Ալիևը խոսել է իր հանքերի դեմ բողոքող գյուղացիներից՝ արդարացրել տարեցների նկատմամբ ոստիկանության բռնությունը
Քաղաքականություն
12.07.2023 | 23:30Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ առաջին անգամ խոսել է Հայաստանին սահմանակից Գետաբեկի շրջանի Սոյուդլի գյուղի բնակիչների՝ իր ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ էկոակցիաների մասին։
Նշենք, որ արդեն երրորդ շաբաթն է՝ գյուղում իրավիճակը լարված է, բնակավայրի ոստիկական շրջափակումն ու ահաբեկումը շարունակվում է, տեղի գրանցում ունեցողներից բացի՝ ոչ ոքի չի թույլատրվում գյուղ մտնել։
Ալիևը նախ քննադատել է հանքի շահագործմամբ զբաղվող ընկերությանը՝ փորձելով իր վրայից գցել ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը։
«Փաստն այն է, որ արտասահմանյան ընկերություն է եկել այստեղ փող աշխատելու։ Մենք դեմ չենք՝ ընկերությունը ներդրումներ է կատարել, աշխատատեղեր է ստեղծել։ Բայց դա չի նշանակում, որ մեր բնությունը պետք է ոչնչացվի։ Սա չի նշանակում, որ արոտավայրերն ու դաշտերը պետք է խլել մարդկանց ձեռքից։ Սա չի նշանակում, որ առանց թույլտվության պետք է ստեղծվի երկրորդ թափոնների լիճը։ Ո՞վ է նրանց թույլտ տվել։ Ըստ ամենայնի, նրանք կա՛մ համաձայնության են եկել Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հետ, կա՛մ ինքնուրույն են դա արել»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե գործը պահանջում է մանրակրկիտ քննություն, դատախազությանը և համապատասխան այլ գերատեսչություններին տրվել են բոլոր անհրաժեշտ հանձնարարականները և մեկ շաբաթ ժամանակ՝ զեկուցելու գյուղում կատարված փորձաքննության արդյունքների մասին։
Այնուհետև Ադրբեջանի նախագահն ամոթանք է տվել իր քաղաքացիներին և մեղադրել սադրանքներ իրականացնելու համար, նաև արդարացնել նրանց նկատմամբ ոստիկանական բռնությունն ու ծեծը։ Նա նշել է, որ «քաղաքացիների մի մասը, ենթարկվելով սադրիչների դրդումներին, կատարել են անբարոյական, անօրինական գործողություններ, ինչն անտանելի է և անընդունելի»։
«Այս սադրիչներից մի քանիսը թաքնվում են Ադրբեջանում, մյուսները՝ դրսում։ Ադրբեջանում գտնվողներն արդեն բացահայտվել են, նրանցից ոմանք ենթարկվել են պատասխանատվության։ Մենք պատասխանատվության կենթարկենք նաև դրսում գտնվողներին։ Թող ոչ ոք չմտածի, թե մենք այդ մասին մոռացել ենք։ Ադրբեջանում քաոսը, կամայականությունները, սադրիչ գործողություններն ավարտվեցին 1993 թվականին»,- հայտարարել է Ալիևը։
«Ոստիկանների ուղղությամբ քարեր նետելը ոչ ոքի պատիվ չի բերում։ Երկրորդ՝ դա հանցագործություն է: Եթե Ադրբեջանի ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում, դա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է քար նետել նրանց վրա։ Սա բացարձակապես անընդունելի է։ Մենք չենք պատրաստվում որևէ մեկին գոհացնել: Եթե հարկ լինի, ճիշտ մարդուն այնպես կպատժենք, որ նա զղջա իր արարքի համար։ Նորից եմ ուզում ասել, որ ոստիկանների վրա քար նետողները պետք է ամաչեն իրենց ընտանիքների, երեխաների աչքի առաջ, հանրության առաջ, որովհետեւ հանրությունը տեսավ այս տգեղ պատկերը»,-հավելել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա, սակայն, չի խոսել այն մասին, թե ինչպես են ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառում, բռնի ուժ գործադրում և մահակներով ծեծում տարեց կանանց։
Հիշեցնենք, որ գյուղի բնակիչները երկու օր շարունակ՝ հունիսի 20-ին և 21-ին բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող ոսկու հանքերի դեմ։ Թեև իրավաբանորեն հանքերի շահագործմամբ զբաղվում է Anglo Asian Mining ընկերությունը, որը բրիտանական է համարվում, իսկ հիմնական բաժնետերն իրանական ծագմամբ Ռեզա Վազիիրին է, գյուղացիների պնդմամբ՝ այն իրականում պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջն ու դստերը՝ Մեհրիբան և Լեյլա Ալիևաներին։ 2016-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) իրականացրած հետաքննությունը պարզել էր, որ հանքերն իրականում պատկանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու դուստրերին:
Գյուղացիները բողոքում են ոսկու արդյունահանման թափոնների արտահոսքի համար երկրորդ արհեստական լճակի կառուցման դեմ՝ նշելով, որ դրանք կառուցում են իրենց արոտավայրերում։ Բնակիչները նշում են, որ լճակների կառուցումը, որտեղով թթվային ջրերն են հոսում, բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Իշխանությունները ոստիկանական զորքերով և հատուկ միջոցներով ճնշել էին բնակիչների էկոակցիան, նրանց նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ, մահակներ՝ ծեծի ենթարկելով նաև տարեցներին։ Գյուղի բնակիչներից 10-ից ավելին ձերբակալված է, որոշները 20-օրյա վարչական կալանքի են դատապարտվել։ Իրավապահ մարմինները ձերբակալվածների իրական թիվը չեն նշում։
Էմմա Չոբանյան