Թուրքիայի և Հունաստանի ՊՆ ղեկավարները հանդիպել են՝ Աթենքի ու Անկարայի լարված հարաբերությունների ֆոնին
Քաղաքականություն
17.06.2022 | 15:12Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպումը կայացել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։
Կողմերը հանդիպմանը նշել են բաց հաղորդակցության ուղիների կարևորությունը՝ տարաձայնությունների քննարկման և դրական օրակարգով երկխոսությունը շարունակելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև լարվածության թուլացմանը։
Հավելենք, որ վերջին շրջանում Աթենքի և Անկարայի հարաբերությունները ծայրահեղ լարված են։ Թուրքիայի իշխանությունները, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Հունաստանի հասցեին և նախազգուշացնում ապառազմականացնել Էգեյան ծովում հունական կղզիները։
Էմմա Չոբանյան