ՏրանսպորտաՑԱՎ․ ինչ լուծումներ են առաջարկում ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Այս կիրակի Երևանում քաղաքապետ կընտրեն․ առաջադրված 14 քաղաքական ուժերին մնացել է 3 օր՝ մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը և համոզելու, որ ընտրողները ձայնը տան հենց իրենց։

Ինչպե՞ս են պատրաստվում Երևանի ղեկավարմանը հավակնող քաղաքական ուժերը լուծել տրանսպորտի, ճանապարհների բարեկարգման և խցանումների խնդիրը։ Factor TV-ն առանձնացրել է նախընտրական ծրագրերում առաջադրված ուժերի կողմից մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված առաջարկները և դիտարկել առաջին 3 կետերը համեմատության մեջ։

Քվեաթերթիկի առաջին համարը «Հանրային ձայն» կուսակցությունն է, որն իր նախընտրական ծրագրում առանձնացրել է տրանստորտին վերաբերող 15 կետ։ Առաջին երեք կետերում հետևյալ առաջարկներն են՝

-Ավտոպարկի թարմացում, հին և անսարք տրանսպորտային միջոցների շահագործման արգելք, խիստ վերահսկողություն մասնավոր տրանսպորտային երթուղիների նկատմամբ։

-Կանգառների բարեկարգում, լուսավորում։

-Տրանսպորտի ուղևորատոմսերի համակարգի ներդրում։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը քվեաթերթրիկում երկրորդն է, նախընտրական ծրագրում առանձնացրել է տրանսպորտին առնչվող 17 կետ։ Առաջին երեք կետերում կուսակցությունը խոստանում է՝

-Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման հայեցակարգի մշակում, որը հնարավորություն կտա բեռնաթափել Երևան քաղաքի տրանսպորտային միջոցների հոսքերը։

-Ներդնել նոր միասնական տրանսպորտային համակարգ՝ վերանայելով երթուղիները և, ըստ անհրաժեշտության, վերանայել նաև կանգառասրահների տեղադիրքերը։

-Շարունակաբար արդիականացնել ավտոբուսների և տրոլեյբուսների շարժակազմերը՝ նախապատվություն տալով էլեկտրական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ձեռքբերմանը։

Քվեաթերթիկում երրորդ համար «Արդար Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին վերաբերող առաջարկներն ամփոփել է իր նախընտրական ծրագրի «Խելացի քաղաք» բաժնում։ Ներառված տասը առաջարկներից երեքն առնչվում են տրանսպորտին։ Դրանք են՝

-Ներդնել միջազգային չափորոշիչներին համապատասխան հասարակական տրանսպորտի երթուղային ցանց, ինտեգրված սակագնային և տոմսային համակարգ, հարմարավետ ավտոբուսներ, ուղևորների տեղեկատվական համակարգ, որը ներառելու է առկա չվացուցակի ժամատախտակների բարելավում և ընդլայնում, բջջային հավելված և կայք։

-Նպաստել էժան և փոքրածավալ փոխադրամիջոցների գործածմանը՝ ապահովելով դրանց շահագործման հետ կապված անվտանգության բոլոր կանոնների կիրառումը։

-Քաղաքային տրանսպորտը և մետրոպոլիտենը կաշխատեն մինչև կեսգիշեր:

Քվեաթերթիկի չորրորդ համար «Հաղթանակ» կուսակցությունն առաջարկում է ամբողջ տրանսպորտային համակարգում ռեֆորմ իրականացնել և հասարակական տրանսպորտն անվճար դարձնել։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը համոզված է՝ Կենտրոնի տասը շենքերի տանիքները վաճառելով՝ հնարավոր է տրանսպորտն անվճար դարձնել։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին առնչվող 3 կետ է առանձնացնում։ Կուսակցությունը քվեաթերթիկում հինգերորդն է։ Առաջարկները հետևյալն են՝

-Քաղաքային և մերձքաղաքային հանրային փոխադրումների ցանցի բարեփոխում, նոր ցանցի մշակում և ներդրում, ինչպես նաև կառավարման արդիականացում։

-Բնակչության այլընտրանքային փոխադրամիջոցների /հեծանիվներ, ինքնագլորներ/ կայանատեղիների, հետիոտնային քայլքի, տեղաշարժման համար անվտանգ և հարմարավետ ճանապարհների ու արահետների ստեղծում։

-Ճանապարհային շինարարական աշխատանքների իրականացում, հատկապես՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան նոր մայրուղու և Երևան քաղաքի «Փոքր» կենտրոնը շրջանցող ճանապարհների /Իսակովի պողոտայից Արշակունյաց պողոտա և այլն/ կառուցում։

«Հայաստանի եվրոպական» կուսակցության նախընտրական ծրագրի՝ տրանսպորտին ուղղված լուծումները երկուսն են՝

-Երևանի տրանսպորտային խնդիրն իր համապարփակ լուծումը կստանա հասարակական փոխադրամիջոցների զանգվածային էլեկտրականացման հիման վրա։ Հատուկ կարևորություն և արագ իրականացում է տրվելու մետրոյի վերգետնյա ուղիների և կայարանների կառուցմանը։ Հիմնական ուղղություններն են լինելու Հրազդան գետի կիրճով կառուցվելիք գծերը Դավթաշենի, Կիևյանի և Հաղթանակի կամուրջների միջև, նշված շրջաններում համապատասխան հանգույցների ստեղծմամբ և հեռանկարային զարգացում ապահովելով դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, Զվարթնոց օդանավակայան, իսկ մյուս ուղղությամբ՝ դեպի Քանաքեռ, Զեյթուն և Նոր Նորքի զանգվածներ տանող վերգետնյա մետրոյի միջոցով։

-Մայրաքաղաքում ողջ երթևեկությունը կառավարվելու է մեկ համալիր համակարգով, արհեստական բանականության կիրառմամբ՝ ապահովելով առավելագույն արդյունավետությունը, թափանցիկությունն ու հարմարավետությունը։ Բոլոր կանգառներում տեղադրվելու է փոխադրամիջոցների ժամանման տեղեկատու հաշվիչներ։ Մայրաքաղաքի հնարավորին չափ շատ հանրային վայրերում բացվելու են ավտոմեքենաների երթևեկությունից բացարձակապես ազատ հետիոտնային գոտիներ եւ հեծանվային արահետներ։

Կուսակցությունը քվեաթերթիկում 6-րդ համարն է։

7-րդ համարով ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առանձնացրել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին ուղղված 3 առաջարկ: Դրանք են՝

-Ժամանակակից, հարմարավետ, անվտանգ և «կանաչ» շարժակազմի առկայություն, որն ամբողջովին կփոխի երթևեկության տրամաբանությունն ու փիլիսոփայությունը:

-Հանրային տրանսպորտի առավելությունների հանրահռչակում․ քաղաքային իշխանությունը պետք է գործնականում ցույց տա, որ նախընտրելով հանրային տրանսպորտը՝ երևանցին շահում է ժամանակ, նյարդեր, ֆինանսական միջոցներ, կարճաժամկետ հեռանկարում՝ առողջություն, իսկ երկարաժամկետում՝ նաև քաղաքի կայուն զարգացում։

-Որակյալ հանրային տրանսպորտի առկայությունը կխթանի այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը, հնարավորություն կտա բեռնաթափել քաղաքի կենտրոնը, կօգնի կարգավորել կայանատեղիների խնդիրը, զարգացնել հեծանվուղիները, մի շարք փողոցներ ժամանակավորապես՝ շաբաթվա որոշակի օրերին կփակվեն մեքենաների երթևեկության համար։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որը քվեաթերթերիկում 8-րդն է, տրանսպորտային ոլորտի համակարգային բարեփոխումների 3 առաջարկ է առանձնացրել․

-Ուսանողներին և թոշակառուներին 50% զեղչի տրամադրում հանրային տրանսպորտից և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններից օգտվելիս։

-Հանրային վայրերում վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցում։

-Ճոպանուղու նախկին երթուղու վերականգնում և ընդլայնում։

«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծմանը նպաստող 14 կետից բաղկացած լուծումներ։ Նախընտրական ծրագրի տրանսպորտին վերաբերող առաջին երեք կետերն են՝

-Երևանը մեքենաներից ազատելու համար մասնավոր ընկերություններին տրամադրել հողատարածքներ, ազատել հարկային պարտավորություններից՝ մերձակա տարածքներում բազմահարկ կայանատեղիներ կառուցելու համար։

-Երևանում խցանումները նվազեցնելու նպատակով քաղաքի շուրջ կառուցել օղակաձև ճանապարհներ։

-Ճշգրիտ և օպտիմալ ժամանակացույցով աշխատող հանրային տրանսպորտի չվացուցակի գործարկում։

«Հանրապետություն» կուսակցությունը քվեաթերթիկում 9-րդն է։

10-րդ համարով Երևանի ավագանու ընտրությունների մասնակցող «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի տրանսպորտին և ենթակառուցվածքներին վերաբերող 5 կետ է առանձնացնում։ Առաջին երեք կետերն են՝

-Բոլոր գլխավոր փողոցներում հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների, տաքսիների, հատուկ նշանակության ավտոմեքենանաների համար առավոտյան և երեկոյան ծանրաբեռնված ժամերին առանձնացված ուղիների տրամադրում։

-Հիմնական ճանապարհներին կից ավտոմեքենաների վերգետնյա և ստորգենտյա կայանատեղիների ստեղծում։

-Լուսաֆորների կառավարման խելացի համակարգի ներդրում՝ արհեստական ինտելետի կիրառմամբ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առանձնացնում է տրանսպորտային խնդիրներին ուղղված 4 կետ, որոնք վերաբերում են Դավթաշենի կամրջի, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի, Միասնիկյան պողոտայի գերբեռնվածության և փոքր կենտրոնի կայանատեղիներին։ Առաջին երեք առաջարկները հետևյալն են՝

-Բեռնաթափել Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը՝ կառուցելով էստակադային հանգույց։

-Կառուցել էստակադային հանգույց «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը բեռնաթափելու համար՝ պահպանելով հարակից շինությունների ճարտարապետական տեսքը։

-Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կազմակերպել ժամանակակից դարձափոխային երթևեկության համակարգերով։ Այսպիսով հնարավոր կլինի խցանումների ժամանակ լրացուցիչ գիծ հատկացնել ծանրաբեռնված հոսքի համար։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը, որը քվեաթերթիկում 12-րդն է, հայտարարել է` ընտրություններին ներկայանում է ոչ թե քաղաքային, այլ քաղաքական ծրագրով։

13-րդ համարով ընտրությունների մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրի «Խելացի Երևան» բաժնում տրանսպորտային խնդիրներին ուղղված 6 առաջարկ է ներկայացնում։ Դրանցից առաջին 3-ը հետևյալն են՝

-Կառավարվող լուսացույցներ՝ խցանումները կարգավորելու նպատակով։

-Կառավարման թվային կենտրոնի ստեղծում։

-Հանրային տրանսպորտի նավիգացիոն համակարգի ներդրում։

Քվեաթերթիկի վերջին՝ 14-րդ համարով ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական ծրագրում մեկ կետով ներկայացրել է հետևյալ լուծումները՝

-Արմատապես փոխել քաղաքի տրանսպորտային համակարգը՝ քաղաքացու համար առավել ճկուն, կանխատեսելի ու դյուրացված դարձնելով: Անհրաժեշտ է ներդնել միասնական տոմսակի համակարգ՝ օրական, շաբաթական ու ամսական կտրվածքով: Պետք է ներդրվի հանրային ու վճարովի կայանատեղերի համակարգ, որը կազատի փողոցները ճամփեզրի կայանումներից առաջացող խցանումներից:

Ուշագրավ է, որ 14 քաղաքական ուժերից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունն իրենց նախընտրական ծրագրերում առաջարկում են ճոպանուղային ցանցեր կառուցել՝ երթևեկությունն ավելի թեթև և հարմարավետ դարձնելու նպատակով։

«Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է հիմնել ճոպանուղային ցանց՝ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածից մինչև Նոր Նորքի 2-րդ զանգված և Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծերով։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունն առաջարկում է ճոպանուղու նախկին երթուղու վերականգնում և ընդլայնում։

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջարկում է Երևանում կառուցել քաղաքային ժամանակակից ճոպանուղու համակարգ, որը պետք է ունենա 7 գիծ և կենտրոնը կապի ծայրամասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան