Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց կենսագրությունները
Քաղաքականություն
31.08.2018 | 22:29Factor .am-ը շուտով կսկսի հարցազրույցների շարք 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների՝ համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների հետ, որոնց կենսագրությունները ներկայացնում ենք ստորև․
Եվ այսպես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ավագանու ընտրություններին կմասնակցի 195 հոգանոց ընտրացուցակով, որը կգլխավորի
Նաիրա Զոհրաբյանը
Ծնվել է 1965թ. մայիսի 8-ին Երեւանում:
1987թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը:
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթաց: Մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի կինոյի միութենական պետական ինստիտուտում, ինչպես նաեւ Մոսկվայի առաջատար թատրոններում: Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական եւ արտերկրի մշակութային պարբերականներում:
1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-08.06.2009թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, 08.06.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 31.05.2012 – 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, 19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 170 հոգանոց ընտրացուցակով, որը գլխավորում է
Հայկ Մարությանը
Ծնվել է 1976 թ․ դեկտեմբերի 18-ին։
1997-1998 ծառայել է ազգային անվտանգության հատուկ մարտական ստորաբաժանումում Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։
1992 – 1997 թվականներին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։
1995 – 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։
1996 – 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։
2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։
Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։
2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։
2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի «Քայլ արա» շարժմանը։
«Լույս» դաշինքը ավագանու ընտրություններին կմասնակցի 116 հոգանոց ցուցակով, որը կգլխավորի Արդարադատության նախարար
Արտակ Զեյնալյանը
Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում:
1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:
2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար
1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում:
2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:
2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ։
2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Զեյնալյանին նշանակել է ՀՀ արդարադատության նախարար։
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ավագանու ընտրություններին կմասնացի 77 հոգանոց ընտրացուցակով, որի առաջատարը
Միքայել Մանուկյանն է
Միքայել Մանուկյանը ծնվել է 1967 թ. ապրիլի 10-ին Երևանում։
1986 թ. ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը նկարիչ-ձևավորող մասնագիտությամբ, իսկ 2008 թ.՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը՝ պատմության, իրավունքի ուսուցիչ մասնագիտությամբ։
1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Արցախյան ազատամարտի մասնակից է։
1992-2002 թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002 թթ.` ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու։
01.12.2002-12.05.2007 թթ. և 01.06.2012-16.01.2014 թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ։
2007-2012 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
2014 թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից։
«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 48 հոգանոց ընտրացուցակով, որը կգլխավորի
Րաֆֆի Հովհաննսիյանը
Ծնվել է 1959 թ․ Կալիֆորնիայում։
1985-89 թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։
1989 թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990 թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը։
1991-92 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
1994 թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998 թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։
2001 թվականին երկար փորձերից հետո Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացավ ՀՀ քաղաքացիություն։
2002 թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձել է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։
2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննսիյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։
2007 թվականին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձավ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի 56 հոգանոց ընտրացուցակով, որը կգլխավորի
Զարուհի Փոստանջյանը
Ծնվել է 1972 թ. հունվարի 16-ին Երևանում։
1990-1994 – Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Իրավաբան-իրավագետ։
1993-1996 – աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ։
1998-1999 – աշխատել է «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
1999 – Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։
1999-2000 – աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես փաստաբան։
1999-2000 – աշխատել է «Դիկէ» իրավաբանական ծառայություն ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան։
2000-2002 – «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար։
2004-2005 – եղել է «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն։
2006-2007 – աշխատել է ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես իրավաբան։
2000-2007 – եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։
2007 – 2012 – ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։
2012 թվական – Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։
«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայանում է 115 հոգանոց ընտրացուցակով, որը գլխավորում է
Մհեր Շահգելդյանը
Ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում։
2002-2003 թթ.` ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։
2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա՝ նույն հանձնաժողովի անդամ։ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության համանախագահ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
2007 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։
2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։
2010 թվականից Ռուսաստանի հայերի միության 1-ին փոխնախագահն է։
2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար։
Գիտական բազմաթիվ աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ «Ազգային անվտանգություն» ԵՊՀ մագիստրոսական ծրագրի գիտական ղեկավար։
«Երևանի հանրություն» կուսակցութունների դաշինքը ավագանու ընտրություններին կմասնակցի 47 հոգանոց ցուցակով, որը կգլխավորի
Անահիտ Թարխանյանը
Անահիտ Թարխանյանը ծնվել է Երևանում, ճարտարապետ Արթուր Թարխանյանի ընտանիքում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը, 1993 թվականին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը, 1994 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դիվանագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ վերապատրաստման դասընթացները։
1981-1989 թթ․ եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, 1989-1992 թթ․՝ «Վեմ» ճարտարապետական արվեստանոցի տնօրեն, 1992-1994 թթ․ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչությունում՝ պետի տեղակալ (երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան)։ 1994-1998 թթ․ եղել է Հայ FM – 105.5 ռադիոկայանի տնօրեն, 1997-1998 թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության հեռուստառադիո ոլորտի հարցերով պետի տեղակալ, 1998-2004 թթ.՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն, 2004-2007 թթ․ ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ, 2007-2018 թթ․՝ «Ա3 Ճարտարապետներ» ՍՊԸ տնօրեն:
1994 թվականի աշնանը հիմնադրել է ՀԱՅ FM 105.5 Երևանը, 1996 թվականին՝ Ռադիո Հայ ռադիոկայանը։
«Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը ընտրություններին կմասնակցի 53 հոգանոց ընտրացուցակով, որը կգլխավորի
Արարատ Զուրաբյանը
Ծնվել է 1963թ. օգոտոսի 9-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ:
1986թ. աշխատել է ՀԽՍՀ վիճակագրության կոմիտեի տնտեսագետ: 1994-1995թթ. եղել ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ: 1995-1996թթ.՝ «Հայմամուլ» գործակալության տնօրեն: 1996թ. ընտրվել, 1999թ. վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ:
Մասնակցել է Արցախյան ազատամարտին: «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է:
1996-2002թթ. եղել է ՀՀՇ վարչության փոխնախագահ, 2002-2010թթ.՝ ՀՀՇ վարչության նախագահ: 2013 թվականից ՀՀՇ կուսակցության նախագահն է:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ռեֆորմիստների կուսակցությունը ավագանու ընտրություններին կներկայանա 29 հոգանոց ընտրացուցակով, որը կգլխավորի
Արտակ Ավետյանը
Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում, նկարիչների ընտանիքում:
1995թ. գերազանց ավարտել է Ֆ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայներական ֆակուլտետը:
1995թ. պրակտիկա է անցել ԱՄՆ-ի, Չիկագո քաղաքում գտնվող միջազգային դիզայներական ակադեմիայում:
1995-97թթ ծառայել է ՀՀ բանակում:
2002թ. ավարտել է Երևանի՝ թատրոնի ինստիտուտի, ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետը:
Ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական թատրոնի բեմադրություններում:
Նույն տարում ՀՀ Կառավարության պատվերով, «Երևան» կինոստուդիայի բազայում նկարահանել է լիամետրաժ՝ «Հովհաննեսի ավետարանը » ֆիլմը:
2006թ. հիմնադրել է «Ռեժաս ֆիլմս» կինոստուդիան:
2007թ. գերմանական հեռուստաընկերության պատվերով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» բազմասերիանոց ֆիլմը:
2012թ. -ից համագործակցում է Հայաստանի՝ Երևան քաղաքում գտնվող «Շողակաթ» ստուդիայի հետ:
«Հայք» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայանում է 60 հոգանոց ընտրացուցակով, որը կգլխավորի
Գևորգ Հովսեփյանը
«Ժողովրդական ուղի» կուսակցության 33 հոգանոց ընտրացուցակը կգլխավորի
Մանուել Գասպարյանը
Հայաստանի ժողովրդավարական Ազատական Միություն ( ՀԺԱՄ)-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 26 հոգանոց ընտրացուցակով, որը գլխավորում է Գևորգ Սանդալյանը։
Վերջին երեք կուսակցությունների ընտրացուցակները գլխավորող թեկնածուների կենսագրական տվյալները հրապարակված չեն։
Աղավնի Սուքիասյան