Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ասեի ճիշտը․․․ ինչո՞ւ չասեցիր, գիտեի՛նք՝ կոռուպցիան կերել է․ պետք էր փոխել անվտանգային համակարգը․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.11.2021 | 19:02Factor TV-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
-Մի կարևոր տեղեկություն՝ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ նախագահի հրավերով անցկացվող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու առցանց՝ տեսակապի միջոցով: Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, այսինքն՝ բռնատիրական հակումներ ունեցող և ժողովրդավարությունը թիրախավորող պետությունները չեն մասնակցում այս համաժողովին: Հայաստանի ինչի՞ն է պետք մասնակցել նման համաժողովի. սովորական քաղաքացին ի՞նչ կշահի դրանից:
-Նախ՝ գագաթնաժողովը հեռավար ձևաչափով է կազմակերպվելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև բոլոր մասնակից երկրների համար, և նախատեսվում է, որ հաջորդ տարի գագաթնաժողով կանցկացվի առկա ռեժիմով: Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացուն պետք ժողովրդավարությունը… Բառացիորեն երեք տարի առաջ ՀՀ քաղաքացիները դուրս եկան հենց ժողովրդավարության բացակայության դեմ, այսինքն՝ սոցիալական արդարության դեֆիցիտի դեմ: Սոցիալական արդարություն կարող է լինել միայն ժողովրդավարության պայմաններում, սա աքսիոմա է: Միաժամանակ, ժողովրդավարությունը մեկընդմիշտ տրված չէ, այն ներառում է բազմաթիվ ինստիտուտներ՝ սկսած ընտրություններից, երբ քաղաքացիները կարողանում են ազատ իրենց կարծիքն արտահայտել և նրանց ձայները չեն կեղծվում:
-Ժողովրդավարությունը նաև քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմ է:
-Ժողովրդավարությունը քաղաքացիների իրավունքները և ազատությունները երաշխավորող համակարգն է, դրան զուգահեռ՝ պետք է լինի նաև իրավական պետություն:
-Մի բան, որը մեր քաղաքացին չի տեսել՝ ՀՀ անկախությունից ի վեր, տևական ժամանակ ոտնահարվել են քաղաքացու իրավունքները:
-Երկար տարիներ ՀՀ-ն ոչ ժողովրդավար իրավիճակում էր, երբ ընտրությունների արդյունքները կեղծվում էին, բռնություններ էին կիրառվում շարունակաբար և անպատիժ, բռնությունը համակարգային էր, հաշվետու և թափանցիկ կառավարում չկար և այլն: Այս ամեն ինչի հետևանքով առաջացան խնդիրներ, անարդարության զգացում, անպաշտպանվածություն, երբ տեղի ունեցավ 2018 թվականի պոռթկումը: Մարդիկ ոչ թե ընտրություններով իշխանափոխություն արեցին, այլ մեկ տարի առաջ ընտրված իշխանությանը հեռացրին… 2018թ. քաղաքացիների՝ ժողովրդավարությունն ընտրելու արդյունքում տեղի ունեցավ հեղափոխությունը, և նոր իշխանությունը ձևավորվեց դրա շնորհիվ: Կարո՞ղ ենք ասել, որ 2018 թվականից ՀՀ-ն այլևս ժողովրդավարական պետություն է, ոչ ոք այդպիսի բան չի ասում։ Ավելին, նույնիսկ քաղհասարակության կողմից ներկայացված փաստաթուղթը հենց այդպես էլ կոչվում է՝ «ՀՀ ժողովրդավարության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Այս իշխանությունն արե՞ց ժողովրդավարության վերականգնման համար բոլոր անհրաժեշտ քայլերը, իհարկե՝ ոչ: Բայց կարո՞ղ ենք այս ժամանակաշրջանը համեմատել նախորդ իշխանության ժամանակաշրջանի հետ, իհարկե՝ ոչ: Կա՞ն միտումներ, որ բնորոշ էին նախորդ իշխանության կառավարման ժամանակահատվածին, այո՛, հիմա էլ կան: Բարեփոխումներ տեղի չունեցան դատական իշխանությունում, Զինված ուժերում, անվտանգության համակարգը կազմող պետական մարմիններում, նաև հայեցակարգային փոփոխություններ չունեցանք, ըստ էության:
-Հայաստանն ինչքա՞ն շանսեր ունի կայանալու որպես ժողովրդավարական երկիր այս տարածաշրջանում՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Ակնհայտ չէ՞, որ Կրեմլը չի հաշտվելու ժողովրդավարության կայացման հետ և ունի գործիքներ՝ խոչընդոտելու համար: Օրինակ, Ալիևը՝ որպես ռազմական գործիք, ծառայում է ռազմական շանտաժով, Հայաստանից զիջումներ ակնկալելով՝ խոչընդոտել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը։
-Ռիսկեր կան, և այդ ռիսկերը մեր օրինակի վրա չպետք է գիտակցենք, այլ, օրինակ, Վրաստանի օրինակով, Ուկրաինայի օրինակով… Ռուսական բազա կա Հայաստանում, կար նաև Ղրիմում: Վրաստանն իր ժողովրդավարությունը և անվտանգային համակարգը միասնության մեջ տեսավ, իսկ Ուկրաինան և Հայաստանն այդպես չդիտարկեցին: Երբ փորձում ես քո պետական կառավարման բովանդակությունը, քաղաքական համակարգը, ինստիտուտները և այլն, ավտորիտարիզմից հրաժարվելով՝ տանել դեպի ժողովրդավարություն, շատ դժվար է, երկար, ժամանակատար պրոցես է։ Երբ պետական կառավարման համակարգը տեսնում ես ժողովրդավարության մեջ, բայց անվտանգային համակարգը չի համապատասխանում դրան, ստացվում է, որ դու փորձում ես նստել միաժամանակ երկու աթոռի վրա: Եվ սա «կարճ միացում» է տալու: Չի կարող ժողովրդավարությունը երաշխավորված լինել, եթե անվտանգային համակարգին նույնպես դա չի վերաբերվում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան