«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյի աշխատակիցները տնօրենին մեղադրում են կոռուպցիայի ու ոտնձգությունների մեջ
Քաղաքականություն
29.08.2023 | 22:03Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դիմել է Եվրախորհրդին՝ բողոք ներկայացնելով Պրահայից գործող «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի («Ազադլըք» ռադիոկայան) ղեկավարության դեմ, գրում է The Insider-ը։
Բողոքի տեքստից հետևում է, որ նախկին աշխատակիցները ռադիոկայանի ղեկավարությանը մեղադրում են ոտնձգությունների և սպառնալիքների մեջ։ Նրանց խոսքով՝ խմբագրությունը ղեկավարվում է ոչ կոմպետենտ, այնտեղ տիրում է ոչ առողջ մթնոլորտ, որն արտացոլվում է աշխատանքի որակի վրա և կասկածի տակ է դնում խմբագրության անկախությունը։ Նշվում է նաև, որ պատասխանատվությունն առաջին հերթին «Ազադլըք» ռադիոկայանի ղեկավար Իլկին Մամեդովն է։
Վերջին երկու տարիների ընթացքում «Ազադլըք» ռադիոկայանի 4 աշխատակից է ազատվել աշխատանքից, ևս 3-ը հեռացել է սեփական կամքով: Աշխատանքից հեռացված լրագրողները նամակներ են գրել «Ազատություն» ռադիոկայանի նախագահին՝ խնդրելով հետաքննություն անցկացնել, սակայն պատասխան չեն ստացել։ Այդ կապակցությամբ էլ EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսն օգոստոսի 23-ին նամակ է գրել ԱՄՆ Միջազգային ԶԼՄ-ների գործակալության (USAGM) ղեկավար Ամանդա Բենեթին։ Իր ուղերձում նա մատնանշել է իրավիճակի լրջությունն ու զարմանք հայտնել ռադիոկայանի նախկին աշխատակիցների նամակների վերաբերյալ արձագանքի բացակայության կապակցությամբ։
«Հուսով եմ, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեք աշխատանքից ազատված լրագրողների մեղադրանքների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու համար»,- գրել է Գուտիերեսը։
Թուրհան Քարիմովը, որը ռադիոյում աշխատել է 2015 թվականից, այսօր աշախատանքից հեռացված վերջին լրագրողն է։ Մինչ Պրահա տեղափոխվելը նա աշխատել է Բաքվում և հայտնի է կոռուպցիայի մասին իր նյութերով, այդ թվում՝ տեղի ոստիկանության վերաբերյալ։
Նա պատմել է, որ իրեն աշխատանքից ազատել են առանց ծանուցման, ինչը Չեխիայի աշխատանքային օրենսդրության խախտում է։
«Իմ փոխարեն Մամեդովը Բաքվում վարձել է երկու լրագրողի, որոնք աշխատել են նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հեռուստաալիքներում։ Ես նամակ գրեցի «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆ Գեդմինին՝ խնդրելով հետաքննել ադրբեջանական ծառայությունում տիրող իրավիճակը, սակայն պատասխան չստացա»,- ասել է նա։
Blankspot անկախ հարթակն էլ հայտնում է, որ պաշտոնանկ արված Քարիմովի փոխարեն աշխատանքի են վերցրել Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ առնչություն ունեցող անձի։ Խոսքը Մամեդշարիֆ Ալահբարովի մասին է, որը վերջին 15 տարիներին աշխատել է ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում, մասնավորապես, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պատերազմն ու Իլհամ Ալիևին փառաբանող քարոզչական ֆիլմերի ստեղծմանը։ Անձնական սոցիալական ցանցերում Ալահբարովը շարունակում է փառաբանել բռնապետական ռեժիմը։
Ռադիոյի նախկին աշխատակից Ինգիզ Սուլթանսոյն էլ իր ֆեսյբուքյան էջում հայտնել է, որ ղեկավարությունը պատասխան է ուղարկել աշխատանքից ազատված լրագրողների նամակին, բայց այն անվանել է ՆԳՆ-ի ոճով պատասխան, երբ արձագանքում են ոստիկանների հետ կապված բողոքներին։
Լրագրողի խոսքով՝ Իլկին Մամեդովը մշտապես կոպտում է աշխատակիցներին, անպարկեշտ արտահայտություններ անում, վիրավորում ու ծաղրում նրանց։ Խմբագրությունը մշտական սթրեսի մեջ է, «կանայք լաց են լինում, տղամարդիկ չարաշահում են ալկոհոլը և ծխախոտը», սակայն ստիպված են դիմանալ վատ վերաբերմունքին, քանի որ Ադրբեջանում բարձր գործազրկությունը դժվարացնում է աշխատանք գտնելը։ Սուլթանսոյը պնդում է, որ կան նաև ֆինանսական չարաշահումներ։
Մեկ այլ նախկին աշխատակից Ռազվան Սեյֆուլլան ասել է, որ Մամեդովը, վկայակոչելով անվտանգության միջոցները, անօրինական կերպով վերահսկել է բանկային հաշիվը, որի վրա ստացվում են լրագրողների վճարները Բաքվում, և որ այդ հաշվից միջոցներն անհետացել են։ Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը վրդովվել է տեղի ունեցածից, սկսել են իրեն ավելի քիչ առաջադրանքներ տալ, ինչի արդյունքում իր աշխատավարձը զգալիորեն կրճատվել է։ Ավելի ուշ ռադիոկայանը խզել է պայմանագիրը լրագրողի հետ՝ անգամ չզգուշացնելով այդ մասին։
Աշխատանքից հեռացված լրագրողների խոսքով՝ ղեկավարությունը ստիպել է Բաքվում աշխատող լրագրողներին ինքնուրույն աշխատանքային տեխնիկա վարձել։ Բացի այդ, նրանց աշխատավարձը կրճատել են, եթե նրանց բերման են ենթարկել ոստիկանները որևէ իրադարձություն լուսաբանելու ժամանակ, ինչը պարբերաբար տեղի է ունենում Ադրբեջանում լրագրողների հետ։
Էմմա Չոբանյան