Էրդողանի վարչակազմը բողոքել է արևմտյան ԶԼՄ-ներում ընտրությունների նախաշեմին «հակաէրդողանական թշնամանքից»
Քաղաքականություն
05.05.2023 | 22:59Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը կրկին դժգոհ է արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումներից։ Մասնավորապես, Economist ամսագրի համարը հրապարակվել է «2023 թվականի ամենակարևոր ընտրությունները» գլխագրով։ Այն պարունակում է հոդված մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ, որը կանխատեսում է, որ «Արևմուտքի հետ վատ հարաբերությունները» կարող են «վերանորոգվել» նոր կառավարության կողմից։
Նշվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտությունը կունենա գլոբալ հետևանքներ և ամենուր ցույց կտա դեմոկրատներին, որ ուժեղներին կարելի է հաղթել։
«Մարդը, որը 2003 թվականից ի վեր կառավարում է Թուրքիան՝ գնալով ավելի ավտորիտար ճանապարհով, կարող է պարտվել։ Եթե նա պարտվի, դա կլինի ապշեցուցիչ քաղաքական ցնցում՝ ունենալով համաշխարհային հետևանքներ։ Թուրք ժողովուրդը կդառնա ավելի ազատ, ավելի քիչ վախկոտ և ժամանակի ընթացքում ավելի բարեկեցիկ: Նոր կառավարությունը կվերականգնի Արևմուտքի հետ խաթարված հարաբերությունները»,- ասվում է հոդվածում։
Այս հրապարակմանն արագորեն արձագանքել են Թուրքիայի նախագահականից։ Մասնավորապես, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրել է, որ «հիմա նրանք հերթական անգամ ոգևորվել են ոչնչից, ասում են՝ նոր կառավարությունը կվերականգնի արևմուտքի հետ վատացած հարաբերությունները»։
«Ես գիտեմ այս լեզուն,այս դիսկուրսը, և գիտեմ՝ ինչ համատեքստում է այն ասվել։ Հանգի՛ստ մնացեք։ Իմ երկրին հրահանգներ տալու ձեր օրերն արդեն ավարտվել են։ Վերջին խոսքը քվեատուփի մոտ կասի ժողովուրդը»,- նշել է Քալընը։
Թուրքիայի նախագահականի հասարակայնության հետ բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն էլ գրել է, որ ափսոսում են «Թուրքիային արևմտյան լրատվամիջոցների պաթոլոգիկ հակազդեցության և մայիսի 14-ի ընտրություններից առաջ Էրդողանի հանդեպ թշնամանքի համար»։
Ըստ Ալթունի՝ Թուրքիան ազատվում է կապանքներից, Արևմուտքի վրա հարձակումների բռնությունը մեծանում է։
«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր սիրելի ազգը, որը ճանաչում է դերասաններին, չի մոռանում սցենարիստներին, տեղյակ է բեմադրություններին, ինչպես երեկ, այնպես էլ մեր պետության ու նախագահի կողքին է լինելու։ Եթե կան այնպիսիք, որոնք երազում են կասեցնել Թուրքիայի վերելքը, խորհուրդ ենք տալիս հրաժարվել այս երազանքից»,- գրել է Ալթունը թվիթերյան իր էջում։
Էմմա Չոբանյան