Գրանտ Շափսը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել
Քաղաքականություն
31.08.2023 | 18:42Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Գրանտ Շափսը, որը մինչ այժմ ղեկավարում էր Էներգետիկ անվտանգության և ածխածնային չեզոքության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
54-ամյա Շափսը կփոխարինի Բեն Ուոլեսին, որը չորս տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել և առանցքային դեր է ունեցել Լոնդոնի կողմից Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում աջակցելու գործում: Կառավարությունում վերադասավորումների մասին հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը։
X միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) մեկնաբանելով իր նշանակումը՝ Շափսը վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային «Պուտինի բարբարոսական ներխուժման դեմ» պայքարում։