Պետականություն քանդող հարց է ռուսական դպրոցների բացումը․ ուզում ենք գաղո՞ւթ լինել, թե պետություն կառուցել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.10.2021 | 19:02Factor TV-ի հարցազրույցը Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ
-Պարո՛ն Բաբայան, ինչպես և սպասվում էր՝ պատերազմում թուլացած Հայաստանի նկատմամբ կան ոչ միայն արտաքին ճնշումներ, այլևս սուվերենության նկատմամբ ոտնձգության նմանվող երևույթներ։ Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը հայտարարում է, թե ՀՀ իշխանությունը հետաքրքրված է ռուսական դպրոցների բացմամբ, հետո իմանում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը Պուտինի հետ հավաքին պարտավորվել է պայքարել ժողովրդավարության, արևմտյան արժեքների դեմ։ Չափազանցվա՞ծ կլինի այն գնահատականը, որ մենք արժեքաբանական նահանջի ճանապարհին ենք։
-Կարծում եմ՝ այսպես կարելի է ձևակերպել․ տատանվելով մեր արժեքային ընտրության մեջ՝ մենք հայտնվել ենք այդ ճնշման տակ։ Եթե դու կոնկրետ չես որոշում, թե որ արժեքային համակարգն է քեզ հարազատ, արդյո՞ք կառուցում ես քո պաշտպանությունը աշխարհում ընդունված իրավական ձևաչափով, արդյո՞ք քո անվտանգությունն առաջին հերթին պայմանավորված է քո շահերով, թե՞ պարզապես փորձում ես գտնել մի որևէ երկիր, հովանավոր, որն ինքն էլ չի պաշտպանում ընդունված կարգը։ Ինքը կարող է դա թույլ տալ իրեն, քանի որ միջուկային զենք ունեցող երկիր է, չնայած չեմ ասի, որ այդ երկրի համար ամեն ինչ անհետևանք է անցնում։ Մենք գիտենք, թե ինչ պատժամիջոցների շրջանակում է այն գտնվում։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք կիսել Բելառուսի ճակատագիրը, որը որոշեց և կիսում է այդ ճակատագիրը։
-Չե՞ք համարի, որ առաջին քայլն արդեն արված է՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը Պուտինի գլխավորած հավաքում համաձայնվել է ժողովրդավարության, արևմտյան արժեքների դեմ պայքարել։ Իսկ ինչո՞ւ մենք չընտրեցինք մե՛ր արժեքային համակարգը՝ անգամ հեղափոխությունից հետո, երբ թվում էր՝ դա լավագույն զրոյական կետն էր։
-Նախ՝ ես համաձայն չեմ, որ դա առաջին քայլն է, ես կարծում եմ՝ դա հերթական քայլն է։ Առաջին քայլի մասին չխոսենք, երևի թե դա շատ վաղուց է կատարվել, բայց վճռորոշ քայլը կատարվել է 2013 թվականին, երբ Հայաստանը հրաժարվեց մեկ գիշերում ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և ստորագրեց մեկ այլ պայմանագիր, որը մեզ տարավ լրիվ ուրիշ արժեքային համակարգ։
-Նաև արժեքայի՞ն համակարգի ընտրություն էր Մաքսային միությանը, ապա՝ ԵՏՄ-ին միանալը։
-Միանշանակ, որովհետև սուտ է խոսվել, թե մենք կարող են տնտեսության իմաստով գտնվել մի վայրում, իսկ արժեքային համակարգը, մարդու իրավունքները լինեն ուրիշ։ Ես այստեղ, ճիշտն ասած, միայն մեկ մարդու չէի մեղադրի, ինչը փորձում են անել՝ մեղադրելով այն ժամանակվա ՀՀ նախագահին։ ՀՀ-ի նման մեկ ուրիշ երկիր հրաժարվեց ստորագրել, և ըմբոստացավ երիտասարդությունը, ուսանողությունը։ Մենք այդ բողոքը չտեսանք։ Սա վկայում է այն մասին, որ մեր հանրության համար, նաև նրանց համար, ովքեր շատ են խոսում ազգային արժեքների մասին, պետականության մասին, դրանք ոչ այնքան լի են բովանդակությամբ, ավելի շատ դեկլարատիվ են, դեմագոգիկ, կուսակցական, այդ պահին և ժամանակին օգտագործվող նեղ շահեր սպասարկելու համար։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը՝ որպես պետություն, թուլացած է և երևի թե հիմա ամենակարևոր հարցն է՝ ինչպես պաշտպանել պետությունը, ինքնությունը։ Այն երկիրը, որ մեզ թելադրում է նման մոտեցումներ, իրականում նա իր դաշնակիցներին ընտրում և փորձում է պահել թույլ վիճակում, որպեսզի նրանք լինեն ղեկավարելի։
-Վերադառնալով ռուսական դպրոցների բացման հարցին․ ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ-ում կրթության լեզուն հայերենն է։ Հայաստանի դպրոցներում ռուսերեն դասավանդվում է 2-րդ դասարանից։ Լեզուն նաև մարդու մտածողությունն է ի վերջո ձևավորում՝ ի՞նչ լեզվով ես գրականություն կարդում, սովորում, նույնը կարելի է հեռուստատեսության մասին ասել։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ռուսական դպրոցների բացումը, ինչի մասին Լավրովն է խոսում։
-Ես այնքան նշանակություն չէի տա ԱԱԾ տնօրենների հավաքին, որքան դպրոցների բացման թեմային։ Սա արդեն լուրջ հարց է, սա արդեն ինքնուրույն պետականություն քանդող հարց է։ Եվ, ցավոք, այդ հարցը բարձրանում են, որովհետև մենք մինչև հիմա չենք որոշել՝ մենք պետությո՞ւն ենք կառուցում, թե՞ ուզում ենք պարզապես գաղութ լինել։ Եվ որ մեր լեզուն մեր պետության ամենակարևոր հիմքերից մեկն է, և այստեղ հարց այն չէ, որ եթե իմանաս հայերեն, դու վատ ինֆորմացիա չես կարդա, եթե իմանաս ռուսերեն, վատ ինֆորմացիա կկարդաս ու կլսես։ Իրականում լավը այն կրթությունն է, որը քեզ սովորեցնում է վերլուծել ինֆորմացիան և սեփական կարծիք ձևավորել։ Բայց երբ քեզ փորձում են դարձնել վասալ, առաջին քայլը հենց դա է՝ զրկել քեզ պետական լեզվից։ Ի՞նչ է նշանակում բացել ռուսական դպրոցներ, երբ այստեղ չկա մեծ ռուսական համայնք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան