Կսահմանվի հարկադիր պարապուրդի ընթացքում վճարի հաշվարկման առանձին կարգ․ ՀՔԱՎ-ն առաջարկում է նախագիծը հանել շրջանառությունից

Լուրեր

24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր դիտարկումներն ու առաջարկն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասվում է․

«ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով նախատեսվում է սահմանել հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքի համար հարկադիր պարապուրդի համար վճարի հաշվարկման առանձին կարգ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել և վավերացրել է մարդու աշխատանքային իրավունքների պաշտպանության և այդ իրավունքների ապահովման վերաբերյալ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան (այսուհետ՝ Խարտիա), ինչը նշանակում է, որ աշխատանքային օրենսդրության մեջ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի Խարտիայով պետության կողմից ստանձնած պարտավորություններին։ Բացի այդ, 2017 թվականին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ՀՀ օրենսդրության՝ Եվրոպական միության իրավունքին մոտարկելու պարտականություն, այդ թվում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության մասով։

Նախագծով առաջարկվող հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքի համար հարկադիր պարապուրդի համար վճարի հաշվարկման առանձին կարգ սահմանելու հետ կապված կարգավորումներն առավել քան խնդրահարույց են և հակասում են աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի վերաբերյալ Խարտիայի 24-րդ հոդվածում ամրագրված երաշխիքներին, ինչպես նաև Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մեկնաբանություններին և Հայաստանի վերաբերյալ ընդունված հետևություններին։

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է աշխատանքից անօրինական ազատելու դեպքում աշխատողին նյութական վնասի հատուցման իրավունք տրամադրել միայն այն դեպքում, երբ աշխատողը հարկադիր պարապուրդի ընթացքում նոր աշխատանքի չի անցել կամ նոր աշխատանքը կատարելու համար վարձատրվել է նվազ չափով, քան նախկին աշխատանքը կատարելու ժամանակ, իսկ որպես հիմնավորում ներկայացվում է թիվ ՍԴ2/0208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թ. որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորումն անթույլատրելի է ինչպե’ս պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, այնպե’ս էլ աշխատանքից անօրինական ազատվելու դեպքում աշխատողի խախտված իրավունքների վերականգնման և աշխատանքից անօրինական ազատելու դեպքերի կանխարգելման տեսանկյունից։

Այսպես, Խարտիայի 24-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝

ա) բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,

բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:

Այս նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ աշխատողը, որը պնդում է իրեն աշխատանքից ազատելու անհիմն լինելը, իրավունք կունենա բողոքարկելու որևէ անկողմնակալ մարմնի:

Խարտիայի 24-րդ հոդվածի վերաբերյալ Կոմիտեի մեկնաբանությունների համաձայն՝ փոխհատուցման համակարգը համարվում է համարժեք, եթե այն ներառում է հետևյալ դրույթները՝

1) աշխատանքից ազատվելու պահից մինչև բողոքարկման մարմնի կողմից որոշման կայացման պահը կրած ֆինանսական կորուստների փոխհատուցում,

2) աշխատանքի վերականգնվելու հնարավորություն և/կամ

3) անհրաժեշտ չափով բարձր փոխհատուցում, որն ի զորու կլինի հետ պահելու գործատուին նմանգործելակերպից և փոխհատուցելու աշխատողի վնասները :

Ինչպես տեսնում ենք Կոմիտեի մեկնաբանություններից՝ աշխատանքից անօրինական ազատելու դեպքում աշխատողին տրվող փոխհատուցումը ոչ միայն ուղղված է աշխատողի կողմից կրած ծախսերի պատշաճ փոխհատուցմանը կամ այլ կերպ՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնմանը, այլ նաև կոչված է կանխելու գործատուի կողմից աշխատողի իրավունքների խախտումները։ Սակայն Նախագծով առաջարկվող կարգավորումը կանխարգելող բնույթ չունի գործատուի կողմից աշխատողի իրավունքների խախտման հետագա դեպքերի համար, քանի որ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչվելու դեպքում որևէ հետևանք գործատուի համար չի առաջանալու այն դեպքում, երբ աշխատողը հարկադիր պարապուրդի ընթացքում անցել է ավելի բարձր վարձատրվող աշխատանքի, իսկ աշխատողը նման դեպքերում չի ստանալու կրած վնասների փոխհատուցում։

Բացի այդ, հարկ է նշել նաև, որ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի գործող կարգավորումն արդեն իսկ հակասում է Խարտիայի 24-րդ հոդվածին։ ՀՀ-ի վերաբերյալ իր հետևություններում Կոմիտեն մշտապես արձանագրել է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի անհամապատասխանությունը Խարտիայի 24-րդ հոդվածին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության և ոչ նյութական վնասի փոխհատուցման բացակայության վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Կոմիտեի, փոխհատուցման ցանկացած առավելագույն շեմի սահմանումը, որը կազդի փոխհատուցման համաչափության, ինչպես նաև դրա կանխարգելիչ բնույթի վրա, արգելվում է: Եթե նյութական վնասի հատուցման համար գործում է նման շեմ, ապա խախտման զոհը պետք է հնարավորություն ունենա ստանալու ոչ նյութական վնասի փոխհատուցում այլ իրավական ճանապարհներով (օրինակ՝ խտրականությանն առնչվող օրենսդրությամբ), իսկ դատարանները պետք է որոշումը կայացնեն ողջամիտ ժամկետում: Սակայն ինչպես Աշխատանքային օրենսգրքով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չի նախատեսվում ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունք աշխատանքից անօրինական ազատման դեպքում, և շարունակում է գործել աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի կարգավորումը ։

Հետևաբար, Նախագծով առաջարկվող կարգավորումը ոչ միայն չի համապատասխանում Խարտիայի 24-րդ հոդվածում ամրագրված երաշխիքներին, այլ ընդհակառակը, էական հետընթաց է աշխատողի խախտված իրավունքների վերականգնման և գործատուի կողմից աշխատողի իրավունքների խախտումների կանխարգելման հարցերում, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից»։