Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին:
Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Նշանակալի է Ձեր անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում:
Մեծապես արժևորում եմ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և համոզված եմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների համագործակցության շարունակական զարգացմանը և խորացմանը։
Ջերմությամբ եմ հիշում Երևանում և Բեռլինում կայացած մեր հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: