The Spectator world պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին

Լուրեր

19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
Բոլորը

Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հանդիպումների և հարցազրույցների, նա զրուցել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հոդվածում հեղինակը ներկայացրել է Հայաստան այցից իր տպավորությունները, ինչպես նաև օգտագործել է հատվածներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցից:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով.

Հոդվածի սկզբում Կապիլ Կոմիրեդդին անդրադառնալով նախորդ տարի Հայաստանի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի հակամարտությանը՝ նշում է. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զայրացած է, քանի որ հազարավոր քաջ և անձնուրաց հայ զինվորներ են սպանվել այդ պատերազմում…

Արմեն Սարգսյանն ինձ միակ հայ քաղաքական գործիչն է թվում, ում զայրույթն ուղեկցվում է ազգային զարթոնքի կառուցողական ծրագրով: Մի շարք քաղաքական գործիչներ անդադար բողոքում են դաշնակիցների կողմից լքված լինելուց կամ արտաքին ուժերի կողմից հարված ստանալուց, մինչդեռ Սարգսյանը կարծես թե ոգեշնչվում է այն ուսմունքից, որ «աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա». ազգերը, որոնք չունեն հավակնություններ, ձգտում, որոնք համակերպվում են այդ վիճակին, այս աշխարհում տեղ չունեն:

Հայաստանի հետ կապված ամենաուշագրավ փաստն այն է, որ այդ երկիրն ընդհանրապես գոյություն ունի. շատ քիչ երկրներ են դարերի ընթացքում անցել ավելի մեծ տառապանքների միջով, որքան այս փոքր կովկասյան հանրապետությունն է՝ տեղակայված Եվրոպայի ու Ասիայի ռազմավարական խաչմերուկում: Հայաստանը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին՝ առաջինն աշխարհի պետությունների շարքում, և այդ ժամանակից ի վեր նրա պատմությունը վերածվել է չվերջացող կռիվների տարեգրության: Մրցակցության մեջ գտնվող կայսրություններն այն հազարամյակներով վերածել են, ինչպես ասվում է Գիբբոնի անմոռանալի արտահայտության մեջ, «մշտական պատերազմի թատերաբեմի»: Ռուսները հեղեղում էին այն վերևից, արաբներն ու պարսիկները հոշոտում էին ներքևից: Իսկ թուրքերը, որոնք խժռել էին պատմական Հայաստանի ողջ արևմտյան ճակատը, քսաներորդ դարասկիզբ մուտք գործեցին 1.5 միլիոն հայերի կոտորածն իրականացնելով:

Ինչպե՞ս վերակառուցել արտաքին ագրեսիայից և ներքին կռիվներից բարոյալքված ազգը:

«Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց,- ասում է Սարգսյանը: – Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»: Փոփոխություններից մեկն, որն անհրաժեշտ է ազգի հոգեբանությունն ապաքինելու և Հայաստանի ապագան անվտանգ դարձնելու տեսանկյունից, ըստ Սարգսյանի, սահմանադրական բարեփոխումն է: Սա կարող է տարօրինակ թվալ, և ես թերահավատորեն էի մոտենում Սարգսյանի փաստարկին մինչև նախորդ ամառ Հայաստանով կատարած ճանապարհորդությունս: Պատերազմը բացահայտեց ոչ միայն Հայաստանի ռազմական ոլորտում եղած թույլ կողմերն, այլև սահմանադրության մեջ եղած բացերը:

2015 թվականին գրված ներկայիս սահմանադրությունը երաշխավորում էր առավելապես անհատների, ոչ թե ժողովրդի շահերը: Եվ քանի դեռ Հայաստանը չի ամրապնդել պատասխանատվության գաղափարը, չի ստեղծել իշխանության իրար հակակշռող ճյուղեր, և քանի դեռ անհատները չեն ստորադասվում ինստիտուտներին, այն կշարունակի խոցելի մնալ պոպուլիզմի, ինտրիգների ու քաոսի պայմաններում:

Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար:

Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ,- ասում է նա: – Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»:

Նախագահի պաշտոնն ստանձնելուց օրեր անց, երբ երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին, նոր նախագահն իր աշխատակազմին հայտարարեց, որ պատրաստվում է գնալ Հանրապետության հրապարակ, որը հեղափոխության բաբախող սիրտն էր:

«Խաղաղության պահպանումն ու բռնության կանխումն իմ բարձր պարտավորությունն էր իմ ժողովրդիս հանդեպ: Եթե ես մնայի նախագահական նստավայրում, դա կնշանակեր վախկոտ հրաժարում սեփական պարտականությունից»,- պատմում է Սարգսյանը:

…Անցած աշնանը Սարգսյանը հյուրընկալեց Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը՝ Դավոսի օրինակով երկօրյա համաժողով, որը միջազգային քաղաքական գործիչներին և բիզնես ոլորտի հայտնի դեմքերին բերեց Դիլիջան առողջարանային քաղաք։

Գագաթնաժողովից մեկ օր անց նա մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Այցը պատմական էր, քանի որ Սաուդյան Արաբիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սա ևս մեկ օրինակ էր, երբ Սարգսյանը օգտագործում է իր անձնական կապերի լայն շրջանակը, որը ձևավորվել էր մասնավոր ոլորտում իր գործունեության ընթացքում՝ ի շահ դժվարին վիճակում գտվող իր երկրի:

Նա, թերևս, պետության միակ ղեկավարն է, որը նաև գիտնական է. Սարգսյանը հավակնոտ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ խթանելու տեխնոլոգիական հեղափոխությունը իր երկրում:

Նրա ծրագրի ֆիզիկական հիմքերը դրվում են Advanced Tomorrow (ATOM) նախագծում, որը հավակնում է դառնալ կիբեր և գիտական նորարարությունների հանգույց: Նա գաղափարը ներկայացրել է տարբեր պետությունների ղեկավարներին և ներդրողներին։

Հայաստանում մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գլոբալ կենտրոնների զարգացմանն աջակցելու համար ՏՏ և տեխնոլոգիական խոշոր ընկերություններին համոզելը համեմատաբար հեշտ է եղել: Հայկական սփյուռքը, որն աշխարհի ամենաբարգավաճ և ազդեցիկներից մեկն է, ևս պատրաստ է օգնել:

Արմեն Սարգսյանի՝ Ազգի կոնցեպտը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ընդգրկելով աշխարհասփյուռ հայկական համայնքը։

Հայկական ինքնությունը՝ նրա գրականությունը, մշակույթը, խոհանոցը, ավանդույթները զարգացել են Հայաստանից դուրս։ Պատմականորեն հայերը կառուցել և կառավարել են այլ երկրների համար։ Կոստանդնուպոլսի ամենահարգված ճարտարապետը, օրինակ, հայ էր: Այսօր, սակայն, նման մարդկանց փորձառությունն ի օգուտ Հայաստանի չի օգտագործվում։ Կառավարությունում աշխատելու պահանջներից մեկը Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բնակվելն է։

Տաղանդավոր սփյուռքահայերին Հայաստան բերելը բախվում է մի շարք խոչընդոտների «անհեթեթ և անիմաստ կանոնակարգերի» պատճառով: Օրինակ, Նուբար Աֆեյանը, որը Moderna-ի համահիմնադիրն է, պետք է առնվազն հինգ տարի ապրի բացառապես Հայաստանում, որպեսզի իրավունք ստանա ծառայության անցնել Հայաստանի կառավարությունում: Ստացվում է, Երևանին պետք են նրա պատվաստանյութերը և բարեգործությունը, բայց ոչ նրա հմտությունը կամ ծառայությունը։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ», – ասում է Սարգսյանը։ Սփյուռքի առջև դռների բացումը սահմանադրական բարեփոխումների շարքում է, որը պաշտպանում է Սարգսյանը։

Եթե Սահմանադրությունը փոխվի, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:
Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երեք տարուց մի փոքր ավելի ժամանակ: Արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար. «Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»,- ասում է նա։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»: