Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար. Տիգրան Ավինյան

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել՝ «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» խորագիրը կրող հրապարակմամբ, որը ներկայացնում ենք ստորև.

 

Արհեստական բանականության կարևորությունը 21-րդ դարում

Արհեստական բանականությունը (ԱԲ) 21-րդ դարի ամենակարևոր տեխնոլոգիաներից է և ամբողջ թափով ընթացող Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Սահմանումներից մեկի համաձայն՝ արհեստական բանականությունը (ԱԲ) համակարգչային համակարգ է, որն ունակ է լուծելու սովորաբար մարդկային բանականություն և կարողություններ պահանջող խնդիրներ: Այն արդեն իսկ փոխակերպում է համաշխարհային քաղաքական ու տնտեսական կառուցակարգերը և շուտով ամբողջովին փոխելու է մարդկային ապրելակերպը:

Այս տեխնոլոգիան թափանցել է մարդկային գործունեության գրեթե յուրաքանչյուր ոլորտ՝ առողջապահությունից մինչև ռազմական գործ: Օրինակ՝ ԱԲ գործիքի շնորհիվ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ճշգրտության 90% արդյունք: Իսկ զարգացած երկրների բանակները արդեն շատ մոտ են ինքնավարությամբ օժտված «մարդասպան ռոբոտներ» (killer robots) ստեղծելուն:

ԱԲ-ն այսօր առանցքային ռազմավարական նշանակություն ունի ու տնտեսական զարգացման շոգեքարշերից մեկը կարող է դառնալ, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է կտրուկ ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը: Հեղինակավոր «PwC»-ի գնահատմամբ՝ մինչև 2030թ. ԱԲ կիրառման շնորհիվ համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 15,7 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

 

Մոտ ապագայում ավտոմատացման ու մեքենա-մարդ դերերի նոր բաշխման արդյունքում բարդ կարողություններ ու ստեղծագործական մոտեցումներ չպահանջող միլիոնավոր աշխատատեղեր կփակվեն, մյուս կողմից՝ կստեղծվեն միլիոնավոր նորերը: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներից մեկի համաձայն՝ մինչև 2022թ. ավարտը ԱԲ ազդեցությամբ 75 միլիոն աշխատատեղ կփակվի, իսկ 133 միլիոնը՝ կստեղծվի:

Հաշվի առնելով ԱԲ ռազմավարական կարևորությունը՝ զարգացած ու նույնիսկ զարգացող երկրները մրցավազք են սկսել ոլորտում գերակայության հասնելու համար՝ լայնածավալ ներդրումների ու թիրախավորված քաղաքականությունների միջոցով ձգտելով իրենց քաղաքացիներին, արդյունաբերությունը և ինստիտուտներին զինել ԱԲ դարաշրջանի համար անհրաժեշտ կարողություններով, գիտելիքով ու գործիքակազմով:

Գիտական ու փորձագիտական շրջանակներում համընդհանուր կոնսենսուս է ձևավորվում առ այն, որ երկրները, որոնք արագ կկողմնորոշվեն ու հեռանկարային ներդրումների միջոցով առավելագույնը կանեն ԱԲ-ն զարգացնելու համար, առաջատար դիրք կունենան նոր ձևավորվող աշխարհակարգում:

Չնայած ԱԲ ոլորտում ԱՄՆ-ն դեռևս առաջատարն է՝ Չինաստանը նախատեսում է 2030թ. դառնալ արհեստական բանականության հիմնարար ու կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնն աշխարհում: Միաժամանակ, համեմատաբար փոքր երկրները, այդ թվում՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Իռլանդիան, Ֆինլանդիան, Իսրայելը, նույնպես զգալի ձեռքբերումներ ունեն: Օրինակ՝ 2018թ. դրությամբ Իսրայելը ԱԲ ոլորտի ստարտափների քանակով շատ քիչ էր զիջում երկրորդ տեղը գրավող Չինաստանին (362-ը՝ 383-ի դիմաց), իսկ Իռլանդիան մեկ շնչի հաշվով ԱԲ մասնագետների առաջատարն է Եվրոպական միությունում:

Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը ևս կարող է տեղ գրավել առաջատար երկրների շարքում: Դրա համար, սակայն, պետք է օր առաջ խթանել ոլորտի զարգացումը:

 

Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում

Հաշվի առնելով ԱԲ բազմաթիվ կիրառությունները՝ այն Հայաստանի համար կարող է դառնալ թե՛ տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առաջընթացի գործիք, թե՛ ռազմական ոլորտում որոշիչ առավելություն ստանալու հնարավորություն: Հայաստանը զգալի ներուժ ունի նաև արհեստական բանականության հիմնարար հետազոտությունների (նոր ալգորիթմների ստեղծում բարդ մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ) կենտրոններից մեկը դառնալու համար:

Ըստ էության, ԱԲ-ի հիմնարար հետազոտությունները շատ մեծ ներդրումներ չեն պահանջում. հիմնականում անհրաժեշտ է լինում կայուն ինտերնետային կապ, որոշ դեպքերում էլ՝ սուպերհամակարգիչներ (օր.՝ ավելի բարդ նեյրոնային ցանցի ուսուցում անցկացնելու համար): Բացի այդ, մենք նշանակալի ժառանգություն, կայացած ավանդույթներ և համեմատական առավելություն ունենք Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում:
Ցավոք, Հայաստանի ամուր բնագիտական հիմքը դեռևս լայնորեն չի օգտագործվում ԱԲ զարգացման համար։ Չնայած մի շարք համալսարաններում վերջին տարիների ընթացքում բացվեցին արհեստական բանականության ուսուցմանը վերաբերող բակալավրի և/կամ մագիստրատուրայի ծրագրեր, ինչպես նաև ստեղծվեցին ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, ԱԲ ուսուցումը դեռևս գտնվում է սաղմնային վիճակում։ Բացի այդ, Հայաստանում չկան դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ինչը բերում է իրենց մասնագիտական գիտելիքները զարգացնել ցանկացող երիտասարդ «ուղեղների արտահոսքի» կամ գիտական թերաճի, ինչի պատճառով ոլորտը դանդաղ է զարգանում:

Հայաստանը մեծ ուշադրություն պետք է դարձնի նաև ԱԲ ինժեներիայի զարգացմանը, որը հիմնարար հետազոտությունների արդյունքում ստացված ալգորիթմների կիրառումն է մարդկային գործունեության տարբեր խնդիրների լուծման համար: Ալգորիթմը կիրառելու և այն որոշակի խնդրին ադապտացնելու համար անհրաժեշտ են լինելու իրական մարդկանց տվյալներ: Այստեղ արդեն մեծ կարևորություն է ունենալու պետության կողմից տվյալների հավաքագրումը, թվայնացումը և բազաների ստեղծումը, ինչպես նաև դրանց հասանելիության ապահովումը:

Արհեստական բանականության ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը

ԱԲ ազգային ռազմավարությունները և դրանից բխող գործողությունների ծրագրերը ոլորտի շահառուների գործունեության համակարգման ու ուղղորդման, մեկ միասնական քաղաքականության վարման շրջանակ են: 2017թ. Կանադայի կողմից ԱԲ զարգացման ռազմավարության հրապարակումից հետո 30-ից ավել երկրներ արդեն մշակել են նմանատիպ փաստաթղթեր՝ նպատակ ունենալով խթանել ոլորտում հեռանկարային գիտական ու կիրառական հետազոտությունները:

Հայաստանում ԱԲ առաջընթացի համար այսօր առաջնային խնդիրը զարգացման ազգային ռազմավարության մշակումն է: Ընդ որում՝ ռազմավարություն ասելով անհրաժեշտ է պատկերացնել ոչ թե կաղապարային փաստաթուղթ, այլ ոլորտի զարգացման կոնսենսուսային տեսլական ու դրան հասնելու կոնկրետ միջոցառումներ՝ կառավարության, մասնավորի ու գիտահետազոտական լայն շրջանակների ակտիվ ներգրավմամբ:

Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ի թիվս այլ միջոցառումների, կարող են առաջարկել՝

• Ներդնել ԱԲ-ի դոկտորական ու հետդոկտորական ծրագրեր, ընդլայնել ՏՀՏ ոլորտում կրթություն տրամադրող համալսարաններում ու կենտրոններում ԱԲ դերը,
• Օգտվելով սփյուռքում առկա հսկայական մարդկային ու սոցիալական կապիտալից՝ բնագավառի առաջատար միջազգային հաստատությունների համագործակցությամբ ստեղծել հետազոտական լաբորատորիաներ,
• Կազմակերպել բարձր որակավորում ունեցող հետազոտողների՝ հատուկ պայմաններով ներգաղթ Հայաստան,
• Պետություն-մասնավոր գործակցության մոդելն ընտրելով՝ ստեղծել հատուկ վենչուրային ֆոնդ, որը ներդրում կկատարի ԱԲ ոլորտի խոստումնալից ստարտափներում,
• Ապահովել երկրում ստեղծվող տվյալների հավաքագրումը, թվայնացումն ու հասանելիությունը, իրականացնել համակարգված ու միասնական քաղաքականություն պետական տարբեր գերատեսչությունների կողմից, ստեղծել այս գործընթացի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Կարծում եմ, որ պետություն-մասնավոր-գիտական հանրույթ արդյունավետ համագործակցության և նպատակային աշխատանքի միջոցով Հայաստանը կկարողանա մուտք գործել արհեստական բանականության ոլորտի առաջատար երկրների խումբ, ինչը ամուր հենարան կլինի 21-րդ դարում տեխնոլոգիական ցատկի և զարգացողից զարգացած երկրի կարգավիճակի հասնելու համար: