Մինչև 130 հազար դոլար. որքան փոխհատուցում է տվել Փաշինյանի կառավարությունը Կիրանցի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.07.2024 | 19:30Սահմանազատումից հետո Ադրբեջանին է անցել Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հինգ տասնյակից ավելի գույք, Factor TV-ի հետ զրույցում ասում են գյուղի բնակիչները։ Իրենց հաշվարկներով՝ դրանք պատկանել են 30 անձի։ Պնդում են՝ ցանկը Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չի հրապարակում։
Ադրբեջանին անցած անշարժ գույքերի թվում են բնակելի տուն, վագոն-տնակներ, վարելահողեր, տնամերձ հողատարածքներ։
Պետական գաղտնիք է ոչ միայն այս գույքերի հստակ թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը, այլև այն, թե տուն, խանութ, հողատարածք կորցրած բնակիչներին կառավարությունը փոխհատուցումների ինչ առաջարկներ է ներկայացրել և նրանցից քանիսն են վերցրել գումարները։
Հայաստանի կառավարությանն ուղղած Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն և Քաղաքաշինության կոմիտեն համատեղ հայտնել են, որ բնակիչներին տրվող փոխհատուցումների ընդհանուր և անհատական չափը, գույքերի քանակը սահմանված են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ և հրապարակման ենթակա չեն։ Ուշագրավ է, որ Քաղաքաշինության կոմիտեն և ԱԱԾ-ն նմանատիպ հարցման պարագայում տրամադրել են Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի բնակիչներին տրված փոխհատուցումների չափը։
Մինչ իշխանությունը գաղտնի է պահում պետական բյուջեից իրականացված հատկացումների չափը, Կիրանցում բացահայտում են հարևանների ստացած փոխհատուցումների չափը։
Կիրանցի բնակիչ Արմեն Դավթյանի տեղեկություններով՝ 30 հոգուց փոխհատուցում չի ստացել մինչև 10 հոգի։ Նրանց շարքում կան նույն ընտանիքի անդամներ։
Կիրանցում հանդիպեցինք թե՛ փոխհատուցում ստացած, թե՛ փոխհատուցումից հրաժարված բնակիչների հետ։ Երկու կողմն էլ հրաժարվում է բացահայտ ներկայացնել առկա իրավիճակը։ Բնակիչներից մեկն անանուն մնալու պայմանով միայն ասաց, որ կառավարությունից ստացած գումարը կբավարարի նոր տուն և անասնագոմ կառուցելու համար։ Իսկ ահա փոխհատուցումից հրաժարված բնակիչներից մեկը, դարձյալ անանուն մնալու պայմանով, ասաց, թե ստեղծված իրավիճակից հետո, երբ բնակիչները հոգեբանական ծանր իրավիճակում են, կառավարությունն իր հերթին է ճնշում իր պայմաններով։
Factor TV-ին բնակիչներից մեկը տրամադրեց դիմումի օրինակը՝ նշելով՝ վիրավորական է, որ բավական չէ՝ պարտադրված իրենց գույքը հանձնել են Ադրբեջանին, մի բան էլ ստիպված են դիմումի տեքստում մի քանի անգամ «խնդրում եմ» ձևակերպումն օգտագործել, որ իրենց տան համար փոխհատուցում ստանան։ Ըստ բնակիչների՝ սա էլ պատճառներից մեկն է, որ հրաժարվեն փոխհատուցումից։
Բնակիչների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ Տավուշի մարզպետից, որը, ի դեպ, Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի, պարզաբանում ստանալ չհաջողվեց։
Մինչ իշխանությունը պարզաբանումներ չի ներկայացնում, կիրանցեցիները մեկ այլ խնդրի մասին են ահազանգում։ Սահմանազատման գործընթացից հետո զրկվել են մի քանի տասնյակ հեկտարի հասնող իրենց ցանքատարածություններն օգտագործելու հնարավորությունից։ Այս պահին, ըստ նրանց, անորոշ է, թե ինչպես են իրականացնելու բերքահավաքը։
Բնակիչները պնդմամբ՝ այլընտրանք չի առաջարկվում։ Սահմանազատման հարցերով զբաղվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Factor TV-ին առաջարկեցին թեմայի վերաբերյալ հարցերն ուղղել գրավոր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան