Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Քաղաքականություն
13.11.2026 | 10:47
Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է կիրառել հայկական արտահանման նկատմամբ և սպառնում է էներգակիրների մատակարարումներով․ եվրոպական առաջնորդներ
Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ճնշումները Հայաստանի նկատմամբ շարունակում են աճել։ Մոսկվան աննախադեպ սահմանափակումներ է կիրառել հայկական արտահանման նկատմամբ և սպառնում է էներգակիրների մատակարարումներն օգտագործել որպես ահաբեկման միջոց։ Այս մասին ասվում է Դուբլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանին աջակցության հիմնական խմբի (Core Group) անդամների հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում։
Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն այսօր Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանց միացել են Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի ղեկավարներն ու ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանը և դիմակայունությանը։
Հինգ ամիս առաջ Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ։ Դրանք Հայաստանի ժողովրդին հնարավորություն տվեցին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի բազմակողմ միջամտությանը։
Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանի անմիջական քաղաքական և տնտեսական ճնշումները Հայաստանի նկատմամբ միայն աճել են։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է սահմանել հայկական արտահանման նկատմամբ և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումներն օգտագործել որպես ահաբեկման միջոց։
Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ճակատագիրը։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսական գործընկերությունները, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով դեպի ԵՄ հայկական արտահանման 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը կասեցնելու՝ Եվրոպական միության որոշման վրա։
Մենք ընդունում ենք Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները և կշարունակենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու բարգավաճ և դիմակայուն ժողովրդավարություն ու զարգացած տնտեսություն, որը լիարժեք ինտեգրված կլինի տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։
Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք խրախուսում ենք հետագա ջանքերն այս ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

