Կոռուպցիոն բացահայտումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում
Հասարակություն
03.06.2021 | 10:01ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից կաշառք, ինչպես նաև ապօրինի վարձատրություն տալու և ստանալու դեպքեր:
Այսպես.
Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Մ-ն, զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնը, տեղեկանալով քաղաքացի Ս.Ս-ի կողմից առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության և պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու դիմաց պահանջել և ստացել է կաշառք։
Պաշտոնատար անձը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի մարտի 10-ին շահառուին ենթարկել է կրկնակի փորձաքննության և առանց համապատասխան փաստական և իրավական հիմքերի նրան ճանաչել է երրորդ կարգի հաշմանդամ:
Վերոգրյալից բացի, Հ.Մ-ն, տեղեկանալով իր ծանոթի մոր՝ Ա.Վ-ի մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին, որպես հանձնաժողովի ղեկավար վերջիններիս օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան հետազոտություններ կատարելուց ու օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, առանց խոչընդոտների հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու և, ըստ այդմ, պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն տրամադրելու դիմաց ընդունել է խոշոր չափերի կաշառք տալու վերաբերյալ առաջարկը:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի մայիսի 26-ին Ա.Վ-ին ենթարկել է առաջնային փորձաքննության և առանց համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է վարչական վարույթի՝ բովանդակությամբ կեղծ արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ փորձաքննության հետազոտման արդյունքներով անձը ճանաչվել է երկրորդ կարգի հաշմանդամ։
Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ սոցիալական աջակցության «Գյումրի-1» տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, հանրային ծառայող Ա.Ա-ն Գյումրի քաղաքում հաշվառված, սոցիալական աջակցության ծրագրերի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիների՝ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու, ապա հաջորդող տարվա նպաստի վճարումը չդադարեցնելու համար 2011 թվականից մինչև 2021 թվականի մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:
Հիշատակված դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր, որոնցով կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կոռուպցիոն սխեմաներում ընդգրկված, այդ թվում՝ կաշառք տված, ստացած, նրանց օժանդակած անձանց ինքնությունները, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:
Հարուցված քրեական գործերով ձերբակալվել է չորս անձ, քրեական գործով բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 16 անձի:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ և զգուշացնում, որ այդ կապակցությամբ ցուցաբերելու է անհանդուրժողական մոտեցում ու հորդորում է ցուցաբերել օրինապաշտ վարքագիծ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: