Ինչո՞ւ «Սուրմալու»-ի գործունեությունը չի դադարեցվել. շուրջ 2 տասնյակ էական խախտումներ և նոր ողբերգություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.08.2022 | 20:11Փաստաբան Տիգրան Մուրադյանը դեռևս մեկ տարի առաջ «Սուրմալու»-ում բռնկված հրդեհից տուժած տնտեսվարողներից մեկի շահերն է պաշտպանել։ Ասում է՝ տնտեսվարողի ընկերության գույքն ամբողջությամբ այրվել էր, շուրջ 135 միլիոն դրամ արժեքով ապրանքի ու 4,5 միլիոն դրամի հիմնական միջոցների կորուստ էր ունեցել։ Այդ հրդեհից հետո փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին՝ դադարեցնելու Սուրմալու առևտրի կենտրոնի գործունեությունը։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բարձր ռիսկայնության օբյեկտ համարվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021 թվականի մարտին 16 խախտում է արձանագրել, ղեկավարությանը տուգանել 50 հազար դրամով և կարգադրագիր տվել, որ մինչև տարեվերջ վերացնի խախտումները։ Factor TV-ին այս մասին ասաց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ ողբերգական այս դեպքը վկայում է, որ «Սուրմալու»-ի ղեկավարությունը չի կատարել ցուցումները։ Տեսչական մարմինը խախտումներ արձանագրելուց 1,5 տարի անց վերստուգումներ չի արել․ խոսնակն ասում է՝ դա նախատեսված էր 2022 թվականի 3-րդ եռամսյակում։
Փաստաբան Տիգրան Մուրադյանը սա հանցավոր անփութություն է որակում․ ինչպե՞ս կարելի է խախտումներ արձանագրել ու ոչինչ չձեռնարկել։ Այդ խախտումներից հետո որևէ առևտրի կենտրոն պարզապես չէր կարող շահագործվել, ասում է փաստաբանը։
«Մեր ունեցած տվյալներով՝ տեսչական մարմինն այդքան խախտումներ արձանագրելով հանդերձ՝ դրանք որևէ իրավասու կառույցի չի ուղարկել»,- նշում է Մուրադյանը։
Եթե ուղարկվեին իրավասու մարմիններին և ձեռնարկվեին համապատասխան միջոցներ, օգոստոսի 14-ի այս ողբերգությունը տեղի չէր ունենա՝ կարծում է փաստաբանը։ Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում պնդել էր, որ վերացրել են արձանագրված խախտումները։ Տեսչական մարմնի խոսնակն ասում է՝ տնտեսվարողը կարգադրագրի կետերից միայն մեկն էր կատարել՝ տեղադրելով հրշեջ հիդրանտ։
Փաստաբան Մուրադյանի խոսքով՝ նման խախտումները վերացնել հնարավոր չէր․ մոտ երկու տասնյակ խախտումներից էին հակահրդեհային ջրավազանի, հրշեջ հիդրանտների, ազդանշանային համակարգերի բացակայությունը, հրդեհավտանգ տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման գծերի անցկացումը, խանութների դռները դեպի դուրս չբացվելը, 3500 քառակուսի մետրը գերազանցող երկհարկանի առևտրի սրահում հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգի բացակայությունը, գոյություն ունեցող համակարգերը անսարքությունը, կրպակաշարերի, տաղավարների տեղակայված չլինելը շենք-շինություններից 8 մետրից ոչ պակաս հեռավորության վրա, շինարարական հիմնատարրերի՝ հրապաշտպան լուծույթով պատված չլինելը և այլն:
Տիգրան Մուրադյանի վստահորդը վնասի փոխհատուցում չի ստացել, սակայն ճանաչվել է տուժող։ Այդ դեպքից հետո տնտեսվարողը «Սուրմալու» առևտրի կենտրոնում գործունեություն չի ծավալել։ Փաստաբանն ասում է՝ մինչև հիմա անցյալ տարվա հրդեհի համար պատասխանատվության ենթարկվածներ չկան։ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու»-ում բռնկված հրդեհի գործով քննությունը դեռ շարունակվում է։
«Ես պատրաստվում եմ դիմում ներկայացնել իրավասու կառուցներին, որպեսզի տեսչական մարմնի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվի»,- ասաց փաստաբան Տիգրան Մուրադյանը։
Օգոստոսի 14-ին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։ Հարցաքննվել են շուրջ 5 տասնյակ քաղաքացիներ, առևտրի կենտրոնի սեփականատերը, սակայն, առայժմ չի հարցաքննվել։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ, նախաքննությունը շարունակվում է։
Հանրությանը հուզող հարցը՝ ո՞րն է, ի վերջո, «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության պատճառը, դեռևս պատասխան չունի։ Կառավարության այսօրվա նիստում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ասաց՝ պայթյունի քրեական գործում տարբեր վարկածներ են քննարկվում։
«Այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ «ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, քանի որ ծուխ ու փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն»։
Արգիշտի Քյարամյանը հավելեց, որ այս պահի դրությամբ՝ քրգործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ:
«Երևանի պահածոների գործարանը», որը շահագործում է «Սուրմալու» առևտրի կենտրոնը, պաշտոնական տվյալներով, մեկ սեփականատեր ունի՝ 86-ամյա Ռազմիկ Զախարյանը։ 1991 թվականին նա նաև պատգամավոր է եղել։ Առևտրի կենտրոնի տնօրինության հետ կապ հաստատել չհաջողվեց։ Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 6 հեկտար տարածքով այս տոնավաճառում 19 վարձակալ կա։
Ավելի ուշ Դատախազությունից պարզաբանեցին, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազը չունի որևէ իրավասություն անմիջականորեն դադարեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը:
Հիշեցնենք՝ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, որոնցից մեկի անձը դեռևս հայտնի չէ։ Եվս երկու մարդ անհետ կորած է համարվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան