ՊՆ-ն տեղեկատվությունը համարում է պետական գաղտնիք, ԳՇ պետը՝ բացահայտում
Հասարակություն
07.11.2022 | 15:35Օրեր առաջ Factor.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարություն, խնդրելով հաստատել կամ հերքել «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի հայտարարությունն այն մասին, թե այս պահի դրությամբ Ջերմուկի դիրքերի 90 տոկոսն ադրբեջանական վերահսկողության տակ է։
«Ջերմուկի ուղղությամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինվորներն էին պահում, հիմա ադրբեջանցիներն են այդ դիրքերում նստած։ Մոտավորապես 15 դիրք ենք կորցրել»,- «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր Գասպարյանը։
Բացի այդ, Factor.am-ը հարց էր ուղղել, թե ի՞նչ իրավիճակ է Ջերմուկի սահմանային հատվածում, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո շփման գծում ի՞նչ փոփոխություններ են եղել, ինչպես նաև գերատեսչությանը խնդրել էր հայտնել, թե այս պահի դրությամբ ՀՀ սուվերեն տարածքից քանի՞ կմ²-ն է գտնվում ադրբեջանական վերահսկողության տակ։
Պաշտպանության նախարարությունը գրությունից 5 օր անց՝ հարցմանը պատասխանելու լրացուցիչ ժամանակ էր խնդրել։ Նշենք, որ «ՀՀ օրենքը տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ մասի՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Գրության պատասխանը Factor.am-ը ստացել է հարցումն ուղարկելու 12-րդ օրը, բաղկացած ընդամենը 8 տողից։ Ըստ ՊՆ-ի՝ Սերոբ Գասպարյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ այս պահին Ջերմուկի սահմանային հատվածում իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն։
Հայցվող մյուս տեղեկությունների տրամադրումը մերժվել է գերատեսչության կողմից, հղում կատարելով «ՀՀ օրենքը տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին և ՀՀ կառավարության 13.03.1998թ. N173 որոշման հաստատված ցանկի 2-րդ կետի պահանջներին։ Փաստացի, Ջերմուկի սահմանային բնագծերի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքի՝ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքների մասին հարցերը ՊՆ-ն պետական գաղտնիք է համարել։
Առաջին հայացքից Պաշտպանության նախարարության պատասխանը գուցե ընկալելի լիներ, եթե հարցման պատասխանից մեկ օր առաջ ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ճեպազրույցում չանդրադառնար այդ թեմայով լրագրողների հարցերին և չպատասխաներ դրանց։
Մասնավորապես, 2023 թվականի ՀՀ բյուջեի քննարկման համար Խորհրդարան ժամանած Էդվարդ Ասրյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր․ «127-ը շեշտված թիվ է, մոտիկ թիվ է այդ տարածքներին: Եթե մենք հաշվում ենք մեր տարածքների կորուստները անմիջապես առաջնագծի խորությամբ, այդ թիվը ավելի քիչ է կազմում: Կան տարածքի մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ։ Բոլոր ուղղություններով մխրճում չի արձանագրվել, կա տեղ՝ գագաթը 3,5 կմ է, բայց թեւերը՝ 100 կմ, կան դիրքեր, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր՝ գտնվում է առաջ: Այնպես որ, կարող է 132 լինել, 129 լինել՝ ըստ տարբեր հաշվարկների»,- նշել էր Ասրյանը։
Ապա, անդրադառնալով Ջերմուկի սահմանային դրությանը և լրագրողների այն հարցին, թե ինչ եղավ շրջափակման մեջ հայտնված հակառակորդի ստորաբաժանման ճակատագիրը, Ասրյանն ասել էր՝ հակառակորդը, համապատասխան կորուստներ տալով, հետ է քաշվել.
«Ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը»,- հավելել էր ԳՇ պետը։
Փաստացի, ստացվում է Ասրյանը մինչ այս հրապարակել էր այն տեղեկությունները, որոնք, ըստ ՊՆ-ի՝ պարունակում են պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Այսքանից հետո բաց է մնում հարցը՝ նախարարությունը խուսափե՞լ է տեղեկատվության հստակ և լիարժեք տրամադրումից, թե՞, այնուամենայնիվ, ԶՈՒ Գլխավոր շտաբն է բացահայտել տեղեկություններ, որոնք չպետք է հանրայնացվեին։
Ռոզա Վարդանյան