Վարչապետը եկեղեցուն, քրիստոնեությանը նվիրված է ավելի, քան ՀՀ որևէ ղեկավար․չենք պայքարում եկեղեցու դեմ․ Լուսինե Բադալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.05.2024 | 19:00Ըստ ՆԳՆ-ի՝ նախօրեին բողոքի ակցիայի ժամանակ ԱԺԲ-ի 64 անդամ և աջակից է բերման ենթարկվել, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը: Այս հավաքը վարչապետ Փաշինյանի հրաժարականի և Տավուշում անցկացվող սահմանազատումը դադարեցնելու պահանջով էր: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին Factor TV-ն հարց ուղղեց, թե արդյո՞ք ՀՀ-ում արգելված են խաղաղ հավաքները, որ բերման են ենթարկում՝ խափանելով հավաքների անցկացումը։
«Կարծում եմ սխալ մեկնաբանություն է, թե թույլ չի տրվում անցկացնել խաղաղ հավաքներ։ Դեռևս չի եղել, որ խաղաղ լինի այդ հավաքը և որևէ կերպ այն խոչընդոտվի։ Այլ հարց է, որ հավաքների ժամանակ ոստիկանության պահանջներին չեն ենթարկվում, հասարակական կարգ են խախտում, ինչին պարտավոր է արձագանքել ոստիկանությունը։ Շատ դեպքերում հատուկ կերպով են սադրանքներ անում, որ այսպիսի քննարկումներ լինեն, թե ինչու իշխանությունը թույլ չի տալիս խաղաղ հավաքներ իրականացնել»,- նշեց ՀՀ կառավարող ուժի ներկայացուցիչը։ Լուսինե Բադալյանին հիշեցրինք 2018 թվականը, երբ գրեթե ողջ Երևանը արգելափակված էր ցուցարարների կողմից և ոստիկանությանը չէին ենթարկվում ակտիվիստները, ինչո՞ւ հիմա չի թույլատրվում բողոքի ակցիայի նույն մեթոդիկան․
«Գիտեք, հենց վարչապետի հրաժարականի պահանջով էլ կարող են լինել ցույցեր, որովհետև մարդիկ իրենց բողոքը արտահայտում են այս տարբերակով՝ եթե խոսքը հավաքների մասին է։ Բայց դուք հիշո՞ւմ եք վերջին շրջանում խաղաղ հավաք»։
Ապրիլի 25-ին էլ 90 անձ էր բերման ենթարկել, և ընդդիմադիր ակտիվիստները հայտնել էին իրենց նկատմամբ ոստիկանական բռնարարքների մասին։ Ի դեպ, Սևան-Երևան ճանապարհից էլ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանին էին ոստիկանություն տարել, ասում է՝ ապօրինի սահմանափակվել էր իր ազատությունը 4 ժամ։ Լրագրող Անի Գևորգյանը հայտնել է օպերատորի նկատմամբ ապօրինության մասին։ Նրա հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին գցում օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռքերը շղթայում: Լրագրող Անի Ներկարարյանը հայտնել է, որ իրեն ոստիկանները գետին էին գցել՝ Դսեղում ակցիա լուսաբանելիս։ Երեկ էլ ԱԺ-ում Civic.am կայքի լրագրողին հարվածել է Լևոն Քոչարյանի օգնականաը։ Սա ի՞նչ բռնարարքների շարք է։
«Բոլորի նայրդերը լարված են, նոր չստացվեց այդ ամենը, ցավոք սրտի, ամբողջ ագրեսիան, ատելությունը, անհանդուրժողականությունը, որ գեներացվել է, ժամանակ առ ժամանակ այսպիսի պտուղներ են տալիս։ Այն, որ բարեփոխումների կարիք կա, և ոստիկանությունը պետք է վերանայի իր վարքագիծը ոչ մեկ դրա հետ չի վիճում»,- պատասխանեց Լուսինե Բադալյանը՝ այս արարքներին իրավական գնահատական տալու իրավունքը վերապահելով իրավապահներին։
Լուսինե Բադալյանը խոսել է նաև ԱՄՆ Պետքարտուղարության, Amnesty International-ի և Freedom House-ի՝ ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակի անկում արձանագրող զեկույցների, ժողովրդավարությանն սպառնացող վտանգների, Տավուշի և Ղազախի հատվածում իրականացվող սահմանազատման աշխատանքների, սահմանամերձ գյուղերի բնակիչների բարձրարցրած խնդիրներին ՀՀ կառավարության արձագանքի, հոգևորականների՝ բողոքի ակցիաներին մասնակցելու և այլ թեմաների մասին։