ՌԴ-ն է այս վտանգավոր խաղը սկսել Ադրբեջանի հետ․ Ալիևը հետ կքաշվի Մոսկվայի զանգից հետո․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.05.2021 | 22:32Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ
-Պարո՛ն Խուրշուդյան, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին այսօր ասել է, որ «սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»։ ՀՀ-ն դիմել է նաև ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին՝ աջակցության խնդրանքով, մոտ օրերս պատասխան է ակնկալվում։ Մենք վստա՞հ ենք, որ զինված ուժ են ուղարկելու այստեղ՝ Ադրբեջանին մեր սահմանից հեռացնելու։
-ՀԱՊԿ-ն դա Ռուսաստանն է՝ եկեք մեզ չխաբենք նրանով, որ ինչ-որ տաջիկներ կամ բելառուսներ հարց են լուծում այնտեղ, այն էլ՝ այսօրվա Բելառուսը․ դեռ երկու տարի առաջ կարող էինք ասել, որ Լուկաշենկոն ինքնուրույն խաղացող է։ Ղազախստանի մասով, քանի դեռ Նազարբաևն էր նախագահը, մենք կարող էինք ասել՝ ինքնուրույն խաղացող էր, շատ հարցերում ինքը հակադրվում էր Պուտինին։ Բայց հիմա թե՛ Ղազախստանը, թե՛ Բելառուսը, էլ ուր մնաց՝ Ղրղզստանը և Տաջիկստանը, լրիվ ենթակա են Մոսկվային։ Եթե ՌԴ-ում որոշում կայացվեց, որ իրենց սկսած խաղը․․․ ես կասկած չունեմ, որ իրենք են Ադրբեջանի հետ սկսել այս խաղը, շատ հեռու է գնում և իրենց համար վտանգավոր է՝ Արևմուտքի միջամտության տեսակետից, իրենք ուղղակի հեռախոսը վերցնում են, Ալիևին ասում են՝ լավ, թարգեցինք, և Ալիևը հետ է քաշվում, ոչ մի ռազմական միջամտություն։ Ո՞նց եք պատկերացնում՝ Ալիևը լավ իմանա, որ ռուսներն այդտեղ ռազմական միջամտություն պետք է իրականացնեն ՀՀ-ի օգտին, և ինքը սպասի, տեսնի՝ ե՞րբ է անելու կամ ռուսներին հազար տարի պե՞տք է դա։ Իհարկե՝ ոչ։ Իրենք ընդամենը կհասկացնեն, որ ստիպված են դադարեցնել և հետ քաշվել։
Ինչո՞ւ հիմա հետ չեն քաշվում, ինչո՞ւ ՌԴ-ն աներկբա և միանշանակ չի դատապարտել, ինչպես Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան, որ մեր ռազմական, տնտեսական դաշնակիցները չեն, դատապարտել են Ադրբեջանին, բայց ՌԴ-ն, որ բոլոր առումներով մեր դաշնակիցն է, հերիք չէ՝ չի արձագանքում հավուր պատշաճի, ընդամենն այստեղի բազայի ներկայացուցչի մակարդակով ընդունել են, որ այո՛, ադրբեջանական քարտեզները կեղծ են։ Զատուլինի հայտարարությունը նայեք, դա լրիվ ֆանտաստիկայի ժանրից է՝ հաստատում է, որ ՌԴ-ն է թույլ տվել երկրորդ Արցախյան պատերազմի սկսվելը։ Իսկ «թույլ տալ» ասելով՝ հասկացեք նաև հրահրել։ Զատուլինն ասել է՝ ՌԴ իշխանությունները դժգոհ էին ՀՀ իշխանությունների կեցվածքից, ինչը տարօրինակ է։ Իրենք ոչ նայում են, որ մենք իր ռազմավարական դաշնակից ենք, ՄԱԿ-ում մեր քվեարկություններին չեն նայում, այդ ամեն ինչը՝ հեչ, ի տարբերություն Ադրբեջանի, որ ՆԱՏՕ-ի զորք է բերում իր տարածք՝ Թուրքիայինը, Ուկրաինայի հարցով կողմ է քվեարկում կամ առնվազն՝ չեզոք։ Այդ ամենով հանդերձ՝ պարզվում է, որ Ադրբեջանն ավելի արժեքավոր է իր համար, ինչո՞ւ, որովհետև նա ինքնիշխան է։ Իսկ նա, ով իր կցորդն է, կարելի է նրա շահերի հաշվին ինքնիշխանին փորձել ներգրավել։ Ուրեմն՝ մենք պետք է դառնանք ինքնիշխան, ինչի միակ ճանապարհն այն է՝ մեզ դաշնակից փնտրենք։
-Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է․ «Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել։ Նստել, սկսել են հանգիստ պայմանավորվել, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը։ Խնդրել են մեզ աջակցության մասին, մեր զինվորականներն այդպիսի աջակցություն ցուցաբերել են, պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հույզերը բորբոքելու համար այս ոչ առօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»։ Ի՞նչ հասկացաք Լավրովի այս պնդումից։
-Ես ուզում եմ հիշեցնել դրան զուգահեռ Հայաստանի վարչապետի հայտարարությունն առ այն, որ թեև որոշ տեղերում ադրբեջանցիները հետ են քաշվել, բայց ամեն դեպքում՝ չի հանգուցալուծվել իրավիճակն ամբողջապես, և նա համարում է, որ մեծ իմաստով՝ բան չի փոխվել։ Տեսե՛ք տարբերությունը ՀՀ իշխանությունների և Լավրովի։ Երկրորդ համեմատությունը տեսեք՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին որակում է սադրիչ, ասում են՝ սադրանք եք արել և հետ քաշեք ձեր զորքերը։ Ֆրանսիան ասում է՝ ներխուժել եք ՀՀ տարածք և հետ քաշեք ձեր զորքերը։ Եվ տեսեք՝ մեր դաշնակիցն ինչ արձագանք է տալիս։ Ուրեմն՝ ի՞նչ է դա նշանակում, ակնհայտ չի՞, որ մեր դաշնակից կոչվածն է կանգնած այս ամեն ինչի հետևում, մանավանդ՝ ես արդեն ասել եմ, որ Կրեմլը երկու լրջագույն խնդիր է փորձում լուծել՝ միջամտում են ՀՀ նախընտրական գործընթացներին, որովհետև սա սկսվեց խորհրդարանը ցրելու հետո։
-Այսինքն՝ այս սադրանքի նպատակներից մեկը թեկնածուներից որևէ մեկին աջակցե՞լն է։
-Աջակցելու իրենց խամաճիկներին, խցկելու խորհրդարան, որպեսզի ՀՀ խորհրդարանում իրենց խամաճիկային ուժը լինի, և ինչքան խոշոր լինի, այնքան՝ լավ։ Այսինքն՝ սարսափեցնում են հայ ժողովրդին՝ ցույց տալու համար, որ գործող իշխանությունները և հեղափոխական ուժերը չեն կարող անվտանգային հարցեր լուծել, որովհետև ՌԴ-ի սրտով չեն, իսկ ա՛յ՝ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի իբր թե ընկերն է, գնացեք Քոչարյանին ընտրեք, թե չէ ավելի վատ կլինի, ավելի կսադրենք՝ Ադրբեջանը կգա, Թուրքիան կգա։ Սա առաջին խնդիրն է։ Եվ երկրորդ խնդիրն է՝ վերահսկողություն սահմանել Հյուսիս-հարավ լրջագույն կոմունիկացիոն պրոյեկտի հանդեպ, որն ընդամենը օրեր առաջ է ի հայտ եկել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան