Հայաստանում ֆրանկոֆոն շարժման ներկայացուցիչների հետ ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու սպասվելիք միջոցառումները

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Ֆրանկոֆոն աշխատանքները համակարգող խմբի հերթական նիստը՝ խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, խմբի համակարգող, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ:

Նախքան հանդիպման մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանի հիշատակը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ֆրանկոֆոն համագործակցության շրջանակում 2023 թ. իրականացված աշխատանքները և 2024 թ. նախատեսվելիք ծրագրային նախաձեռնությունները, քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոն ամենամյա խորհրդաժողովների կազմակերպման և փոխհամագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսուցիչների համար աջակցության ծրագրերի իրականացման հնարավորություններին:

«ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում ֆրանկոֆոն արժեքների տարածումն ու աշխուժացումն ի սկզբանե եղել են այս համակարգող խմբի ստեղծման նպատակը: Սա խոսում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի հանդեպ ուշադրության մասին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացին՝ համագործակցության և աջակցության համար:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ Ֆրանոֆոնիայի աշխատանքները համակարգող խմբում ներգրավվելն իր համար մեծ պատիվ է. «Հայաստանը վաղուց մեծ ներդրում ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեջ: Ընդ որում՝ այդ ներդրումը շատ ավելի մեծ է, քան երկրի չափերն են: Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ համաշխարհային արժեքներին կարելի է հասնել փոխադարձ հարստացմամբ: Այս տարի շատ տպավորված էի այն բոլոր միջոցառումներով, որոնք Հայաստանը շուրջ երկու ամիս կազմակերպել էր Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ»,- ասել է դեսպան Լուկաս Ռոզենկրացը և տեղեկացրել, որ Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակն ընդլայնվել է Բելգիայի և Կանադայի դեսպանների ներկայացուցչությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ողջունել է Հայաստանում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական շրջանակի ընդլայնումը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացմանը:

Նախարարի տեղակալն ուրախությամբ փաստել է՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Ըստ այդմ՝ 2024 թվականին նախատեսվում են մի շարք նշանակալի միջոցառումներ հենց այս հոբելյանների շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրել է՝ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու հայտ է ներկայացրել, որի նպատակով վերջերս Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությունը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կներկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ:

«Նախապատրասվում ենք Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելուն և վստահ ենք՝ դա էականորեն կնպաստի ֆրանկոֆոն արժեքների տարածմանը մեր երկրում: Այդ ընտանիքին պատկանելու զգացումը և այդ արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Ֆրանկոֆոն երկրների հետ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները ներկայացրել են ԿԳՄՍՆ բովանդակային վարչությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՀՀ-ում ֆրանսախոս միջազգային կազմակերպությունների անդամ երկրների դեսպաններն ու ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչները ևս ամփոփիչ դիտարկումներ են ներկայացրել 2023 թվականին իրականացված միջոցառումների և սպասվելիք ծրագրերի վերաբերյալ: