Մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ մեր հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված՝ «Հաղթանակի դարը» խորագիրը կրող տոնակատարությանը. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ միջոցառման մասնակիցների հետ կատարել է զինտեխնիկայի ստուգատես: Սարդարապատի հուշահամալիրում ցուցադրված էին հայկական զինուժի ինչպես գերճշգրիտ, գերժամանակակից, այնպես էլ թանգարանային նմուշի զինատեսակներ, որոնք մասնակցել են Սարդարապատի հերոսամարտին: 

Այնուհետև տեղի է ունեցել զինվորական շքերթ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Շքերթը ներկայացնում էր պետականության հարյուր տարվա երեք ռազմական հաղթանակները:

Միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ:

***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ

Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Հայոց բանակի փառապա՛նծ զինվորներ և սպաներ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Վեհափա՛ռ Տեր,

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն: Ու քանի որ մեր ժողովրդի պատմության մեջ նման բան նախկինում երբեք չէր եղել, այդ պետությունը կոչում ենք նաև Առաջին Հանրապետություն: 

Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր: Իհարկե, դա առայժմ միայն իրավական կարգավիճակի փոփոխություն էր, բայց այս կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով ու արյունով: Բաշ-Ապարանում և Սարդարապատում տարավ իր պատմության փառահեղ հաղթանակներից՝ ջախջախելով թուրքական զորամիավորումներին, և այդ հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը: Հերոսական այս ճակատամարտերի պատմությունն աներևակայելի է: Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյո՞ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրյալներ: Ո՛չ և երիցս ոչ: Պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետև սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էությունն անապատներ քշվելն ու կոտորվելը չէ, որ մեր երակներոով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արյունը, մեր երակներով հոսում է Արտաշես արքայի արյունը, մեր երակներով հոսում է Վարդան Մամիկոնյանի արյունը: 

Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին չորս հարյուր տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության ու արժանապատվության միակ երաշխիքը, որ մեզ՝ քաղաքացիներիս պատկանող պետությունն է միայն, որ կարող է ապահովել մեր իրավունքը, մեր անվտանգությունն ու ապագան: Մենք հասկացանք, որ ազգային որևէ երազանք հնարավոր չէ ի կատար ածել առանց պետություն ունենալու, ինքնիշխանություն ունենալու, անկախություն ունենալու: Եվ անկախ պետությունը յուրաքանչյուր ազգային երազանք ի կատար ածելու առաջին անհրաժեշտ նախապայմանն է: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ Արամ Մանուկյանի պես նվիրյալ առաջնորդ, ով պատրաստ էր ոչ թե զոհել և վայելել իշխանության բարիքները, այլ կրել զրկանքներ և զոհվել հանուն սեփական ժողովրդի, ով պատրաստ էր հանուն իր ժողովրդի կռիվ տալ մինչև կյանքի վերջին վայրկյանները: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև ուներ այնպիսի զորահրամանատարներ, ինչպես Թովմաս Նազարբեկյանը, Դրոն, Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը: Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև որոշեց հաղթել: Հայ ժողովուրդը հաղթեց և դրանից հետո հայ ժողովուրդը հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն, իր մտքին, իր բազկին, իր անցյալին և ապագային: 

Սիրելի՛ բարեկամներ, 

Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը՝ մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ մեր հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա, երբ չընկրկենք որևէ դժվարության առաջ, երբ սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, երբ չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ, երբ տիրոջ այդ զգացումն իրավունք չէ միայն, այլև պարտականություն, այլև պարտավորություն, երբ հայրենիքի ամեն անկյան վերաբերվենք խանդաղատանքով, երբ մեկս մյուսիս վերաբերվենք հարգանքով, համբերությամբ ու արժանապատվորեն: 
Հենց այսպես Սարդարապատի հաղթանակից ուղիղ հարյուր տարի անց՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը տարավ իր հերթա
կան փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թե ինչպես դա պատահեց և ինչու: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին և ապագային: Հայ ժողովուրդը պիտի հաղթեր, որովհետև իր երակներւմ հոսում է Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյունը, Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Առաջին Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, բայց Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը անհեռանկար գործերով չէին զբաղվում, այլ հայոց նոր պետականության հիմքերն էին դնում:Միայն Առաջին Հանրապետության գոյության շնորհիվ էր, որ Հայաստանը Խորհրդային Միության կազմում ընդգրկվեց որպես լիարժեք միութենական հանրապետություն: Եվ միայն այս կարգավիճակի շնորհիվ էր, որ Հայաստանը կարողացավ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից և ստանալ միջազգայնորեն ճանաչված անկախ երկրի կարգավիճակ: Ասել է թե՝ Առաջին Հանրապետության հիմնադրումը պսակվեց Երրորդ Հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով և աշխարհահռչակվեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ: Եվ ահա հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին այսօր տոնում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Եվ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ապրում է քաղաքացիական պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն: Եվ այլևս երբեք, այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ, ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Եվ Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ: 

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը: Եվ մեզ համար այսօր պատմական, աննախադեպ հնարավորություն է ստեղծվել դառնալ մեր ժողովրդի հազարամյա ցավերի դարմանողը, անփարատելի սգի ամոքիչը, դարավոր երազանքների իրականացնողը: Եվ ժամանակակից սերունդը՝ որպես Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի, Բաշ-Ապարանի ու Սարդարապատի հերոսների ժառանգներ, պարտավոր է ստանձնել և ստանձնում է պատմական այդ առաքելությունը: Եվ ուրեմն՝

Կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակների մայիսը,
Կեցցե՛ն Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը, և ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը, 
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել ազատ և երջանիկ Հայաստանում:

Սիրելի՛ ժողովուրդը,
Սիրելի՛ զինվորներ, սպաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի առիթով:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին:
Ուռա՛