Դատավորների շքեղ նվերներն ու կույր վեթինգը․ քանի՞ դատավոր է զրկվել պատմուճանից անօրինական գույքի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 14:50
Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին
21.11.2024 | 14:39
Սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս․ խոզերի ներկրումը կսահմանափակվի
21.11.2024 | 14:28
Որոնք են եղել բրիտանական Storm Shadow հրթիռների թիրախները ՌԴ-ում
21.11.2024 | 14:19
Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել
Բոլորը

Բնակարաններ, առանձնատներ, ոսկյա իրեր, թանկարժեք զարդեր, արժեթղթեր, հողամասեր, փող․․․ Սա Հայաստանում արդարադատություն կերտողների՝ դատավորների և նրանց ընտանիքների անդամների ստացած նվերների մի մասն է։ Ընդ որում, այս թանկարժեք նվերները դատավորները ստացել են իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանում։ 

Factor TV-ն ուսումնասիրել է 185 դատավորների և նրանց ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը, ընտրել առավել ուշագրավներն ու պարզել, թե վեթինգի ենթարկված դատավորներից քանիսի՞ դեպքում են գույքի օրինականությունն ու ստացած թանկարժեք նվերները ճակատագրական եղել նրանց հետագա պաշտոնավարման առումով։ 

2023 թվականի վերջին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ ավետեց՝ վեթինգն 80%-ով իրականացված է։ Հայաստանում ներկայում պաշտոնավարում է 310 դատավոր։ Նրանցից 265-ը նշանակվել կամ առաջխաղացում է ունեցել 2018 թվականից հետո: Մնացած 45 դատավորները շարունակում են աշխատել այնպես, ինչպես աշխատում էին նախկինում։

Նկատենք, որ բարեվարքության ստուգման կամ վեթինգի գործընթացով անցնում են միայն դատավորի թեկնածուների հավակնորդները, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորի թեկնածուները։

Factor TV-ն ԲԴԽ-ից հետաքրքրվեց՝ վեթինգի շրջանակում 2018 թվականի մայիսից հետո նշանակված դատավորները կոնկրետ ի՞նչ ստուգման են ենթարկվել, կա՞ն դատավորներ, որոնց գույքի և եկամուտների օրինականության կասկածի հիմքով է վարույթ հարուցվել, եթե այո, ապա ովքե՞ր են, և յուրաքանչյուրի վարույթն ի՞նչ ավարտ է ունեցել։  

ԲԴԽ-ի պատասխանը խիստ ուշագրավ է և, ըստ էության, հակասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը (2019թ․), թե բազմաթիվ դատավորների արժեքային համակարգն «անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության»։ Պարզվեց՝ մինչ օրս դատավորի գույքի և եկամուտների անօրինականության հիմքով իրականացվել է ընդամենը 1 պաշտոնազրկում։

«2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 01/2021 որոշման հիման վրա միջնորդություն է ներկայացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Ռաֆիկի Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ և Բարձրագույն դատական խորհրդի 27․07․2021թ․ թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշմամբ դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով»։ Այսինքն՝ Խանդանյանը, դատավոր լինելով հանդերձ, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ և այդ պատճառով է զրկվել դատավորի պատմուճանից։

Մնացած դեպքերում նման կտրուկ միջամտություն չի եղել, մասնավորապես, 2021 թվականին միջնորդություններ են ներկայացվել ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանին, Վիգեն Քոչարյանին, ինչպես նաև այդ ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոնք ԲԴԽ որոշումներով կարճվել են, իսկ Վարդազարյանի դեպքում՝ մերժվել։

2022թ․ հուլիսին ԲԴԽ որոշմամբ կարճվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։

«Նայում ես տան չափերը, մեքենաները, որ վարում են դատավորներն ու նրանց ընտանիքի անդամները, որոնց մի մասը երբևէ չի աշխատել։ Պետք է հասկանալ՝ դատավորն ինչքանով է կոռուպցիայի մեջ ներգրավված եղել, իր գույքն ինչի արդյունքում է  ձևավորվել»,- Factor TV-ի հետ զրույցում նշել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հայաստանում վերջին 15 տարում դատավորների աշխատավարձերը մի քանի անգամ՝ 2009, 2013, 2024 թվականներին բարձրացվել են՝ «կաշառքի գայթակղությունից նրանց զերծ պահելու» հիմնավորմամբ։ Բնական է, որ նրանց կյանքի որակն էլ միջինից բարձր է։ Սակայն հայտարարագրերի ուսումնասիրությամբ Factor TV-ին պարզեց, որ դատավորները և նրանց մերձավոր հարազատները ոչ միայն շքեղ գույք ունեն, այլ հաճախ թանկարժեք նվերներ են ստանում։ 

Մեր ուսումնասիրած 185 դատավորներից և ընտանիքի անդամներից 46-ը նրանց պաշտոնավարման շրջանում ստացել է 87 նվեր, այդ թվում՝ 49 անշարժ գույք (բնակարաններ, առանձնատներ, ավտոտնակներ), 22 դեպքում՝ կանխիկ գումար, 8 դեպքում՝ ավտոմեքենա և այլն։ Ընդգծենք, որ սա միայն դատավորների և նրանց կանանց կամ ամուսինների ստացած նվերներն են։ Թե ինչեր են ստանում դատավորների զոքանչները, խնամի-ծանոթ-բարեկամները, հայտնի չէ․ հայտարարագիր պարտավոր է ներկայացնել միայն պաշտոնյայի ընտանիքի անդամը։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ մինչ դատավոր դառնալն այդ անձինք նման նվերներ չեն ստանում․ «Ներառյալ անչափահասների նվերները, զոքանչները, աներձագները, բաջանաղները սկսում են ստանալ նվերներ, որոնք մինչև դատավոր դառնալը չեն ստացել։ Դատավոր դառնալու և նվերներ ստանալու այս տրամաբանական կապը չտեսնելն ուղղակի կուրություն է»։

Factor TV-ն փորձեց անձամբ դատավորներից պարզել նրանց ստացած նվերների ծագումը։ Այսպես․

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը 2015 թվականին, երբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, նվեր է ստացել բնակարան Երևանի Կենտրոնում։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Ղազարյանը պարզաբանել է, որ բնակարանը նվեր է ստացել հարազատ քրոջից՝ Տաթևիկ Ղազարյանից (5 տարի փոքր է եղբորից): 

«Նպատակը կրում է անձնական բնույթ և պարունակում է բանկային գաղտնիք»,- նշել է դատավորը: 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը 2022 թվականին նվեր է ստացել հողամաս Արաբկիրում։ Դրա ծագման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան՝ Թադևոսյանը ոչինչ չի պարզաբանել, միայն նշել է, թե ամբողջ տեղեկատվությունը ներկայացրել է ԿԿՀ։ Ըստ հայտարարագրի՝ նվիրատուն նրա մայրն է՝ Բելա Թադևոսյանը, սակայն հողամասի արժեքը, մակերեսը կամ այլ տվյալներ նշված չեն։ 

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը 2022 թվականին (նույն պաշտոնն է զբաղեցրել) նվեր է ստացել առանձնատուն Երևանում՝ 65 մլն դրամ արժողությամբ։ Նվիրատուն նրա ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանն է, սակայն ուշագրավ է, որ նա էլ իր հերթին է առանձնատունը նվեր ստացել։ Ըստ Հարթենյանի՝ առանձնատունն ամուսնուն նվիրատվություն են արել նրա ծնողները, իսկ իրենք այդտեղ բնակվում են ամուսնությունից ի վեր։ 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը 2003 թվականին Տնտեսական դատարանի դատավոր էր և այդ ժամանակ նվեր է ստացել բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում։ Գաբրիելյանի պարզաբանմամբ՝ Ավանի Դուրյան թաղամասում իր բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել պետության կողմից անհատույց սեփականաշնորհման/նվիրատվության արդյունքում:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը 2017 թվականից ի վեր պաշտոնավարում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, 2021-ի սեպտեմբերին ամուսնու հետ համատեղ նվեր է ստացել 102 քմ մակերեսով այգետնակ Ջրվեժում։ Նրա ամուսինը՝ Արիստակես Բարսեղյանը, Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է։ Նվիրատուն նրանց որդին է՝ Վլադիմիր Բարսեղյանը, որը 2021 թվականին  ընդամենը 21 տարեկան էր։ Վլադիմիրն իր հերթին միայն ամիսներ առաջ՝ 2021-ի մայիսին այդ ամառանոցը, միևնույն ժամանակ, Արաբկիրում 2 բնակարան միանձնյա նվեր էր ստացել Կոնստանդին Աֆրիկյանից։ Վերջինը գործարար է, «ԷԴԵՍՍԱ» ՍՊԸ-ի համահիմնադիրը և 2018 թվականից հետո պետական մեծածավալ պատվերներ է ստանում։ Նրա նվիրած բնակարաններից մեկն արժե 17,9 մլն դրամ, մյուսը՝ 29,7 մլն դրամ, այգետնակը՝ 10,2 մլն դրամ։ Թե ի՞նչ առիթով է գործարարն այդպիսի թանկարժեք նվիրատվություններ արել դատավորի երիտասարդ որդուն, որն էլ իր հերթին այդ նվերները փոխանցել է ծնողներին, հայտնի չէ։ 

Նելլի Բաղդասարյանը մեր հարցմանն ի պատասխան՝ նշել է․ «Այգետնակը ես և ամուսինս նվիրատվության կարգով ստացել ենք մեր որդուց՝ Վլադիմիր Բարսեղյանից՝ դրա կառուցատման համար եկամտահարկի վերադարձով վարկ ստանալու նպատակով: Ինչ վերաբերում է Վլադիմիր Բարսեղյանին պատկանող բնակարանների նվիրատվությանն առնչվող բավարար տեղեկություններին, ապա դրանց կարող եք ծանոթանալ վերջինիս կողմից ներկայացված գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից»: 

Նշենք, որ դատավորներ Բաղդասարյանի և Գաբրիելյանի գույքերը գրավել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը։ 

Հարկ է նկատել, որ 2019 թվականից բավականին բարելավվել է հայտարարագրերում տվյալների հասանելիությունը, և հայտարարատուները պարտավոր են ոչ միայն ներկայացնել տվյալ տարվա ընթացքում իրենց գույքի և եկամուտների փոփոխությունները, ինչպես նախկինում էր, այլև ամբողջ ունեցած-չունեցածը, երբ և ինչպես են դա ձեռք բերել և այլն։ Բայց թե այս բոլոր նվիրատվություններն ի՞նչ առիթով են ստացել դատավորները, դրանք ի՞նչ գին ունեն, հայտարարագրերում այս տվյալները փակ են։ Իսկ մեր հարցումներին դատավորների մի մասը հարկ չի համարել պատասխանել։

Այնուհանդերձ, ներկայացնենք նրանց ստացած նվերների՝ մեզ հասանելի տեղեկատվությունը։

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը 2010 թվականին, երբ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, նվեր է ստացել բնակարան Արաբկիրում։ 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին 2008 թվականին, երբ Երևանի քրեական դատարանի դատավոր էր, նվեր է ստացել միանգամից 2 բնակարան Շենգավիթում։ 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը, որն այդ պաշտոնին է 1999 թվականից, այսինքն՝ վեթինգի չենթարկված 45 դատավորներից մեկն է, 2012-ին նվեր է ստացել հասարակական նշանակության շինություն Թալինում, իսկ նրա կինը՝ Վարդիթեր Էքսուզյանը, 2017-ին նվիրատվություն է ստացել 1,8 մլն դրամ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը 2013 թվականին, երբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, նվեր է ստացել հողամաս Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում և հասարակական նշանակության շինություն Կապանում։ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը 2016 թվականին, երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր էր, նվեր է ստացել առանձնատուն և հողամաս Արարատի մարզի Աբովյան համայնքում, իսկ 2022-ին 10 հազար դոլար նվեր է ստացել Գրիշա Բարիկյանից։ 

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը, 2008 թվականին, երբ նույն դատարանի դատավոր էր, նվեր է ստացել հողամաս Արմավիրի Արշալույս համայնքում։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը 2020 թվականին նվեր է ստացել MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ ՊՊԾ նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ «Կրակեմ Հրաչի» որդին, նույնպես շռայլ նվերներ է ստացել․ Արաբկիրում բնակարան և 2 ավտոտնակ (2006 թ․, աշխատել է Դատախազությունում), Նորք-Մարաշում՝ հողամաս (2012 թ․), Ստեփանավանում՝ առանձնատուն (2015թ․) և դեռևս կադաստրային գրանցում չունեցող շինություն (2007թ․)։ Հարությունյանը ԿԿՀ-ի ուշադրությունը գրաված դատավորներից մեկն է, որի հայտարարագրերում անհամապատասխանություններ են բացահայտվել։ Թե ումի՞ց և ի՞նչ առիթներով է նման նվերներ ստացել, դատավորի հայտարարագրերում տեղեկություններ չկան։ Բայց ԲԴԽ-ն Հարությունյանի լիազորությունները մոտ 1 տարի առաջ դադարեցրել է բոլորովին այլ հիմքով՝ «հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկման» համար։ Իսկ ահա 2024-ի մայիսին Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հարությունյանի իրավունքները խախտվել են և ԲԴԽ որոշումը ենթակա է վերանայման:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծում է դատավորների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ 2020 թվականից մինչ օրս հանձնաժողովն ուսումնասիրել է 237 դատավորների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրեր։ Դրանք սահմանված ժամկետներում չներկայացնելու, թերի կամ խախտումով ներկայացնելու համար հարուցվել է 18 վարույթ, որոնք կա՛մ կարճվել են, կա՛մ դատավորներին բանավոր դիտողություններ են տրվել, կա՛մ առավելագույնը 200 հազար դրամ վարչական տույժ է նշանակվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի վարույթը կարճվել է արարքի նվազ նշանակության հիմքով, ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի դեպքում կարճվել է տույժ նշանակելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը նախազգուշացում է ստացել։

2022 թվականի ընթացքում Հանձնաժողովը 15 վարույթ է հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ, արդյունքում՝

  • 8 անձ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, Վարչական դատարանի դատավորներ Ռաֆիկ Խանդանյանը, Հրաչ Այվազյանը և Ռոբերտ Մաքեյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Դավիթ Սերոբյանը և Գոռ Թորոսյանը, Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բանավոր դիտողություն են ստացել,
  • 4 դեպքում՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը և Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ենթարկվել են վարչական տույժի՝ 200 հազար դրամի չափով,
  • 3 գործերով՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանի, Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի դեպքում, վարույթները կարճվել են՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։

Միայն 13 դատավորի դեպքում է, որ 2022 թվականի հայտարարագրերի վերլուծության արդյունքում վեր են հանվել այնպիսի անհամապատասխանություններ, որոնց արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգելու նպատակով որոշվել է վերլուծել նրանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը՝ համադրելով նախորդ տարիների տվյալները։ Նրանք են՝ Նելլի Բաղդասարյան, Ավագ Գաբրիելյան, Դավիթ Հարությունյան, Գրիգորի Վարդանյան, Արտուշ Գաբրիելյան, Գագիկ Պողոսյան, Վահագն Մելիքյան, Ռուբեն Բունիաթյան, Արթուր Ստեփանյան, Մարինա Տաշչյան, Էդուարդ Ամալյան, Արմենուհի Բադիրյան, Արշակ Պետրոսյան: Ըստ այդմ՝ վերլուծվել է 392 հայտարարագիր, արձանագրված անհամապատասխանությունները ներկայացվել են Հանձնաժողովի քննարկմանը։ Արդյունքում՝ 11 դատավորներից հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ։ Ըստ հանձնաժողովի՝ վերլուծության արդյունքները դեռևս ամփոփման փուլում են։ Թե ե՞րբ կավարտվի այդ ամփոփումը և ե՞րբ կհրապարակվի եզրակացությունը, մոտ ապագայում սպասել պետք չէ։ ԿԿՀ-ն նշում է, որ հայտարարագրերի ուսումնասիրությունների համար օրենքով սահմանված ժամկետի սահմանափակում չկա։ 

2020 թվականից ի վեր ԿԿՀ-ն նաև 121 գործող դատավորի բարեվարքության ուսումնասիրություն է իրականացրել, արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել պաշտոնավարող 3 դատավորների գույքային դրության առնչությամբ հաղորդում, որից 2-ի դեպքում վարույթներ չեն նախաձեռնվել, 1-ի դեպքում նախաձեռնված վարույթը կարճվել է:

Չնայած ԿԿՀ-ի հաղորդումները ՀՀ Գլխավոր դատախազությունում փաստացի անհետևանք են մնացել, Factor TV-ն պարզեց, որ Դատախազությունն իր հերթին է վարույթներ հարուցել և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ներկայացված հայցադիմումներով ներկայում ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է 2 գործ՝ Սամվել Ուզունյանի և Հրայր Թովմասյանի ունեցվածքների վերաբերյալ։

Սամվել Ուզունյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն էր, «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորը։ Նրա և նրան փոխկապակցված անձին՝ կնոջը՝ Ալլա Հարությունյանին պատկանող գույքի վերաբերյալ հայցադիմումով պահանջվում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1 անշարժ գույք՝ Արագածոտնի մարզում, 17,7 մլն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 195,6 մլն դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Հրայր Թովմասյանից, որ ներկայում Սահմանադրական դատարանի գործող դատավոր է, և նրան փոխկապակցված անձից՝ կնոջից՝ Լամարա Խուդավերդյանից, պահանջվում է հօգուտ Հայասստանի բռնագանձել 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում և 1 անշարժ գույք՝ Արարատի մարզում, ընդամենը 221,675 դրամի չափով գումար, որը 2002-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, նաև 142,2 մլն դրամի չափով գումար՝ որպես ապօրինի գույքի վերափոխումից ստացված միջոցներից, ինչպես նաև ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամուտ։

Բացի Հրայր Թովմասյանի ու նրա կնոջ գույքից՝ նաև նրանց զավակներն ունեն արժեքավոր գույք և ոչ միայն։ Օրինակ, նրանց դուստրը՝ Մերի Թովմասյանը, 2021 թվականին 45 հազար դոլար գումար է նվեր ստացել կենսաթոշակառու պապիկից՝ Վարդան Թովմասյանից, որը բնակվում է Մասիսի Դարակերտ համայնքում։ Մերի Թովմասյանը նաև 2016 թվականին է նվեր ստացել՝ ավտոկայանատեղի Կենտրոնում։ Թե ո՞վ է եղել նվիրատուն, հայտարարագրում նշված չէ։

Արդյո՞ք որևէ այլ դատավորի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացվում է, Դատախազությունը չի բացահայտում․ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ստացված տվյալները մինչ դատարան ուղարկվելը գաղտնի են։ 

Ստացվում է, որ 80%-անոց վեթինգը մեծամասամբ շրջանցել ու խորամուխ չի եղել դատավորների ունեցվածքի, ստացած նվիրատվությունների հանգամանքներին։ Այսքանից հետո ակամա մտաբերում ենք Թումանյանի հայտնի ստեղծագործությունը, որտեղ լիճն անջուր էր, սպիտակ բադերից երկուսը սատկած էին, մինն էլ կենդանի չէր, իսկ Հադին, Հյուդին, Չատին ու Մատին թվանք չունեին։

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ անցումային արդարադատության գործիքը թանկ գործիք է․ «Այն չիրականացնելն ինչ-որ գին ունի, չէ՞, ինչ-որ արժեք ունի։ Նրանք, ովքեր հետաքրքրված են, որ այդ պրոցեսը տեղի չունենա, ունեն կարողություններ, նվեր ստացած տներ, փոխառություններ, մեքենաներ, կապեր, և ես հարց եմ տալիս՝ կարո՞ղ էր դա շատ լուրջ գին արժենալ»։ 

Գայանե Խաչատրյան