Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել. Գլենդելի քաղաքապետ

Լուրեր

08.07.2024 | 19:14
Վնասվել է ստորգետնյա գազատար. Նորք-Մարաշում գազանջատում է
08.07.2024 | 19:00
Նույնիսկ Մակրոնի էպոխայից հետո չեմ կարծում՝ հայ-ֆրանսիական գործակցությունը լուրջ մարտահրավեր ունենա. Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2024 | 18:45
ՀՀ-ն բանակցում է ԱՄՆ-ի հետ Գագիկ Խաչատրյանի որդիների բռնագանձված առանձնատան վաճառքի գումարը վերադարձնելու հարցում
08.07.2024 | 18:30
Կարկուտը ծեծած տեղը կծեծի․ ինչու են ծիրանն ու խաղողը հայտնվել ապահովագրության ծրագրից դուրս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2024 | 18:20
ՌԴ ՊՆ-ն՝ Ուկրաինայի զանգվածային հրթիռակոծության մասին
08.07.2024 | 18:09
Ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման նվազեցման շուրջօրյա ստուգայցեր. ԲԸՏՄ-ն իրավախախտման 6 դեպք է արձանագրել
08.07.2024 | 18:00
Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր կան․ ԼՈՒՐԵՐ
08.07.2024 | 17:51
Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա
08.07.2024 | 17:42
Շոգն էական ազդեցություն կարող է ունենալ սրտանոթային համակարգի վրա․ ՀՀ ԱՆ
08.07.2024 | 17:42
Վլադիմիր Գասպարյանի գործով նիստին պաշտպանները հանդես են գալիս ճառով․ ՈՒՂԻՂ
08.07.2024 | 17:31
Հացահատիկային ապրանքների համաշխարհային արտադրությունը, ըստ կանխատեսումների, 2024 թ. կհասնի երբեւէ արձանագրված ամենաբարձր մակարդակին
08.07.2024 | 17:20
Դատախազը կարդաց Սամվել Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2024 | 17:09
Իսկ Մարիան կարող ա՞ ասի, իրանք շահ չունե՞ն Հայաստանում, 200 տարի շահ չե՞ն ունեցել․ Գագիկ Մելքոնյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2024 | 17:06
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն այցելում է Հայաստան
08.07.2024 | 16:59
Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Էլմիրա Կարապետյան՝ լավ օրինակ կին մարզիկների համար
Բոլորը

Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի նորընտիր քաղաքապետ Էլեն Ասատրյանի դիտարկմամբ՝ հարաբերությունների այն մակարդակը, որը ներկայում գոյություն ունի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, նախկինում երբեք չի եղել։ Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ Վաշինգտոնը Երևանի հետ հարաբերությունների զարգացմանը շատ մեծ նշանակություն է տալիս, ինչի վառ ապացույցն են հանդիսանում երկու երկրների միջև իրականացվող բարձրաստիճան փոխայցելություններն ու խորացող փոխըմբռնումը։

Գլենդելի քաղաքապետն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստան կատարած այցի նպատակների, հունիսի 17-18-ն անցկացված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովի, երկու երկրների քույր քաղաքների միջև ձևավորվող ավելի սերտ համագործակցության, ինչպես նաև հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների վերաբերյալ։

«Նախևառաջ շեշտեմ՝ առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նման ծրագիր է կազմակերպել Հայաստանի հետ։ Նման ծրագրեր ԱՄՆ-ը միշտ արել է տարբեր երկրների հետ։ Այժմ, անցկացնելով այն արդեն Հայաստանի հետ, ցույց է տալիս, որ կարևորում և աջակցում է Հայաստանին»,- իր խոսքում նշեց Էլեն Ասատրյանը՝ նկատելով, որ անցկացված համաժողովը կարևոր է մի քանի առումներով․ օրինակ՝ կապը քույր քաղաքների միջև, նրանց միջև փորձի և տեղեկատվության ավելի սերտ փոխանակման համար հնարավորության ստեղծումը, ինչպես նաև ԱՄՆ նահանգների տարբեր քաղաքների և Հայաստանի քաղաքների միջև նոր պայմանագրերի ստորագրումը։

Էլեն Ասատրյանը նշեց, որ երբ խոսք է գնում հատկապես քույր քաղաքների մասին, պարզ տեսանելի է, որ դա լինում է այն քաղաքներում կամ նահանգներում, որտեղ կա մեծ քանակությամբ հայ բնակչություն՝ Գլենդելը, Բըրբանքը, Կալիֆորնիա նահանգը կամ ԱՄՆ-ի այլ նահանգները։

«Այս ծրագրի և համաժողովի կարևորությունն այն էր, որ նաև ընտրվել էին շատ կարևոր տարբեր նահանգներ, որոնցում առկա հայ բնակչությունը շատ մեծ չէ, սակայն դրանք կարող են մեծ ներդրում կատարել Հայաստանում և երկիրը ներկայացնել իրենց նահանգներում»,- տեղեկացրեց քաղաքապետը։

Նրա դիտարկմամբ՝ կազմակերպված ֆորումը քույր քաղաքների միջև պայմանագրերի ստորագրումից բացի ունեցել է մի շարք այլ կարևոր գործոններ․ այն առիթ է տվել, որ բոլոր քույր քաղաքները թե′ ԱՄՆ-ում, թե′ Հայաստանում ներկայացնեն իրենց քաղաքների պատվիրակությունների բոլոր անդամներին, հետո բաժանվեն տարբեր աշխատանքային խմբերի և հասկանան, թե ինչպե՞ս կարող են միմյանց հետ աշխատել և աջակցել միմյանց։

Էլեն Ասատրյանն, անդրադառնալով Հայաստան կատարած այցի նպատակներին և դրա շրջանակներում անցկացված հանդիպումներին, նշեց, որ այս ընթացքում առիթ է ունեցել այցելել Գյումրի և Կապան, ինչպես նաև հանդիպում ունենալ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հետ, քանի որ Գլենդելը քույր քաղաք է Գյումրիի, Կապանի և Երևանի կենտրոն վարչական շրջանի հետ։

Նա նաև հիշեցրեց, որ Գլենդելը քույր քաղաք է նաև Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի հետ։

«Կապան կատարած այցի ընթացքում ինձ հետ էր նաև Կալիֆորնիայի նահանգապետի տնտեսական գծով ղեկավարը։ Այնտեղ մենք առիթ ենք ունեցել հանդիպել ոչ միայն Սյունիքի մարզպետարանի և Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, այլև զբոսնել և տեսնել, թե ի՞նչ ծրագրեր կարող ենք իրականացնել Կապանում»,- ասաց քաղաքապետը։

Վերջինս նկատեց, որ ամեն քույր քաղաք ունի իր կառուցվածքը․ Նա շեշտեց, որ Գլենդելում քաղաքապետ լինելը մի փոքր տարբերվում է այլ քաղաքների քաղաքապետ լինելուց, քանի որ այնտեղ՝ Գլենդելում, կա քաղաքային խորհուրդ, որը բաղկացած է 5 հոգուց, որոնք ընտրվում են որպես խորհրդի անդամ և հետո որոշ ժամանակ անց դառնում են քաղաքապետ։

«Եթե դու խորհրդի ակտիվ անդամ ես, ապա պետք չէ սպասել, որ լինես քաղաքապետ, որպեսզի իրականացնես ինչ-որ գործունեություն։ Քաղաքապետը Գլենդելում զբաղվում է ավելի շատ քույր քաղաքների հետ շփում պահելով, վարում է ժողովները և դառնում է քաղաքի խոսնակը։ Սակայն, բացի դրանից, մեր քաղաքի համակարգն այնպիսին է, որ դու ամեն հարցի շուրջ պետք է ունենաս 3 քվե, այսինքն՝ միայնակ որոշումներ չես կարող ընդունել»,- ընդգծեց Էլեն Ասատրյանը՝ հավելելով, որ առաջին անգամ որպես այդ խորհրդի անդամ Հայաստան է այցելել 2022 թվականի դեկտեմբերին, և այդ ժամանակ համագործակցության հիմք է դրել Լոս Անջելեսի և Երևանի օպերաների միջև։

Գլենդելի քաղաքապետը պատմեց, որ ծնվել է Հայաստանում, իսկ 10 տարեկանում տեղափոխվել է Գլենդել։ 11․5 տարի եղել է Հայ դատի գրասենյակի տնօրենը և այդ ընթացքում բազմաթիվ պատվիրակություններ է բերել Հայաստան, ուստի Հայաստանի հետ աշխատելն իր համար նորություն չէ։

«2022 թվականի դեկտեմբերյան այցից հետո, երբ գնացի Գլենդել, հասկացա՝ մեր քույր քաղաքների կառուցվածքը ճիշտ չէ նախագծված, և դրա պատճառով է, որ, թեև Գլենդելը և Գյումրին 2015 թվականից քույր քաղաքներ են, սակայն դա միայն թղթի վրա է, և ոչ մի աշխատանք կատարված չէ։ Նույնը վերաբերում է նաև Կապանին, որի հետ 2009 թվականից մինչև հիմա որևէ մի ծրագիր չի իրականացվել։ Ես եղել եմ առաջին ընտրված քաղաքապետը, որը եղել է ինչպես Գյումրիում, այնպես էլ Կապանում»,- հաղորդեց նա՝ հավելելով, որ Կապանի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում զրուցել է քաղաքի գրադարանի վերանորոգման վերաբերյալ, որը կարող է իրականացվել արդեն որպես բարեգործական ծրագիր։

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են այն ոլորտները, որոնցում կարելի է արդյունավետ համագործակցություն կառուցել քույր քաղաքների միջև՝ Էլեն Ասատրյանը նշեց․ «Կապանի առումով պետք է հասկանալ, թե ի՞նչ շինարարական նախագծեր կարելի է իրականացնել, քանի որ քաղաքը շատ գեղեցիկ է, հրաշք բնություն ունի, ուստի կարելի է աշխատանք կատարել հատկապես ենթակառուցվածքների առումով՝ քաղաքին հաղորդելով զբոսաշրջության տեսանկյունից ավելի գրավիչ տեսք։ Բացի այդ, Կապանի հետ իրականացվում է նաև բարեգործական աշխատանք»։

Զրույցի ընթացքում Գլենդելի քաղաքապետը տեղեկացրեց, որ այս տարվա հունիսի 25-ին Գլենդելի քաղաքային նիստում դրված են քույր քաղաքների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց հարցում վստահ է՝ կստանա անհրաժեշտ աջակցությունը։

Այս համատեքստում Էլեն Ասատրյանը նշեց, որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է, որ, իհարկե, այսպիսի համաժողովը, աշխատանքը և հանդիպումները քաղաքների միջև առաջին կապը ստեղծելու տեսանկյունից շատ կարևոր են, սակայն անհրաժեշտ է ավելի տեղային ներդրում կատարել հենց տեղում ծրագրեր իրականացնելու և գործունեություն ծավալելու գործում, քանի որ այդ տեղային կապն է, որ կարող է մարդկանց միջև ավելի ամուր համագործակցություն ստեղծել։

«2024 թվականի սեպտեմբերի վերջին ծրագրում եմ Հայաստան բերել Գլենդել քաղաքի աշխատակազմի տարբեր ներկայացուցիչների և մասնագետների։ Նշվածների թվում է, օրինակ, շինարարության ոլորտի մի ներկայացուցիչ, ով հանդիսանում է քաղաքների նախագծման մասնագետ և զբաղվում է հատկապես փողոցների ու ներքաղաքային ճանապարհների ճարտարապետությամբ։ Հույս ունեմ, որ այցելուների թվում կլինեն նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, որոնց հետ արդեն տեղում կհասկանանք, թե ինչպե՞ս և ի՞նչ ոլորտներում կարող ենք ներդրումներ կատարել», – զրույցի ընթացքում ասաց քաղաքապետը և ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, շատ են այն ոլորտները, որոնցում Հայաստանի և Միացյալ Նահանգների քաղաքները կարող են համագործակցել։

Էլեն Ասատրյանն ուշադրություն հրավիրեց այն կարևոր փաստի վրա, որ այցի շրջանակներում իր հետ է եղել նաև Կալիֆորնիայի նահանգապետի գրասենյակի ղեկավարը, ինչպես նաև հենց ԱՄՆ-ի տնտեսական զարգացման և բիզնեսի ներկայացուցիչը, որոնց հետ հետագայում աշխատանքի ընթացքում կարելի է հասկանալ ինչպես նահանգի, այնպես էլ պետության կողմից հնարավոր ներդրումների դաշտը, որը կարող է իրականացվել Հայաստանում։

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակին՝ Էլեն Ասատրյանը, մասնավորապես, նշեց․ «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի (խմբ․ Քրիստինա Քվին) հետ հանդիպման ժամանակ ես նշեցի, որ երկու երկրների և նրանց քաղաքների միջև համագործակցության ծանրությունը մշտապես դրվել է այնտեղի հայ համայնքի վրա, սակայն եթե մենք կարևորում ենք միջպետական հարաբերությունների զարգացումը և առաջընթացը, ապա այստեղ պետք է գործի նաև պետությունը։ Խոսքը տարբեր տնտեսական ծրագրեր իրականացնելու և այլ նախագծերի մասին է։ Եվ կարևոր էր, որ այդ հարցում շատ խորը համաձայնություն կար»։

Էլեն Ասատրյանն ընդգծեց, որ հարաբերությունների այն մակարդակը և համագործակցությունը, որն այժմ առկա է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, երբեք չի եղել։ Այս համատեքստում նա շեշտեց, որ ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ քաղաքապետների ու քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, ով, ընդհանրապես, նման տեղական գործունեություն չի ծավալում։

«Սա ցույց է տալիս, թե ԱՄՆ-ի կողմից որքան ակտիվ աշխատանք է հիմա կատարվում Հայաստանի ուղղությամբ։ Նման բարձրաստիճան հյուրերի ժամանումը Հայաստան նշանակում է, որ ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերում այդ հարաբերություններին և իրականացվելիք ծրագրերին», – ասաց նա։

Էլեն Ասատրյանը նաև կարծիք հայտնեց, որ, չգիտես ինչու, կա մտածողություն, որ ԱՄՆ-ն պետք է գա և Հայաստանին օգնի, սակայն ինքը կարծում է, որ դա միակողմանի չի կարող լինել՝ նշելով, որ Հայաստանը շատ բան ունի տալու աշխարհի մյուս երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։

«Այդ իսկ պատճառով ես ձգտում եմ ոչ միայն այնտեղից նոր հնարավորություններ բերել այստեղ, այլև այստեղից տանել այնտեղ՝ ԱՄՆ, որպեսզի հայկականն այնտեղ ավելի լավ ճանաչեն։ Հայաստանն իր ժողովրդով շատ ուժեղ է, շատ խելացի է և շատ բան ունի տալու աշխարհին», – եզրափակեց Էլեն Ասատրյանը։