Ռուսաստանը հայտարարել է միջմայրցամաքային հրթիռի փորձարկման մասին
Քաղաքականություն
12.04.2023 | 14:09ՌԴ ՊՆ-ն հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) հաջող փորձարկման մասին։ Նախարարության տվյալներով՝ Աստրախանի շրջանի Կապուստին Յար փորձադաշտից արձակված ցամաքային ICBM-ի ուսումնական մարտագլխիկը հարվածել է Ղազախստանի Սարի-Շագան փորձադաշտում կեղծ թիրախին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ փորձարկումները հնարավորություն են տվել «հաստատել նոր ռազմավարական հրթիռային համակարգերի մշակման համար օգտագործվող սխեմայի նախագծման և տեխնիկական լուծումների ճիշտությունը»:
Վերջին տարիներին, հատկապես Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո, միջազգային դիտորդները բազմիցս մեղադրել են Մոսկվային ռազմական սպառնալիք ստեղծելու մեջ: Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ռուսական մարտավարական միջուկային զենքը երկրի սահմաններից դուրս՝ Բելառուսում, տեղակայելու մտադրության մասին։