638,444.4 հազար դրամ կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը
Հասարակություն
23.02.2024 | 15:53Կառավարության որոշմամբ, նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը:
Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Վերոնշյալ նպատակով որոշմամբ նվազեցվում են 2024 թվականի պետական բյուջեի 1236 ծրագրի 32002 միջոցառմամբ նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարները: Որոշմամբ գումար կհատկացվի թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար: Որոշմամբ կկատարվի նաև վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև: Արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրել է «Վորքաութ» կոչվող նախագծի իրականացմանը։ «Մենք նկատեցինք, որ աշխարհում շատ մեծ թափով զարգանում և տարածվում է, այսպես կոչված, «Սթրիթ վորքաութ» տեսակի մարզման ձևը, որն, ըստ էության, մարզումային համակարգ է, որը գործում է ոչ թէ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում, այլ ուղղակի փողոցներում։ Իրականում դա ավելի ու ավելի պոպուլյար դարձող մարզաձև է ամբողջ աշխարհում։ Այստեղ մենք խոսել ենք տարբեր ֆորմատներով և որոշում ենք կայացրել, որ դա պետք է անենք, որովհետև մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին, այսպես ասած, քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,-նշել է կառավարության ղեկավարը։
Կառավարության ղեկավարի խոսքով, այստեղ մտահոգության առարկա կարող է լինել այն, որ բնակավայրերում այդ ենթակառուցվածքները կստեղծվեն, սակայն պոտենցիալ շահառուների կողմից չեն կիրառվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի համոզվածություն լինի, որ մարդիկ դա օգտագործում են: Վարչապետը հանձնարարել է Հայաստանում գործող այդ մարզաձևի ֆեդերացիա հետ քննարկել, որպեսզի նրանք գնան և ներկայացնեն մարզաձևը: Կառավարության ղեկավարի խոսքով, չնայած գործիքները կան, սակայն ամեն մի գործիք իր համար վարժությունների որոշակի համախումբ ունի, և պրոֆեսիոնալ աջակցությունը չի խանգարի։
Հաջորդիվ՝ վարչապետը ներկայացրել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բաշխվածությունը, ըստ որի այն կլինի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 18/5 հասցեում, Նադարյան փողոցի 3/4 հասցեում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փողոցի թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փողոցի 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փողոցի թիվ 18, Շահումյան փողոցի թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում:
Վերոնշյալ ծրագրով նաև նախատեսվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզի կառուցում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի նախագծում, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի կառուցում: