8 տարի տևած շինարարություն, միլիարդավոր դրամների խեղաթյուրումներ․ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն ու ՏԿԵՆ առարկությունները

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ երկարությամբ Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգումը տևեց մոտ 8 տարի։ Այն հիմնականում պատրաստ է, շինաշխատանքներն ավարտվել են, հնարավոր թերությունների վերացման համար նախատեսվել է 1 տարի։

Ծրագիրը մեկնարկել է 2016 թ-ի սեպտեմբերին, իրականացվել՝ 2 փուլով։ 1-ին փուլով Վանաձոր-Թումանյան 38․45 կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվել և հանձնվել է շահագործման 2018 թ-ի վերջին՝ Եվրոպական ներդրումային բանկի (51 մլն եվրո) և ՀՀ կառավարության (10․2 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: 2-րդ փուլով Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51․74 կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է Ասիական զարգացման բանկի (50 մլն եվրո) և ՀՀ կառավարության (մոտ 10 մլն եվրո) համաֆինանսավորմամբ։

Ծրագրի պատասխանատուները հավաստում են՝ այս ճանապարհն այլևս բարձրակարգ է, ավելացել է երթևեկության հաշվարկային արագությունը, արդյունքում կբարելավվի տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։

Միլիարդների խեղաթյուրումներ

Չնայած ճանապարհի բարելավմանը, Հաշվեքննիչ պալատը (ՀՊ) բազմաթիվ անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ է հայտնաբերել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում։ ՀՊ-ն ստուգումներն իրականացրել է անցած տարի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ ընդգրկելով 2017-2019 թթ․ ժամանակաշրջանի ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրերը:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ 6․17 մլրդ դրամի ասֆալտբետոնյա ծածկույթի վերին շերտի աշխատանքներն ընդունվել և վճարվել են առանց ավտոմոբիլի անիվի կառչումը ծածկից կամ ծածկի անողորկությունը (խորդուբորդու­թյունը) ստուգելու։

Փոփոխության հրահանգներով 4.4 մլրդ դրամի 22 անվանում աշխատանքների քանակները փոփոխվել են ավելի քան 25%-ով, ինչի արդյունքում պայմանագրային գինը փոփոխվել է ավելի քան 1%-ով, սակայն ծրագրի ղեկավարի կողմից գնի վերանայում չի կատարվել և նոր գին չի կիրառվել, այնինչ, համաձայն պայմանագրերի, ծրագրի ղեկավարը պետք է վերանայեր դրույքաչափը կամ գինը։ Օրինակ, մետաղական ցանցերով քարաթափոցներից պաշտպանության աշխատանքների պայմանագրային գինը նվազեցվել է 447․8 մլն դրամով այն դեպքում, երբ այդ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 1․5 մլրդ դրամ։

Ճանապարհային պատվածքի ծակոտկեն (խոշորահատիկ) ասֆալտբետոնե շերտի բարձրությունը, ըստ սահմանված չափանիշների, պետք է 6 սմ-ից պակաս չլինի, մինչդեռ ամսական կատարողականներով հաշվարկվել և վճարվել են 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե շերտի կառուցման աշխատանքներ՝ գրեթե 1․39 մլրդ դրամի։

Ծրագրի միջոցներից 1․19 մլրդ դրամ վճարվել է ճանապարհի օտարման և պաշտպանական գոտում գտնվող BEELINE-ի, ROSTELECOM-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «ՀԵԿ» ՓԲԸ-ի և Թուֆենկյան հանգստի գոտուն պատկանող հաղորդակցուղիների տեղափոխման և վերաշինման աշխատանքների համար, այնինչ, համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում հաղորդակցուղիները պետք է տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին։ 

Սկզբնական նախագծով և պայմանագրով նախատեսված 8 սմ հաստությամբ սև խճի փոխարեն իրականացվել են 8 սմ հաստությամբ բիտումով կայունացված խճավազային խառնուրդի շերտի կառուցման աշխատանքներ՝ 1․13 մլրդ դրամի, ու թեև այս փոփոխությունը պատվածքի ամրությունը չի ավելացրել, սակայն դրա արդունքում ավելացել է պայմանագրային գինը՝ 101․9 մլն դրամով։ Ընդ որում՝ նախահաշվային արժեքներով լրացուցիչ կատարված այդ աշխատանքները ոչ թե թանկ են փոխարինված աշխատանքներից, այլ ընդհակառակը՝ 277․8 մլն դրամով ավելի էժան են։

Աշխատանքների իրականացման ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում էականորեն փոփոխվել են աշխատանքների ծավալներն ու անվանումները։ Մասնավորապես, եթե ի սկզբանե 12․6 մլրդ դրամ նախահաշային արժեքներով աշխատանքների կատարման համար կնքվել էին մոտ 11 մլրդ դրամի պայմանագրեր, այսինքն՝ 1․6 մլրդ դրամով էժան, ապա շինարարության ընթացքում կատարվել են այնպիսի փոփոխություններ և նոր կատարվող աշխատանքների համար սահմանվել են այնպիսի գներ, որ վերջնական պայմանագրային գինը 1․5 մլրդ դրամով գերազանցում է այդ նախահաշվային արժեքը։

Factor.am-ի հարցմանը՝ արդյո՞ք հաշվեքննության արդյունքներն ուղարկվել են իրավապահ մարմիններին, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է, որ համապատասխան պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն արձանագրվել, հետևաբար՝ նյութեր ՀՀ գլխավոր դատախազություն չեն ուղարկվել:

Այնուամենայնիվ, ՀՊ-ն գտնում է, որ եզրակացությունում տեղ գտած և արձանագրված բոլոր անհամապատասխանություններն ու խեղաթյուրումներն ունեն էական նշանակություն, և դրանց համար պատասխանատու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարությունը: 

Պատասխանատուներն առարկում են

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է մեկնաբանում Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունում նշված Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կառուցման ժամանակ մեծ գումարների անհամապատասխանության փաստը, ո՞վ է պատասխանատու թերացումների համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանության տրամադրել՝ նշելով, որ հաշվետվության մեջ առկա թվով 17 անհամապատասխանություններից 12-ի վերաբերյալ առարկություններ են ներկայացվել ՀՊ-ին, 5-ի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։

BEELINE-ի, ROSTELECOM-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «ՀԵԿ» ՓԲԸ-ի և Թուֆենկյան հանգստի գոտուն պատկանող հաղորդակցուղիների տեղափոխման և վերաշինման աշխատանքների համար, նախարարության պնդմամբ, ծրագրի միջոցներից վճարվել է 0.42 մլրդ դրամ, և ոչ թե ՀՊ-ի նշած 1․19 մլրդ դրամ: Ըստ նախարարության՝ այդ վճարումը պայմանավորված է ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքած պայմանագրով ստանձնած Հայաստանի պարտավորության կատարման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ միջազգային պայմանագրով տվյալ կազմակերպությունները ևս ազդեցության ենթակա անձ են, հետևաբար՝ հաղորդակցուղիների տեղափոխումը հանդիսանում է ծրագրի մաս, և պետությունն է պարտավոր ապահովել դրանց վերականգնումը: 

Մեր հարցերը՝ ո՞վ է պատասխանատու թերացումների և խախտումների համար, և ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարություն նրանց պատասխանատվության ենթարկելու համար, անպատասխան են մնացել։

Ով է վճարում

Անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրն ինչ է պարտադրում և ինչպես է հակասում տեղական օրենսդրությանը, այս ճանապարհի հիմնանորոգման համար Եվրոպական ներդրումային բանկը ոչ թե դրամաշնորհ է տվել ՀՀ-ին, այլ՝ վարկ, որի տոկոսագումարները վճարում են ՀՀ քաղաքացիները։ 

ՀՀ ֆինանսների նախարարությունից մեզ տեղեկացրին, որ վարկի գծով Հայաստանը պետք է վճարի մոտ 4 մլն եվրո տոկոսագումար մինչև 2038 թ․ հոկտեմբերի 16-ը, որից՝ 31․05․2023 թ․ դրությամբ փաստացի վճարվել է 1․76 մլն եվրո։ Վարկի մայր գումարի մարումները սկսվել են 2021 թ․ հոկտեմբերի 16-ից և սփռված են մինչև 2038թ․ հոկտեմբերի 16-ը։ 31․05․2023 թ․ դրությամբ փաստացի մարվել է 2․4 մլն եվրո։ 

Վարկի մարման հետ կապված խնդիր դեռևս չի եղել և Հայաստանը պարտաճանաչ ժամանակին իրականացնում է վճարումները։ 

Կատարողների «եղն ու բրինձը»

Միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքում, հատկապես՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, բավականին խնդիրներ բացահայտվեցին։

Ծրագրի կապալառուները 6 կազմակերպություններ են եղել․ առաջին փուլում՝ «Արարատ-ճանշին ՍՊԸ և Քոնսթրաքշն Քոմփանի Դորլիդեր ՍՊԸ» ՀՁ, «Ճանապարհ ՍՊԸ և Կամուրջշին ՓԲԸ» ՀՁ, «Կապավոր» ՍՊԸ, երկրորդ փուլում՝ «Հորիզոն-95 ՍՊԸ և Օբերոսլեր ԿԱՎ Պիետրոս (Իտալիա)» ՀՁ, «Բլաք Սի Գրուփ (Վրաստան) և ԱԱԲ Պրոեկտ ՍՕԸ» ՀՁ, «Սուարդի» ԲԸ (Իտալիա)։ Տեխնիկական հսկողությունն իրականացրել են «Կոքս Քընսալթ ՋիԷմԲիԷյչ (Գերմանիա) և Էգիս Ինտերնեյշնլ (Ֆրանսիա)» ՀՁ-ը և «Սաֆեժ ՍԱՍ (Ֆրանսիա) և Հիլլ Ինտերնեյշընըլ (ԱՄՆ)» ՀՁ-ը։

«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հիմնադիր Ստեփան Վարդանյանը  Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիներից է, նրա եղբայր Արմեն Սարգսյանի հարևանը։ Ընկերությունն այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում և մեծաքանակ պետական պատվերներ ունի։

«Ճանապարհ» ՍՊԸ-ն նույնպես ակտիվ է և միլիարդների պատվերներ է ստանում պետությունից։ Դրա հիմնադիրը «Լինս» հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանն է։

«Կամուրջշին» ընկերության սեփականատերերը, ըստ պետռեգիստրի, ՀՀ քաղաքացիներ Վլադ Ասատրյանը և Ռուբեն Խաչատրյանն են։ 2018-2019 թթ-ի պասիվությունից հետո ընկերությունը ներկայումս պետական պատվերների պակաս չունի։

«Կապավորը» գրանցված է Ստեփանակերտում, սեփականատերերը Արայիկ, Արման և Լիլիթ Հակոբջանյաններն են։ ՀՀ-ում պետական պատվերներ այլևս չունեն, միայն Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ են ծրագրեր իրականացնում։

«ԱԱԲ Պրոեկտի» հիմնադիրը Արմեն Բադալյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի տղայի՝ Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի զարմիկը: Ընկերությունը 2018-ից հետո էլ պետպատվերների պակաս չի ունեցել և միլիարդների ճանապարհաշինական ծրագրեր է իրականացնում։

Իսկ ահա «Հորիզոն-95» ընկերության ստացած վերջին պետպատվերը 2017 թ-ին է եղել։ Դրա հիմնադիրը Գագիկ (74․33%), Գրիգոր (17․2%) և Սամվել (8․47%) Գալստյաններն են։

2021թ-ի օգոստոսին «Հորիզոն-95» ընկերության բանվորները Քոբայրի հատվածում փակել էին Մ6 ավտոճանապարհը՝ բողոքելով, որ ընկերությունը փոշիացրել է ճանապարհի կառուցապտաման համար հատկացված գումարները։

«Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հետ կապված վերջին տարիների ընթացքում բազմաթիվ դատական գործեր են քննվել․ շատ քաղաքացիներ հայցեր են ներկայացրել «Ճանապարհ», «Կամուրջշին», «Հորիզոն-95» ընկերությունների դեմ՝ իրենց խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով։ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել «ԱԱԲ Պրոեկտի» դեմ՝ մալուխները վնասելու դիմաց փոխհատուցման պահանջով, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է «Արարատ-ճանշինի» և այլ ընկերությունների դեմ՝ ենաթակառուցվածքների վնասի փոխհատուցման պահանջով, «Սուարդին» գումարի բռնագանձման պահանջով այս տարի դիմել է դատարան՝ ընդդեմ «Կապավորի», «Ճառագայթ» ՓԲԸ-ն դատարան է դիմել՝ կատարված աշխատանքների դիմաց «Հորիզոն-95» ՍՊԸ-ից և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վճարում ստանալու համար (դատը շարունակվում է)։

Գայանե Խաչատրյան