Թուրքիայում տղամարդն արհեստական բանականության միջոցով նմանակել է Էրդողանի ձայնն ու զանգահարել գործարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին
Քաղաքականություն
18.08.2023 | 23:30Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտնաբերել է մի անձի, որն արհեստական բանականության օգնությամբ ընդօրինակել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձայնը և զանգահարել գործարարների և բարձրաստիճան պաշտոնյաների: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։
«Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտնաբերել է մի անձի, որը փորձել է ընդօրինակել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձայնը՝ օգտագործելով արհեստական բանականությունը և հեռախոսազանգեր է կատարել գործարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անվտանգության ծառայություններին կարճ ժամանակում հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը և նրա գտնվելու վայրը։ Տղամարդը ներկայում կալանավորված է։
Խարդախին բացահայտել են կիբերանվտանգության մասնագետները։