատարան ուղարկված գործը վերաբերում է Իսակովի պողոտայի հողատարածքներն օտարելուն։ Ղազարյանին 2 դրվագ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դրդչության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 2 դրվագ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականցնելու համար։ Գործը վերաբերում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար լինելու տարիներին ՊՆ հաշվեկշռում եղած Իսակովի Պողոտայի հարակից տարածքում գտնվող հողերն օտարելուն։ Սրանք այն հողերն են, որոնք Վաչագան Ղազարյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործի շրջանակներում վերադարձրել է պետությանը։ Չնայած Ղազարյանը այս վարույթի շրջանակներում վերադարձրել է հողակտորները՝ քրեական գործի շրջանակներում իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Քրեական գործն ի սկզբանե դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում էր։ Վերջինս մինչև Հակակոռուպցիոն դատարանի դատավոր լինելը եղել է դատախազ։ Գործով նախնական դատալսումների փուլում Սարգսյանը կողմերին հայտնել է, որ Դատախազությունում աշխատելու ընթացքում Ղազարյանի վերաբերյալ քրեական գործերից մեկով ինքն է եղել հսկող դատախազը, սակայն հետագայում տեղափոխվել է Դատախազության այլ վարչություն ու նույնիսկ տեղյակ չէ, թե, ի վերջո, այդ գործն ինչ ընթացք է ստացել։

Սարգսյանը նույն գործի շրջանակներում մասնակցել է նաև Ղազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դեմ բողոքի քննությանը, որի ժամանակ Վերաքննիչ դատարանը որոշել է Ղազարյանի նկատմամբ գրավ կիրառել։ Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, և Սարգսյանը Վճռաբեկ դատարանում դատախազի ներկայացրած բողոքն է պաշտպանել։ Այս բողոքը բավարարվել է, ու Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կրկին փոխվել է կալանքով։

Այդուհանդերձ, դատավորը դիրքորոշում էր հայտնել, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք չունի և կարող է անաչառ կերպով քննել նրա գործը։ 

Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը, սակայն, հիշեցրել էր, որ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ այն քրեական գործը, որի մասին դատավոր Սարգսյանն է մատնանշում, կարճվել է, ընդ որում՝ այն նույն հիմքով, որը ներկայացված է եղել Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության ժամանակ, ավելին, այդ միջնորդությունն ինքը ներկայացրել էր նաև դատախազ Վարդգես Սարգսյանին ու վերջինս մերժել էր այն։ Բացի այդ՝ Հակոբյանն ընդգծել էր, որ Վճռաբեկ դատարանում Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի որոշման հիմքում դրված նորմերի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցն ինքը վիճարկել է Սահմանադրական դատարանում, և այս դատարանը հաստատել է, որ այդ նորմերին տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն։ Ըստ Մհեր Հակոբյանի՝ այս պայմաններում մարդկանց մոտ կարող է օբյեկտիվորեն կասկած առաջանալ  դատավոր Վարգես Սարգսյանի անկողմնակալության ու անաչառության վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստի ընթացքում արդեն Մհեր Հակոբյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, որը, փաստորեն, բավարարվել է։ Ինքնաբացարկ հայտնելու որոշումը Դատական տեղեկատվական համակարգում  պարտադիր հրապարակման ենթակա որոշում է, սակայն համակարգում արդեն մեկուկես ամիս է՝  խնդիր է առաջացել, որի պատճառով այն թարմացնել չի ստացվում, ուստի՝ որոշումը տեղադրված չէ և մեզ հայտնի չէ դատավոր Սարգսյանի՝ ինքնացարկ հայտնելու որոշման բովանդակությունը։

Դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում քննվող գործով մեղադրյալ է ոչ միայն Վաչագան Ղազարյանը, այլ նաև նույն ժամանակահատվածում Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանը։

Արաքս Մամուլյան