Մենք լի ենք վճռականությամբ՝ ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ. Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը

Լուրեր

16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
Բոլորը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը. այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

 

Մեծարգո նախագահ,

Գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք,

Հարգելի գործընկերներ,

            Ուրախ եմ 2018 թվականի բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին կամավոր ազգային զեկույցը։ Այս հավաքը գերազանց հնարավորություն է՝ վերահաստատելու Հայաստանի հավատարմությունը 2030-ի օրակարգին եւ Կայուն զարգացման նպատակներին։ Բարձրաստիճան քաղաքական ֆորումը պատշաճ հարթակ է մեր համաշխարհային օրակարգի հարցերին անդրադառնալու, ինչպես նաեւ՝ մեր ժողովուրդների եւ մեր երկրների ավելի լավ ապագայի երաշխավորման ուղղությամբ մեր հավաքական քաղաքական կամքը եւ հանձնառությունն ի ցույց դնելու համար։

            Այս տարվա գարունը, ինչպես շատերդ եք թերեւս տեղյակ, վճռորոշ եւ կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան էր մեր Հանրապետության համար։ Մեր նոր կառավարությունն իշխանության եկավ ժողովրդավարական եւ խաղաղ հեղափոխության միջոցով, որը գերազանցեց շատերի երեւակայության սահմանները թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում։ Ակնհայտ զուգահեռներ եմ տեսնում մեր հեղափոխության եւ այսօր այս դահլիճում ծավալվող մեր աշխատանքների միջեւ։ Թույլ տվե՜ք մանրամասնել։

            Իմ երկրում տարիներ շարունակ երազում էինք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ երաշխավորված կլինի իրավունքի գերակայությունը, կհարգվեն մարդու իրավունքները՝ ներառյալ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կառավարություն ձեւավորելու իրավունքը, պետական կառավարման համակարգում ապահովված կլինի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձր մակարդակը, արդյունավետ եւ բարեխիղճ պետական կառավարումը, լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսությունը կլինի ազատ եւ իրապես մրցունակ, սոցիալական ինստիտուտները՝ ուժեղ, եւ ընդհանուր առմամբ՝ երկրի բնակիչները կլինեն ազատ, հպարտ, բարեկեցիկ եւ երջանիկ։

            Այս երազանքն իրականություն դարձնելու համար մենք փորձել ենք եւ փորձել, չենք խնայել ջանք եւ եռանդ, մի քանի անգամ պարտվել ենք եւ կրել անդառնալի կորուստներ, սակայն երբեւէ չենք համակերպվել, կանգ չենք առել եւ չենք հանձնվել։ Մեր սրտերում եւ մեր մտքերում պահել եւ փայփայել ենք ավելի լավ Հայաստանի մեր երազանքը, երբեք չենք դադարել երազել եւ կրկին ու կրկին փորձել։ Ի վերջո, հաջողության ենք հասել։

            Մարտի վերջին օրերին սկսեցինք մեր նոր քայլերը՝ ունենալով ընդամենը մի քանի հետեւորդներ. քայլելով մեկ-երկու շաբաթների ընթացքում անցանք մեր փոքր, բայց միեւնույն ժամանակ մեծ երկրի տարածքով՝ ձյան, անձրեւի եւ կիզիչ արեւի ներքո, ապա՝ մուտք գործեցինք Հայաստանի մայրաքաղաք՝ Երեւան, մոտ հարյուր հոգով, որից երկու-երեք շաբաթ անց, մեր ամբողջովին խաղաղ շարժման վերջին օրերին, ակտիվ մասնակիցների թիվը գերազանցեց մեկ միլիոնը՝ մեր երկրի բոլոր քաղաքների եւ գյուղերի փողոցներում եւ հրապարակներում։ Վայելում էինք մեր հասարակության բացարձակ օժանդակությունը, եւ ուրեմն՝ հաղթանակն անկասելի էր։

            Եվ այսօր, որպես ժողովրդավար պետության լեգիտիմ կառավարություն, հստակ պատկերացում եւ կամք ունենք մեր մանդատն իրականություն դարձնելու, այսպես կոչված քաղաքացիական պայմանագիրը՝ պետության եւ քաղաքացիների միջեւ կնքվող հասարակական պայմանագիրը վերագնահատելու, պետականաշինության գործընթացը վերսկսելու, ընդգրկուն հիմնարար բարեփոխումներ մեկնարկելու համար, որոնք ուղղված կլինեն կոռուպցիան արմատախիլ անելուն, թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ պետական կառավարում ձեւավորելուն, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը երաշխավորելուն եւ ազատ եւ մրցունակ բիզնես-միջավայրի եւ ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի հիման վրա տնտեսական աճն ավելացնելուն։ Ցանկանում եմ հստակորեն ամրագրել. Հայաստանի նոր առաջնորդների համար սա զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Սրանք հեղափոխության եւ անձամբ մեր հիմնարար արժեքներն են՝ արժեքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն։

            Այժմ անցնեմ զուգահեռներին։ Ինչպես նշեցի, մենք հավատ էինք տածում մեր առաքելության նկատմամբ, մենք կանգ չառանք կես-ճանապարհին, անսասան եղանք եւ հաղթեցինք։ Իսկ այժմ մենք կատարելու ենք կոնկրետ գործողություններ։ Հավատացած եմ, որ բոլորս պետք է այդպես վարվենք, որպեսզի հաղթահարենք մարդկության առաջ այսօր ծառացած մարտահրավերները եւ հասնենք Կայուն զարգացման նպատակներին։ Մարդկությանը հենց դա է անհրաժեշտ աղքատությունը, սովը եւ թերսնուցման բոլոր ձեւերը վերացնելու համար, բոլորի համար անվտանգ եւ մատչելի խմելու ջուր ապահովելու, հիվանդությունների դեմ պայքարելու եւ առողջությունը եւ բարօրությունը երաշխավորելու, ներառական եւ որակյալ կրթություն կազմակերպելու, մաքուր էներգիայի աղբյուրների՝ արեւի, քամու եւ ջերմային էներգիայի մեջ ներդրումներ անելու, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերը նվազագույնի հասցնելու, կանանց համար հավասար իրավունքներ երաշխավորելու, եկամտային անհավասարությունը զգալիորեն նվազեցնելու, բռնության բոլոր ձեւերը բացառելու եւ այլ նպատակներ իրագործելու համար։ Հավատ տածելով մեր առաքելության նկատմամբ, ունենալով հստակ տեսլական, ուժեղ կամք եւ իհարկե գլոբալ համագործակցություն եւ տարածաշրջանային գործընկերություն, մենք կհաղթենք այս ճակատամարտը։

            Ոչ բռնի ժողովրդավար հեղափոխությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացահայտել եւ հույսի նոր զգացում ներշնչել, որը կօգնի արագացնել մեր կողմից ԿԶՆ-ների իրագործումը։ ՄԱԿ-ի եւ ԿԶՆ շրջանակի համաձայն, արագացուցիչ է համարվում այն միջամտությունը, որը վերացնում է ԿԶՆ-ների իրագործման ճանապարհին առկա խոչընդոտները եւ համակարգային արգելքները։ Այս իմաստով, հեղափոխությունը մեզ համար ԿԶՆ լավագույն արագացուցիչն է. այն վերացրել է կայուն զարգացման ճանապարհին առկա լրջագույն խոչընդոտը՝ քաղաքական կամքի բացակայությունը։

            Այժմ՝ մի քանի խոսք Հայաստանի կամավոր ազգային զեկույցի վերաբերյալ։ Այն ներառում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ների) իրագործման հիմքում ընկած կարեւորագույն հանգամանքները եւ գործոնները, ինչպես նաեւ երկրի քաղաքականության եւ կատարողականի վեց ամիս տեւած մանրակրկիտ ուսումնասիրության եւ բազմաշահակից մասնակցային քննարկումների գործընթացը եւ հիմնական եզրահանգումները։

            Զեկույցի սկզբում ընդհանուր տեղեկություններ են ներկայացվում Հայաստանի վերջին շրջանի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացումների վերաբերյալ, որը թույլ է տալիս պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակում կազմվել է կամավոր ազգային զեկույցը։ Քննարկումը հիմնվում է Հայաստանում ԿԶՆ-ների ազգայնացման փորձի վրա, որը ներկայումս ընթացքի մեջ է՝ համապետական մասնակցային գործընթացով։ Ներկայացվում են ԿԶՆ-ների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ հավուր պատշաճի ուսումնասիրելով Հայաստանում կամավոր ազգային զեկույցի նշանակությունը եւ գործընթացի առանձնահատկությունները։

           Կամավոր ազգային զեկույցը Հայաստանում, ինչպես մի շարք այլ պետություններում, կազմվել է համալիր գործընթացի արդյունքում, որը ներառել է փոխկապակցված մի շարք աշխատանքներ, որոնք կարող են խմբավորվել հետեւյալ կերպ. (i) քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներ, (ii) տվյալների ուղղությամբ տարվող աշխատանքներ, (iii) ինստիտուցիոնալ աշխատանքներ, եւ (iv) երկխոսության աշխատանքներ։

            Զեկույցում դիտարկվել է ազգային ռազմավարության հայեցակարգը՝ ներառյալ ոլորտային ռազմավարությունները եւ քաղաքականությունները, ինչպես նաեւ դրա կապը ԿԶՆ-ների հետ, մասնավորապես՝ կայուն զարգացման երեք չափումների՝ տնտեսականի, սոցիալականի եւ բնապահպանականի ընդգրկումը։ Ռազմավարության իրականացմանն օժանդակելու է ինստիտուցիոնալ այն համակարգը, որով առաջնորդվելու է ԿԶՆ-ների ազգայնացման եւ ԿԶՆ-ների իրականացման աշխատանքը։ Հայաստանն այս նպատակի համար հատուկ ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորել, որը ներառում է Հետ-2015 աշխատանքային խումբը, Կայուն զարգացման ազգային խորհուրդը, ԿԶՆ-ների ազգայնացման միջգերատեսչական աշխատանքային խումբը եւ ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիան։

            Մանրամասնորեն վերլուծված են կամավոր ազգային զեկույցի հիմնական եզրահանգումներն Հայաստանում ԿԶՆ-ների իրագործման մասով՝ ներառյալ այն ոլորտները, որոնցում առկա է առաջընթաց, մտահոգիչ ոլորտները, հաջողված փորձի օրինակները, նորարարությունները եւ լուծումների հնարավորությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել ՄԱԿ-ի կայուն զարգացման բարձրաստիճան քաղաքական ֆորումի հիմնական թեմայի մեջ ընդգրկված նպատակները եւ թիրախները, մասնավորապես՝ «վերափոխումը կայուն եւ դիմակայուն հասարակությունների»։ Կայուն եւ դիմակայուն հասարակության վերափոխվելու համար անհրաժեշտ են մոտեցումների, մեխանիզմների եւ համագործակցության ձեւերի փոփոխություններ։ Կառավարության քաղաքականությունից եւ գործողություններից զատ անհրաժեշտ է հասարակության յուրաքանչյուր անդամի, տնտեսվարողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրական եւ ակտիվ ներգրավումը։

            Այն փաստը, որ կամավոր ազգային զեկույցի գործընթացը համընկել է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման գործընթացի հետ, լուրջ թափ է հաղորդել ԿԶՆ-ների իրագործման ջանքերը բազմապատկելու եւ ԿԶՆ-ների իրագործումն էլ ավելի արագացնելու նոր ուղիներ փնտրելու համար։ Կամավոր ազգային զեկույցը թույլ է տալիս ավելի հստակորեն պատկերացնել իրավիճակը՝ միեւնույն ժամանակ լրացուցիչ հրատապություն հաղորդելով դրան, որն անշուշտ էական դրդապատճառ է մեր ջանքերի արդյունավետությունն էլ ավելի մեծացնելու համար։

            Կամավոր ազգային զեկույցը մեր կառավարության համար լավ հնարավորություն է՝ ԿԶՆ-ների շրջանակում կատարված աշխատանքը գնահատելու եւ «Նոր Հայաստանի» մեր տեսլականն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ նորարար եւ ազդեցիկ լուծումներ մշակելու համար։ Մեր նպատակն է իրական փոփոխությունների հասնել Հայաստանում, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը եւ բարեկեցությունը։

Ամփոփելով, ցանկանում եմ վերահաստատել, որ մենք լի ենք վճռականությամբ՝ ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ։ Հավատացած ենք, որ միջազգային հանրությունն այս ճանապարհին կլինի մեր կողքին։