Կանանց նկատմամբ բռնություններ, մարդու իրավունքների խախտումներ․ ինչ խնդիրներ է ՀՀ-ում արձանագրել HRW-ն
Քաղաքականություն
12.01.2024 | 12:53Human rights watch-ը նոր զեկույց է հրապարակել, որում արձանագրում է՝ 2023-ին Հայաստանի շուրջ իրադարձություններում գերիշխող են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ավելի քան 100,000 էթնիկ հայերի վերջնական ներհոսքը:
Վերլուծելով ներհայաստանյան իրավիճակը`HRW-ն մի շարք խնդիրներ է առանձնացրել խոսքի ազատության և դատաիրավական ոլորտներում, նաև մատնանշել ոստիկանականության կողմից ոտնձգությունները։ Կազմակերպությունը նշում է, որ մինչ սահմանադրական բարեփոխումները փակուղում էին, իշխանությունները շարունակել են հետամուտ լինել ոլորտային բարեփոխումներին՝ կապված դատական համակարգի, ոստիկանության, հաշմանդամության իրավունքների և կրթության ոլորտների հետ: Իրավապաշտպան խմբերը, այդուհանդերձ, մտահոգություն են հայտնել դատական բարեփոխումների արդյունավետության և ենթադրյալ իրավախախտումների մեջ կասկածվող դատավորների պատասխանատվության գործընթացի անաչառության վերաբերյալ: Նրանք նաև քննադատել են ոստիկանությունում համապարփակ բարեփոխումների բացակայությունը։
Մարդու իրավունքների ոլորտում մտահոգությունները վերաբերում են իրավապահների կողմից կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքին, ընտանեկան բռնությանը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանը, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությանը:
Human Rights Watch-ը անցած տարին արձանագրում է, որ 2023-ը համաշխարհային պատմության մեջ թերևս կնշանավորվի մարդու իրավունքների ամենասուր ճգնաժամերով, որոնք ուղեկցվել են ողբերգական հետևանքներով։ Զեկույցի հեղինակները պնդում են՝ մեղավոր են համաշխարհային առաջնորդները, որոնք «չկարողացան կամ չցանկացան վճռական դիրքորոշում որդեգրել իրավունքների պաշտպանության հարցում` փոխարենը ներքաշվելով «գործարքային դիվանագիտության մեջ»։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ կազմակերպությունն արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան հարյուր հազար բնակչությունը լքել է իր տունը Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, ինչին նախորդել է ամիսներ տևած շրջափակումը, որի հետևանքով տեղի բնակչությունը բախվել էր դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների, պարագաների սուր պակասի։
Կազմակերպությունը նաև հիշեցրել է , որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը 2023 թվականի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ քննարկելով Լաչինի միջանցքի, սահմանազատման, տրանսպորտային կապերի և խաղաղության համաձայնագրի, նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության հետ կապված հարցեր։ Միացյալ Նահանգները նաև միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև քննարկումների մի քանի փուլեր, որոնք ուղղված են «երկարատև խաղաղության համաձայնագրի» կնքմանը։
Վերադառնալով ՀՀ-ում իրավական խնդիրներին` HRW-ն արձանագրում է, որ զրպարտությունն ապաքրեականացված է, քաղաքական գործիչները և մասնավոր ձեռնարկությունները հաճախ քաղաքացիական գործեր են հարուցում լրագրողների և լրատվամիջոցների դեմ՝ ներքաշելով նրանց երկար դատական պայքարի մեջ և սպառնալով ծանր ֆինանսական տույժերով: Լրատվամիջոցների շահերի պաշտպանության տեղական խումբը հայտնել է, որ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդդեմ լրատվամիջոցների զրպարտության համար 23 նոր հայց է ներկայացրել:
HRW-ը նշում է, որ մարտին խորհրդարանն ընդունեց փոփոխություններ, որոնք լրացուցիչ հիմքեր են ստեղծում հանրային տեղեկատվության հարցումները մերժելու համար: Համաձայն նոր կանոնակարգի՝ գերատեսչությունը կարող է հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց, եթե այն պարունակում է «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն»։ Ըստ կազմակերպության՝ սա անորոշ ձևակերպում է, որը դուռ է բացում անհիմն գրաքննության համար:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը չունի հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայությունների ներդրման համապարփակ ծրագիր և շարունակում է առաջնահերթություն տալ մասնավոր հաստատություններին և ինստիտուցիոնալ խնամքին:
Անդրադառնալով կանանց իրավունքներին՝ նշվում է, որ ՀՀ-ում իշխանությունները մինչև հունիս ուսումնասիրել են ընտանեկան բռնության 1051 բողոք, ինչը զգալի աճ է 2022 թվականի նույն ժամանակահատվածում քննված 391 բողոքների համեմատ, մեղադրանք է առաջադրվել 144 անձի:
2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում առնվազն 12 կին սպանվել է , 8-ը՝ ընտանիքի անդամի, 1-ը՝ զուգընկերոջ կողմից։ Այդ կանանցից վեցը 60-ն անց էին: