Հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ․ նախարարության պարզաբանումը
Հասարակություն
12.03.2023 | 21:31ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է հարցին՝ աուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ:
«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում:
Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց»,- տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: