Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Քաղաքականություն
22.11.2023 | 16:36Ադրբեջանի և Իրանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել։ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:16-ին, «Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահ դիրքի ծառայության տարածքում։
Ըստ հաղորդագրության՝ երկու անհայտ անձինք փորձել են Իրանի կողմից խախտել պետական սահմանը։ Սահմանապահները նրանց մոտ զենքեր են նկատել, մեկի մոտ՝ նաև բեռ։
Նշվում է, որ սահմանախախտները չեն ենթարկվել կանգնելու հրամանին և կրակ են բացել հրաձգային զինատեսակներից, թողել բեռը և, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից և բարդ տեղանքից, փախել Իրանի տարածք։
Սահմանապահները բեռի զննությամբ հայտնաբերել և առգրավել են 95 կգ 100 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց։
Հիշեցնենք՝ նմանատիպ միջադեպ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի էր ունեցել նաև այս տարվա հոկտեմբերին։
Էմմա Չոբանյան