Ուկրաինան հայտարարել է, որ ՌԴ-ն գրոհ է սկսել հումանիտար միջանցքի ուղղությամբ
Քաղաքականություն
08.03.2022 | 18:23Ուկրաինայի Միացյալ ուժերի շտաբը հայտարարել է, որ Ռուսաստանը գրոհ է սկսել հումանիտար միջանցքի ուղղությամբ։ Այս մասին շտաբը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Խաղաղ բնակիչներին մեկ ճանապարհով տարհանելու համար քաղաքի պաշտպանները մի շարք միջոցներ են ձեռնարկել՝ մաքրել են ճանապարհները ականներից, հեռացնել ինժեներական ցանկապատները և այլն։ Սակայն զավթիչները երեխաներին, կանանց ու տարեցներին քաղաքից դուրս չեն թողել։ Հակառակորդը հարձակման է անցել հենց հումանիտար միջանցքի ուղղությամբ»,- ասված է շտաբի տարածած հայտարարության մեջ՝ այս գործողությունները որպես ցեղասպանություն որակելով։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին, որ Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքների բացումը։ Նշենք, որ սա մարդասիրական միջանցք կազմակերպելու չորրորդ փորձն էր։ Նախորդ երեքը խափանվել են։
Տաթև Ֆռանգյան