Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարիամ Մկրտչյանին աննախադեպ հաջողությունների առթիվ՝ ընդգծելով, որ մեծ հաղթանակները հնարավոր են միայն քրտնաջան աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ:

«Հաճելիորեն զարմացա և հպարտություն ապրեցի, երբ իմացա, որ դեռ ժամկետից շուտ կարողացել եք նվաճել Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնությունը: Շատ ուրախ եմ այդ առիթով և ի սրտե շնորհավորում եմ: Արդեն ապացուցել եք, որ շատ աշխատասեր մարզուհի եք, և Ձեր այս հաջողությունները միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Գիտեմ, որ կշարունակեք աշխատել՝ արդեն մեծահասակների պայքարում հաջողություններ գրանցելու համար»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Մարիամ Մկրտչյանը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր, երբ Թուրքիայում հայկական եռագույնը բարձրացվեց և հնչեց ՀՀ օրհներգը. «Լավ էի պատրաստվել այս առաջնությանը: Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո հավատում էինք, որ այստեղ ևս հաջողության կհասնեմ ու կպայքարեմ մեդալային տեղերի համար, թեև մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ: Շատ հպարտ եմ, որ կարողացա չեմպիոն դառնալ ու եռագույնով բարձրանալ պատվո հարթակի առաջին աստիճանին: Ինձ համար սա մեծ նշանակություն ուներ, ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացա գրանցել այս հաջողությունը»:

Մարիամ Մկրտչյանը նաև պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղաղ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել, որի հետ աշխատելով դարձել է պատանեկան ԵԱ-ի մեդալակիր: Մարիամը խոստովանում է՝ եթե դպրոցում շախմատ չուսումնասիրեին, հավանաբար երբեք չէր հետաքրքրվի այդ խաղով:

Հայ մարզուհին տարին հաջողված է համարում, միաժամանակ նաև նշում է, որ նոր հաղթանակների պլաններ էլ ունի. «Մի քանի խոշոր մրցաշարերում կարողացել եմ լավ արդյունքներ ցույց տալ, ինչն արդեն իսկ գոհացնող է: Առաջիկայում երկու մրցաշար է նախատեսված, որոնց ևս փորձելու եմ լավ հանդես գալ»:

Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:

Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:

Հիշեցնենք՝ Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել: Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում հայ մարզուհին առավելության էր հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և վերջնարդյունքում 9 հնարավորից վաստակել 8,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։

Հայ շախմատիստուհին այս տարվա հունվարին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականի կազմում, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո: