Աշխատանք փնտրողների 65%-ը կանայք են
Հասարակություն
05.02.2018 | 18:21Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք աշխատանք փնտրելիս, ինչո՞ւ են գործատուները գերադասում չամուսնացած, երիտասարդ աղջիկների ընդունել աշխատանքի և ինչու՞ են կանայք ավելի շատ հայտնվում ստվերային աշխատաշուկայում: WomenNet.am-ը զրուցեց այս խնդիրների շուրջ ՀՀ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանիհետ, ով ներկայացրեց նաև պետական ծրագրերը, որոնք միտված են հեշտացնելու և խրախուսելու կանանց մուտքը աշխատանքի շուկա:
– Հայտնի է, որ կանանց մասնակցությունը աշխատաշուկայում շատ ավելի ցածր է քան տղամարդկանց, և դա միշտ չէ, որ բացատրվում է աշխատատեղերի բացակայությամբ: Ի՞նչն է խանգարում կանանց ներգրավմանը աշխատանքի շուկայում…
– ՀՀ զբաղվածության պետական գործակալության 2017 թվականի տվյալներով, աշխատանք փնտրողների թիվը կազմում էր 88-89 հազար, որից 57 հազարը կամ 65%-ը կանայք էին: Կանանց ցուցանիշը աշխատանք փնտրողների մեջ միշտ բարձր է եղել, ինչը հասկանալի է, որովհետև մենք գիտենք, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում կանանց տեսակարար կշիռը միշտ շատ ավելին է, քան տղամարդկանց: Սա բացատրվում է տարբեր հանգամանքներով. եթե դիտարկելու լինենք տարիքային խմբերը, ապա 24-25 տարեկանների մոտ պասիվությունը հիմնականում բացատրվում է նրանց կրթական համակարգում ներառվածությամբ: Սակայն ամենից մեծ խզումը կանանց ու տղամարդկանց միջև 25-34 տարեկանների խմբում է: Այս խմբի կանայք ամենաքիչն են ներգրավված աշխատաշուկայում, ինչը հիմնականում բացատրվում է ընտանեկան հանգամանքներով՝ ամուսնություն, ծննդաբերություն, երեխայի խնամք և այլն: Իհարկե, նման հանգամանքներով պայմանավորված նրանց պասիվությունը աշխատաշուկայում հետագայում հանգեցնում է մի շարք դժվարությունների, նույնիսկ այն դեպքում եթե այդ կանայք ունենում են կրթություն, քանի որ ժամանակի ընթացքում նրանք որոշակի գիտելիքներ ու հմտություններ են կորցնում: Նույնիսկ հոգեբանական խնդիրներ են ունենում երկար ժամանակ չաշխատելու հետևանքով՝ աշխատաշուկա ինտեգրվելու առումով: Այսինքն, նրանց ակտիվացնել է պետք, անհրաժեշտության դեպքում վերամասնագիտացնել, իսկ ովքեր մասնագիտություն չունեն նաև մասնագիտական դասընթացներ կազմակերպել և այլն:
Իհարկե մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսապես ակտիվ բնակչության թվում կանանց մասնակցության ցուցանիշը փոքր է, սակայն հւսադրող է, որ նրանք ակտիվորեն աշխատանք են փնտրում և դիմում են գործակալությանը աշխատանք գտնելու ակնկալիքով: Արդյունքում կանայք բավականին ակտիվորեն ներգրավված են զբաղվածության պետական ծրագրերում, օրինակ, բիզնեսի կազմակերպման ծրագրում ներգրվածների թվում կանայք շուրջ 50% են կազմում: Նաև մասնագիտական ուսուցման դասընթացներում շուրջ 70-80 %- ը կանայք են, այդ թվում նաև նրանք, ովքեր չունենալով մասնագիտություն ձեռք են բերում տարբեր աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտություններ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն մասնագիտություն, հնարավորություն են ստանում վերամասնագիտանալ:
Հաշվի առնելով կանանց, հատկապես երիտասարդ կանանց ցածր ներգրավվածությունը աշխատաշուկայում, 2018 թվականի համար մենք երկու նոր ծրագիր ունենք այդ ուղղությամբ: Դրանցից մեկն ուղղված է մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերին, որոնց համար մենք գործատուի մոտ կազմակերպում ենք մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ և ընթացքում նրանք ստանալու են կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով՝ մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային ծախսերը հոգալու և երեխայի խնամքը կազմակերպելու համար: Եվ երկրորդ ծրագիրը դարձյալ երիտասարդ մայրերին է ուղղված, որոնք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում են գտնվում, սակայն մինչև երեխայի 2 տարեկան դառնալը նրանք ցանկանում են վերադառնալ աշխատաշուկա և մենք աջակցում ենք նրանց այդ գործընթացում:
-Որքան էլ պետությունը տարբեր ծրագրերի միջոցով փորձում է խթանել կանանց մուտքը աշխատաշուկան, կա նաև նույն այդ աշխատանքի շուկայում կանանց խոցելիության խնդիրը, ինչի մասին վկայում են բազմաթիվ հետազոտություններ՝ կանայք ավելի շատ են զբաղված ստվերային շուկայում, կանայք տղամարդկանց համեմատ ավելի քիչ են վարձատրվում և այլն…
-Իրականում կա այն իրողությունը, որ կանայք ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Եթե մենք ուսումնասիրենք երկու հատվածները՝ պետականն ու մասնավորը, ապա պետական հատվածում նույն աշխատանքի դիմաց սեռով պայմանավորված վարձատրության խնդիր պարզապես լինել չի կարող: Ուրիշ խնդիր է, որ պետական ոլորտում բարձր պաշտոններ են զբաղեցնում ավելի շատ տղամարդիկ, քան կանայք, և ըստ այդմ էլ աշխատավարձերի տարբերություն է ի հայտ գալիս:
Կանանց ցածր վարձատրության խնդիրը կարելի է պայմանավորել նաև նրանով, որ Հայաստանում նրանք ավելի շատ ներգրավված են այն ոլորտներում, որտեղ վարձատրությունն ի սկզբանե ցածր է՝ գյուղատնտեսություն, առևտուր, կրթություն, առողջապահություն և այլն: Ստվերային զբաղվածության ոլորտում կանայք հաճախ համաձայնվում են աշխատել շատ ցածր վարձատրությամբ: Միաժամանակ տղամարդկանց թվում ավելի շատ գերիշխում են ինքնազբաղվածները՝ գործարարները, որոնք նաև գործատուներ են համարվում և, բնականաբար, նրանք ավելի շատ գումար են վաստակում: Այնպես որ կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը կարելի է բացատրել նաև այդ հանգամանքներով:
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունելիս գործատուների նախապատվություններին, ապա իսկապես, գործատուի համար ավելի նախընտրելի են երիտասարդ չամուսնացած աղջիկները, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մասնավոր սեկտորում աշխատաժամերը չնորմավորված են, աշխատանքային պայմաններն այնպիսին են, որ շաբաթ-կիրակի մարդիկ ստիպված են աշխատել, դրա համար նրանց ավելի ձեռք է տալիս ընտանիք չունեցող կամ չամուսնացած աղջիկները: Դրա համար էլ վերարտադրողական տարիքի կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում, հատկապես մասնավոր սեկտորում, սահմանափակված է, պայմանավորված ընտանեկան հանգամանքներով. կինը չի կարող թողնել իր երեխաներին և աշխատել հանգստյան օրերին կամ աշխատել արտաժամյա:
– Ինչքանո՞վ է պետությունը փորձում լուծել կանանց աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համադրման հետ կապված խնդիրները…
– Այստեղ դժվարություններն, իրոք, շատ են: Վերցնենք, օրինակ, մանկապարտեզների խնդիրը՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երեխային մանկապարտեզ տալու համար պետք է հերթագրվել, երբեմն տարի կամ ավելի սպասել, որպեսզի մանկապարտեզում երեխայի խնամքը կազմակերպվի: Սա, իհարկե, խնդիր է և պետական լուծում է պահանջում, որը բավականին կհեշտացնի կանանց ներգրավվածությունը աշխատաշուկա, որովհետև կինը չի կարող երեխային անընդհատ թողնել տատիկ-պապիկների խնամքին: Այո, այս հարցը իսկապես լուծում է պահանջում:
Կարծում եմ այդ խնդիրները կամաց-կամաց լուծվում են և իմ բերված երեք ծրագրերի օրինակները հենց այդ ուղղությամբ լուծումներ են ենթադրում: Եվ Կրթության և գիտության նախարարությունն էլ նույնպես ունի ծրագիր, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մայրերի կրթվել բուհերում: Այնպես որ կարող ենք հստակ ասել, որ քայլեր արվում են հատկապես երիտասարդ մայրերի զբաղվածության, նրանց աշխատաշուկայում ինտեգրելու ուղղությամբ և գուցե այդ ամենը ավելի դանդաղ է տեղի ունենում, քան կցանկանայինք, բայց այն, որ քայլեր արվում են, ակնհայտ է: