«Կառավարության աշխատանքը չի վերահսկվում»․ մոտ 80 տոկոս չզեկուցվող և գաղտնի հարցեր գործադիրում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
10.02.2023 | 19:02Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ 2018 թվականի մայիսի 11-ին լրագրողները հնարավորություն ստացան մուտք գործել Կառավարության նիստերի դահլիճ: Մինչ այդ նիստերին ներկա կարող էին լինել միայն օպերատորներն ու լուսանկարիչները: Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարության առաջին նիստի մեկնարկին լրագրողներն անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Կառավարության անդամներին:
Երկու ամիս անց՝ 2018 թվականի հուլիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս հրավիրեց հենց Կառավարության նիստերի դահլիճում․ դրան ներկա էին բազմաթիվ լրագրողներ, և վարչապետը հանգամանորեն պատասխանեց նրանց հարցերին: Բայց այս ամենը երկար չտևեց․ արդեն օգոստոսի 9-ի հերթական նիստից առաջ լրագրողները տեղեկացան, որ իրենց այլևս թույլ չի տրվի մտնել նիստերի դահլիճ: Այդ ժամանակ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Արման Եղոյանը դա հիմնավորում էր նրանով, որ վերադարձ է կատարվում անվտանգության նախկին ռեժիմին, մինչ այդ էլ, ըստ նրա, լրագրողները դահլիճ են բարձրացել շենքի անվտանգության ռեժիմի խախտմամբ:
Կարճ ժամանակ անց, սակայն, Կառավարության անդամներից շատերը սկսեցին ճեպազրույցներ չտալ, իսկ լրագրողների առջև դրված արգելքներն ընդլայնվեցին: Հինգերորդ հարկից՝ առաջին հարկ, աստիճաններից՝ հետնամուտք․ ահա թե հեղափոխությունից մինչև օրս ինչպես է փոխվել լրագրողների և գործադիրի անդամների շփումը Կառավարության շենքում:
Թեպետ գործադիրի առաջին նիստերն աչքի էին ընկնում թափանցիկությամբ, կարճ ժամանակում Կառավարությունը կորցրեց այդ թափանցիկությունը՝ կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Լրագրողների և պաշտոնյաների շփումների սահմանափակմանը զուգահեռ՝ նեղացվեց նաև Կառավարության նիստերում զեկուցվող հարցերի շրջանակը: Չնայած 2018 թվականի նոյեմբերի 15-ին գործադիրն ընդունեց Կառավարության նիստերը դռնբաց անցկացնելու որոշում, սակայն դրան հաջորդեց օրակարգում չզեկուցվող հարցերի քանակի աճը:
Factor.am-ն ուսումնասիրել է 2019-2022 թվականների ընթացքում Կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի քանակը։ Այսպիսով՝ վերջին երեք տարիների ընթացքում Կառավարությունում չզեկուցվող և գաղտնի հարցերը կազմել են օրակարգում ընգրկված հարցերի մոտ 80 տոկոսը:
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի խոսքով՝ Կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականում գոյություն չունի։ Սահմանադրության համաձայն՝ այդ գործառույթն Ազգային ժողովի տիրույթում է։
Դանիել Իոաննիսյանն էլ կարծում է, որ Կառավարության նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու պատճառները մի քանիսն են։
Յուրաքանչյուր տարի Կառավարությունն ընդունում է մոտավորապես 2000 որոշում և, ըստ Քյուրումյանի, դրանց 20-ից 25 տոկոսը վերաբերում է բյուջեում փոփոխությունների կատարմանը։ Նրա խոսքով՝ բյուջեի կատարողականի հաշվետվությունները, որ Կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով, հաճախ կապ չեն ունենում Ազգային ժողովի հաստատած բյուջեի հետ։
Եղել են դեպքեր, երբ մամուլի հրապարակումների արդյունքում Կառավարությունը փոխել է իր մոտեցումը և չզեկուցվող հարցը քննարկել է զեկուցվող ընթացակարգով։ Այդպիսի մեկ դեպք եղավ 2019 թվականի հուլիսի 11-ի նիստում, երբ Factor.am-ի՝ նախօրեին արված հրապարակումից հետո այդ ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանն առաջարկեց օրակարգում ընդգրկված երկու չզեկուցվող հարց անցկացնել քննարկման ընթացակարգով։ Դրանք վերաբերում էին առողջապահական տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ ամրակցելու մասին որոշման նախագծին, որի վերաբերյալ նախարարությունը կարծիք չէր տվել: Նախագծում նշվում էր, որ մեքենաները կցվելու են վարչության պետերին, այնինչ պետք է կցվեին տեսչությանը:
2021 թվականի նոյեմբերի 25-ի Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ ծառայողական մեքենայի ձեռքբերումը: Նախագծի հիմնավորմամբ՝ նախկին մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել էր ծախսատար, և դրա շահագործման ու պահպանման համար տրամադրվող ֆինանսական միջոցներն այլևս արդյունավետ ու նպատակահարմար չէին։ Գնումն իրականացվել էր Ազգային ժողովի 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան