Մարդիկ ձևական սեփականատեր են նշվում 1000-ավոր ընկերություններում. պետությունը պետք է գործի. Մկրտիչ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.04.2022 | 20:02Իրական շահառուների բացահայտման համակարգում առանձնահատուկ տեղ է տրված լրագրողներին, հատկապես՝ հետաքննող լրագրողներին։ Նրանք կարող են անվճար օգտվել պետռեգիստրի ինֆորմացիայից, անել բացահայտումներ և ուշադրություն հրավիրել հնարավոր խնդիրների վրա։ Այս թեմայով Factor TV-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հարցազրույցների շարքի այսօրվա հյուրն է հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը Civilnet-ից։
-Մկրտիչ, ներածական խոսքում նշեցի՝ ինչ կարող են տեսականորեն անել հետաքննող լրագրողները։ Գործնականում ինչպե՞ս է դա արվում։
-Կարծում եմ՝ այն կարգավորումները, որ ներդրվեցին, 2020 թվականից սկսած՝ իրական սեփականատերերի բացահայտումը, մի քայլ առաջ էր մինչ այդ եղած կարգավորումներից։ Այդ համակարգի հայտարարագրերն օգնում են, որ դու տեսնես ինչ-որ ընկերությունում բաժնեմասերի կառուցվածքը, միջանկյալ ընկերությունները, տնօրենների կազմը և արդյո՞ք քաղաքական ազդեցություն ունեցող մարդիկ, պաշտոնյաներ այնտեղ ներառված են, թե՝ ոչ, և այլն։ Այս ամենը մի քայլ առաջ էր։
Իրականում սա շատ օգտակար բազա է լրագրողների համար, որոնք հետաքրքրված են։ Իհարկե, խնդիրներ կան, բայց եղած ռեսուրսը հետաքրքրված լրագրողների համար շատ մեծ բան էր։
-Կան դեպքեր, երբ շահառուների շղթան, այսինքն՝ ընկերություն, որ տիրապետում է մեկ այլ ընկերության, որը տիրապետում է մեկ ուրիշ ընկերության և այդպես շարունակ։ Վերջում հանգում ենք իրական շահառուների, որոնք օտարերկրյա քաղաքացիներ են։ Ինչպե՞ս պարզել՝ արդյո՞ք նրանք իրոք շահառուներն են, թե՞ նրանց անունով է գրված, բայց տիրապետում են ուրիշները։
-Այդտեղ ուղղակի պատ է։ Ես կարող եմ մի օրինակ բերել։ Երբ այս կարգավորումները դեռ չկային, և մենք զբաղբում էինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով, այնտեղ կար Շվեյցարիայի քաղաքացի Ժան Պոլ Բյուֆե անունով մի անձնավորություն։ Նախ՝ որևէ կերպ հնարավոր չէր նրան իդենտիֆիկացնել որևէ գոյություն ունեցող անձի հետ։ Ընդամենը մի բան էինք գտել, որ նա ունի փոստ, որը գործում է Շվեյցարիայի Ժնևի մի հասցեում։ Տարանք, այնտեղ գցեցինք թղթով համապատասխան նամակը, որ պատասխանի, բայց ոչ մի պատասխան չեղավ։
Հետո, գիտեք, շատ տարածված մի բան էլ կա, որ վերջնական սեփականատեր նշվում են անձինք, որոնք ձևականորեն սեփականատեր են հանդիսանում հարյուրավոր այդպիսի ընկերությունների։ Օրինակ՝ կիպրական ռեգիստրում տարածված բան է, որ մի անձը, որ, իբր, իրական սեփականատերն է, տնօրինում է հարյուրավոր կամ նույնիսկ հազարվոր այդպիսի ընկերություններ։ Նրա անունն այդպես ձևական գրվում է, և նա հանդիսանում է վերջնական, իրական սեփականատեր։ Ես կարծում եմ, որ այդտեղ ռեալ կարգավորումներ այս օրենքն էլ թույլ չի տալիս։ Այդտեղ պետությունը պետք է գործողություններ անի, բայց չեն արել, և կարծում եմ՝ չեն էլ անի։
-Դուք հոդվածների շարք ունեք մետաղական հանքերի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ։ Այնտեղ ի՞նչ խնդիրների եք հանդիպել իրական շահառուների բացահայտման և, ընդհանրապես, տվյալների հետ աշխատանքում։
-Նայեք, օրինակ, ես ինչո՞ւ եմ օգտագործում այս համակարգը։ Որովհետև Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում մի քանի բաժնետերերի տվյալների փոփոխություն գտել եմ հենց այս համակարգով։ Օրինակ՝ այնտեղ ընկերության, ըստ էության, 75 տոկոսը գերմանական «Քրոնիմետ» ընկերությանն էր պատկանում։ Եվ 2020 թվականին հանկարծ տեսանք, որ նոր հայտարարագիր էին տվել, որից ակնհայտ էր դառնում, որ ուղղակի «Քրոնիմետը» դուրս է եկել։ Կամ, օրինակ, ԶՊՄԿ-ում 12,5 տոկոս մի միջանկյալ ընկերության միջոցով առավ ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, և այդ տվյալը մենք նույնպես տեսել ենք իրական սեփականատերերի հայտարարագրում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Գարիկ Հարությունյան
This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.
Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։