«Ես չեմ ամաչում, բռնարարը պետք է ամաչի»․ ամուսինը հարկադրաբար խուզել է կնոջ գլուխը
Հասարակություն
15.03.2022 | 21:4437-ամյա Ա․Բ․-ն ամուսնությունից հետո է պարզել, որ իր ընտրյալը դատապարտված է եղել հորը դաժանաբար սպանելու համար։ Ամուսնությունից կարճ ժամանակ անց ամուսինը դաժան վերաբերմունքի է արժանացրել նաև կնոջը, այդ թվում և հղիության ընթացքում։ Ամեն ինչ սկսվել է հոգեբանական բռնությունից և վերահսկողական վարքագծից․ տղամարդը նախ մեկուսացրել է կնոջը բոլորից, թույլ չի տվել, որ նա առանց թույլտվության տնից դուրս գա, տանը ձայնագրիչ է տեղադրել, ստուգել է կնոջ հեռախոսը, նամակագրությունները։ Բռնարարի մայրը արդարացրել է կնոջ նկատմամբ բռնությունը, նորմալ է համարել, որ կինը առանց ամուսնու թույլտվության չպետք է դուրս գա տնից։
Ապա սկսվել է ֆիզիկական բռնության փուլը, որի ժամանակ կինը պարբերաբար հեռացել է տնից, սակայն ամուսնու ներողություններից ու խոստումներից հետո վերադարձել է։ Բռնությունները պարբերաբար կրկնվել են․ մի անգամ հատակը մաքրող փայտն է կոտրել կնոջ ծնկին, մեկ այլ անգամ տաք սուրճն է շփել վրա, երրորդ անգամ դանակով է սպառնացել։
Հղի կնոջ ներկայությամբ ամուսինը գոտիով մինչև արնաքամության հասցնելը ծեծել է իրենց տան շանը, իսկ հաջորդ անգամ ծեծի է ենթարկել կնոջը։
Բռունցքով դեմքին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո ընկած վիճակում սկսել է ոտքով հարվածել, ապա հարկադրաբար կտրել է կնոջ մազերն այնպես, որ գլխամաշկը տեսանելի լինի։ Հաջորդ օրը կնոջ տուն է եկել մազերը կտրող սարքով, որպեսզի «սանրվածքը» վերջնականացնի, ապա վերցրել է կնոջ անձնագիրն ու հեռացել։
«Հետն էլ շիշ էր բերել, ասում էր՝ կիսլատա (ազոտական թթու) է մեջը, սպառնում էր, որ դեմքիս կլցնի»,- պատմում է Ա․Բ․-ն։ Դեպքից մոտ մեկ տարի է անցել, կնոջ մազերը երկարել են, սակայն մինչ օրս նա չի կարողանում գեղեցկության սրահ այցելել․ «Դեպքից հետո երկար ժամանակ չէի կարողանում հայելու մեջ նայել, գլխարկով էի միշտ, որպեսզի գլուխս չտեսնեմ։ Չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը պիտի մազերիս կպնի, հիմա ամեն ինչ ինքս եմ անում․․․»։
Քրոջ խորհրդով Ա․Բ․-ն դիմում է Կանանց աջակցման կենտրոն, ապա տեղափոխվում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար նախատեսված ապաստարան։ Դրանից հետո նախկին ամուսինը բոլորին հայտարարում է, թե իբր կինը փախել է իր սիրեկանի հետ և ինքը չէ ապագա երեխայի հայրը։ «Գնում է տատիկիս գյուղ, այնտեղ ինձ որոնում, ամբողջ գյուղին հայտնում է, թե իբր ես սիրեկանիս հետ եմ փախել»,- պատմում է Ա․Բ․-ն։
Կինը դիմել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ արժանացել է անհարգալից վերաբերմունքի, վիրավորող մեկնաբանությունների ու հարցադրումների։ «Երբ ասացի, որ հղի վիճակում է ինձ ծեծել, ինձ հարցրին՝ «իսկ Ձեր փորը երևո՞ւմ է», հետո ասում էին «վա՜յ, որտեղի՞ց ես դրան գտել», «բա որ այդպիսինն էր, ինչի՞ ես գնացել-հետ եկել»,- հիշում է կինը։
Ա․Բ․-ի համար տհաճ է եղել ոստիկանությունում մի քանի անգամ պատմել, թե ինչպիսի դաժանությունների է ենթարկվել ամուսնու կողմից, իսկ հետաքննիչների մեկնաբանությունները պարզապես վիրավորական են եղել․ «Մի կին կա, ասում էր «ինչ էլ եկել ես ստեղ, ոտդ ոտիդ գցած պատմում ես, ինձ քո լիրիկական զեղումները չեն հետաքրքրում, կոնկրետ դեպքի վերաբերյալ փաստեր պատմիր, ո՞ր օրը, ո՞ր ժամին է տեղի ունեցել», բայց ես չէի կարող օրով ու ժամով պատմել, ես օրացույց չէի պահում, որ մեջը նշեի, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել բռնությունը»։ Կնոջ խոսքով՝ յուրաքանչյուր հարցաքննությունից հետո տուն հասնելուն պես լաց է եղել։
Պայքարը, սակայն, անարդյունք չի եղել․ բռնարար ամուսնու նկատմամբ պաշտպանական որոշում են կայացրել՝ արգելելով նրան մոտենալ կնոջը մեկ ամիս։ Թեև նախկին ամուսինը այդ օրվանից մինչ հիմա չի մոտեցել Ա․Բ․-ին, կնոջ վախն ու անհանգստությունը չի անցել, նրան հաճախ թվում է, թե փողոցում իրեն հետապնդում են։ Նախկին ամուսինը սպառնացել է, որ եթե անգամ կրկին բանտում հայտնվի, դուրս գալուց հետո կտոր-կտոր է անելու կնոջը։
Որոշ ժամանակ անց քրեական գործը Մալաթիայի բաժնից տեղափոխել են Մաշտոցի, իսկ ավելի ուշ Զվարթնոցի բաժին։ Այս բաժնի հետաքննիչը առավել հարգալից վերաբերմունք է դրսևորել կնոջ նկատմամբ։ Գործը դեռևս նախաքննության փուլում է, Ա․Բ․-ն նշում է, որ երբ սկսվի դատաքննությանը, ինքը չի ցանկանա ներկա լինել նիստերին, քանի որ չի պատկերացնում իրեն ու բռնարարին նույն տարածքում։
«Ես կրկին աշխատում եմ, իմ կյանքը կարծես կարգավորվել է, բայց վախերս վերջնականապես չեն անցել։ Ինձ առաջարկել են գնալ երկից, որպեսզի հեշտ հաղթահարեմ խնդիրը, բայց ես որոշել եմ մնալ, քանի որ ինձ մեղավոր չեմ համարում ու չեմ ամաչում, բռնարարը պետք է ամաչի»,- վստահ է Ա․Բ․-ն։
Կինը ընդհատել է հղիությունը քանի որ վստահ չի եղել, որ առողջ երեխա կծնվի, բացի այդ՝ բռնության հակված տղամարդուց չի ցանկացել երեխա ունենալ։
Արման Ղարիբյան